ԹԱՎԻՇԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Հայաստանի կառավարությունը մտադիր է մոտ ժամանակներս յոթերորդ անգամ աճուրդի հանել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը։ Որոշումն ընդունվել է հինգշաբթի օրը կառավարության նիստում՝ առանց զեկույցի և քննարկման, հաղորդում է Sputnik Արմենիան։
Նշենք, որ 2019-ին և 2020-ին ընդհանուր առմամբ կազմակերպվել է 6 աճուրդ, սակայն դրանք այդպես էլ չեն կայացել հայտերի բացակայության պատճառով:
Չկայացած յուրաքանչյուր աճուրդից հետո գույքի արժեքը նվազել է. եթե 2019 թվականի հունիսին դրա շուկայական գինը գնահատվում Էր 7,5 մլրդ դրամ, ապա այժմ 5,9 մլրդ դրամ է:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս»-ը վստահորեն կարելի է դասել հուշահամալիրային այն օբյեկտների շարքին, որոնք հիշեցնում են, թե ինչպես սկսեց համատարած թավիշով պատվել Հայաստանը: Դա նիկոլիզմի կողմնակիցների փլուզված հույսերի հուշարձանն է, որոնք երեք տարի առաջ հավատացին այն պատրանքին, թե նոր իշխանությունը «նախկիններից» խլելու է ժողովրդից թալանածը և իրեն (ժողովրդին) է վերադարձնելու ամբողջը՝ կոպեկ առ կոպեկ։ Վերջապես, դա թավշե իշխանության անիրազեկության և բարբարոսական վերաբերմունքի հուշարձանն է այն ամենի հանդեպ, ինչը կարող է արժեք ներկայացնել հայկական պետության համար։ Ընդհանուր առմամբ այդ հյուրանոցի պարագայում կառավարությունը իրեն պահում է պարտիզպանի շան պես։ Կարելի է լոկ կռահել, թե ինչ վնաս է հասցնում պետությանն այդ պահվածքը՝ եռամյա փաստացի պարապուրդի արդյունքում առնվազն չվճարված հարկերի տեսքով։
Նախորդ վեց ձախողված աճուրդները վկայում են այն մասին, որ հավանական ներդրողների համար օբյեկտը հետաքրքրություն չի ներկայացնում։ Ընդ որում հայտերի բացակայությունը նշանակում է, որ նման հետաքրքրություն չկա սկզբունքորեն, ընդհանրապես չկա։ Եվ առաջին հայացքից դա ապշեցուցիչ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է բարգավաճող բիզնեսի, որն ուղղված է հսկայական ներուժ ունեցող (նույնիսկ հիմա) զբոսաշրջության ոլորտի սպասարկմանը։ Այդուհանդերձ նույնիսկ երեք տարի անց և 6 աճուրդներից հետո հյուրանոցը գնել ոչ ոք չի ցանկանում։ Այնինչ դա բնավ տարօրինակ չէ, եթե նկատի առնենք երկրի ներդրումային մթնոլորտում այս կառավարության առաջացրած համատարած քաոսը, իրավական սանձարձակ կամայականությունը, ներքին և արտաքին անվտանգության խնդիրները։ Գումարած՝ տնտեսական ըմբռնելի քաղաքականության իսպառ բացակայությունը։ Բացի այդ, չմոռանանք, թե ինչ հսկայական վնաս հասցրեց այս կառավարությունը տվյալ օբյեկտի հեղինակությանը՝ վերածելով դա կորոնավիրուսով վարակվածների մեկուսարանի։
Ո՞ւմ կարող է հետաքրքրել օբյեկտը յոթերորդ աճուրդում։ Սա այսօր ակամայից ի հայտ եկող թերևս հիմնական հարցն է։ Տեղացի գործարարների՞ն։ Դժվար թե։ Նույնիսկ եթե նրանցից որևէ մեկի մոտ միտք ծագի գնել օբյեկտը, նա ամենայն հավանականությամբ կսպասի 8-րդ, 9-րդ, 10-րդ աճուրդին, շատ լավ տեսնելով, թե ինչպես է ապաշնորհ պետական կառավարումը տարեցտարի իջեցնում հյուրանոցի մեկնարկային գինը։ Կարելի է շարունակել սպասել, մինչև որ գինը նվազի չնչին գումարի։
Օտարերկրյա ստանդարտ ներդրողին նույնպես դժվար թե այսօր հետաքրքրի օբյեկտը։ Այն պարզ պատճառով, որով նա (օտարերկրյա ստանդարտ հավանական գնորդը) հետաքրքրություն չի ցուցաբերել նաև նախկինում. երկրի ապագայի քաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական անորոշություն։ Բայց կա ոչ ստանդարտ օտարերկրյա ներդրումային կապիտալ։ Դա թուրքականն է։ Նրա համար (թուրքական կապիտալի) Հայաստանի հեռանկարները նշված բոլոր ուղղություններով շատ ավելի կանխատեսելի են, և այս կառավարության հետ աշխատելն էլ կատարյալ հաճույք է։ Հայ-թուրքական մերձեցման մեկնարկած գործընթացը չի կարող ընթանալ առանց թուրքական զավթախուժման և թուրքական կապիտալի կողմից հայկական բիզնեսի կլանման։ Ուստի այսօր, ինչպես երբեք նախկինում, մեծ է Թուրքիայի ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական հեռանկարների, արտաքին անվտանգության հարցերի վրա։ Ակնհայտ է, որ այդ ազդեցությունն աճելու է և տարածվելու բոլոր ոլորտների վրա, նամանավանդ՝ տնտեսական։ Տվյալ համատեքստում չի բացառվում, որ «Գոլդեն Փելիս»-ի յոթերորդ աճուրդը վերջինը լինի։ Իսկ տեսանելի ապագայում այն վերանվանվի «Ալթին Փալաս»-ի։