ԱՐՑԱԽԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ Է ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Արցախի մոռացման հաշվին սկսված հայ-թուրքական հաշտեցման գործընթացը հերթական վկայությունն է, որ Թուրքիային ու Ադրբեջանին հուսախաբ չանելու համար Հայաստանը փակել է արցախյան հիմնահարցի բանակցային կարգավորման օրակարգը։ Վստահաբար՝ 1988-ից սկսած՝ մեր երկիրը երբեք այսչափ զրոյական ազդեցություն չի ունեցել արցախյան հարցով զարգացումների վրա, որքան այսօր։ Փաշինյանական վարչակազմի թեթև ձեռամբ Արցախն օտարվել է մայր հայրենիքից, և այնտեղի անցուդարձին մենք, ցավոք, ընդամենը հետևում ենք իբրև ականատես, սակայն ազդեցության զրո հնարավորությամբ։ Անգամ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանական անցակետ տեղակայելու ալիևյան սպառնալիքը պատշաճ հակադարձման չի արժանացել։
Խաղաղության օրակարգի մասին պարբերաբար բարձրաձայնող Փաշինյանն իրականում ոչ միայն չի չեզոքացրել Հայաստանի դեմ պատերազմի սպառնալիքը, այլև իր հետպատերազմյան ապիկար կառավարմամբ ավելի է սեղմել օղակը մեր շուրջ։ Իսկ պատերազմի կամ բախումների վտանգի շեմին գտնվելը նախևառաջ օրվա իշխանության ձախողումն է։ Ճիշտ է, 1994-ից՝ առաջին հրադադարից ի վեր խաղաղությունը միշտ էլ հարաբերական է եղել, բայց ամեն դեպքում՝ Հայաստանը նախկինում երբեք չի ընկալվել իբրև ձախողված և ոչ ինքնիշխան պետություն, որի սահմաններն անորոշ ու չհսկվող են։
Պատերազմի ընթացքի և պարտության թեմայով իշխանությանն ուղղված մեղադրանքներն, իհարկե, ծանրակշիռ են, սակայն չարժե մոռանալ, որ պետությանը «մատուցած» Փաշինյանի ամենամեծ արջի ծառայությունն այդ պատերազմը մեր տուն բերելն էր, իր անհավասարակշիռ խոսքերով ու վարքով դրա փաստացի հրահրումը։ Եթե Փաշինյանն, իր իսկ պնդմամբ, երկուսուկես տարի բանակցում էր Արցախի կարգավիճակի անհստակության դիմաց յոթ տարածքի հանձնման շուրջ, ինչո՞ւ ներքին բանավեճ չհարուցեց այդ թեմայով, ինչպես իր երբեմնի հոգեհայր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Չէ՞ որ հեղափոխական ընտրազանգվածին նա խոստանում էր Արցախի հարցի ցանկացած լուծում զեկուցել ժողովրդին, Քոչարյանին ու Սարգսյանին էլ մեղադրում էր այդ հարցով գաղտնապահ լինելու համար։
Ստացվում է՝ Արցախի հարցում ամենաամոթալի ստերը նույնիսկ մինչև պատերազմը հեղինակել է հենց Փաշինյանը։ Հանրությանը կեղծ ապահովության զգացում ներարկելով, Ալիևին իբրև կառուցողական կողմ ներկայացնելով՝ նա նախ Արցախի հարցը հեռացրեց հանրային առաջնահերթությունների օրակարգից, ապա այդ թեմայով առհասարակ անջրպետվեց հանրությունից, իսկ վերջում զոհաբերեց հենց իրեն հավատացողների մի ամբողջ սերնդի մի մասին, մյուսներին էլ խորապես արհամարհեց։
Եթե մինչև պատերազմը փաշինյանական վարչախումբը պատկերացում չուներ Արցախի կարևորության և ճակատագրականության մասին, այսօր այն նրա համար հետվիրահատական բարդություն է, օտար մի մարմին, որը պետք է վերջնականապես հեռացնել օրգանիզմից, ազատվել այդ բեռից՝ «կառուցողական գործընկերների» առաջ պարզերես ներկայանալու համար։ Այդ ճանապարհին չկա ո՛չ ուղեգիծ, ո՛չ ապագայի գնահատում ու դրա մասին պատկերացում, ո՛չ էլ հավաքական քաղաքական պատասխանատվություն ոտնահարվող ազգային շահերի համար։
2018-ի նախընտրական ծրագրով «Իմ քայլը» դաշինքը խոստանում էր շարունակաբար բարձրացնել ՀՀ-ի և Արցախի անվտանգության մակարդակը։ Այս խոստման գլխովին տապալումից հետո Փաշինյանն անցել է ծրագրի երկրորդ փուլին՝ պարտության ինստիտուցիոնալ ու անժամկետ ամրագրմանը, որը պետք է լինի Արցախի հայաթափման, Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարման և Հայաստանից նորանոր տարածքային զիջումների գնով։