ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ ՎԵՐԱԲԵՐՈ՞ՒՄ Է ՆՐԱ ՆԵՐԱԾԱԿԱՆԻՆ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկությունը հերթական, բայց ամենևին ոչ վերջին օղակն է իշխանության «սուրբ կովերի» զոհաբերման շղթայում։ Նիկոլ Փաշինյանն իր միանձնյա իշխանության բերումով նախ բութ գործիքի պես օգտագործում է թիմակիցներին սեփական դիրքերի ամրապնդման համար, իսկ պատեհ պահին՝ հավակնություններ ցուցաբերելու կամ թիմի ուղեգծից փոքր-ինչ շեղվելու դեպքում, նրանց դուրս շպրտում։ Հեռանալիս միայն այդ պաշտոնյաները հիշում են արժանապատվության և ինքնասիրության կատեգորիաների մասին, այն դեպքում, երբ տարիներ շարունակ Փաշինյանի թեզերի մոլեռանդ պաշտպաններն էին։ Նույն Հայկ Մարությանը միայն «սև-սպիտակի» բաժանման զարհուրելի թեզն առաջինը հնչեցնելու համար վաղուց պետք է հեռանար։
Փաշինյանն այսօր փաստացի ոչ թե կառավարում կամ իշխում, այլ ընդամենը տիրապետում է պետական համակարգին, քանի որ նա անհաղորդ է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման պատասխանատվության բովանդակությանը, նրա համար կարևորը միայն սեփական քաղաքական աղանդի թեկուզ ամենաանպատրաստ ներկայացուցչին տեղերում նշանակելն է։ Ո՛չ Հայկ Մարությանը, ո՛չ ընտրվելիք քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ո՛չ էլ հեռացող ու նշանակվող հարյուրավոր այլ պաշտոնյաներ արդարացման կամ պաշտպանության կարիք չունեն, քանի որ նրանք բոլորն էլ գիտակցաբար են մտնում այս օրհասական վիճակի քաղաքական պատասխանատուի դերի մեջ։
Բացարձակ իշխանության հաստատման ճանապարհին Փաշինյանը չի էլ նկատում, որ արդեն իր ամենամերձավոր համախոհներն անգամ իրավիճակի գնահատման վրա որևէ ազդեցություն չունեն։ Այլ կերպ ասած՝ սա ոչ թե խմբակի, այլ հենց մեկ անձի կամ ավելի ճիշտ՝ մեկ ընտանիքի տոտալ դիկտատուրա է։ Վարչապետի տիկնոջը Հայաստանում կարծես թե ոչ ոք քվե չի տվել, հետևաբար՝ ի՞նչ կարգավիճակով է նա մասնակցել պատերազմի կառավարմանը կամ հասարակական-քաղաքական գործընթացներին։ Հայաստանի ո՞ր ղեկավարի զավակներն են այսքան գերկարևորված և լրահոս թելադրող եղել, որքան Փաշինյան ընտանիքի երեխաները։
Հետպատերազմյան Հայաստանի ներքին փոխակերպումներով խփվեց վերջին մեխը ցուցափեղկային ժողովրդավարության դագաղի վրա, և այն փոխարինվեց սողացող բռնապետությամբ։ Նախատեսվող սահմանադրական փոփոխությունները, որոնց արդյունքում Փաշինյանն իրեն կօծի որպես նախագահ, հավակնում են ազդարարել բռնապետության նոր փուլի մեկնարկը։ Սեփական ժողովրդի նկատմամբ արհամարհանքի և ատելության ինչպիսի դոզավորում պիտի ունենա առաջնորդը, որ հետպատերազմյան ճգնաժամում հայտնված երկրի հազարավոր մարդասիրական խնդիրները լուծելու փոխարեն սեփական իշխանության բացարձակացման գործընթաց նախաձեռնի։ Թերևս համարում է, որ պարտությունը լուռ կուլ տալուց հետո հայ ժողովուրդը կմարսի նաև պետականաքանդ այս նոր արկածը, և իր իշխանավարման երկարաձգման հարցում որևէ չնախատեսված շրջադարձ չի լինի։
Փաշինյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ստորագրեց հապշտապ և միանձնյա, հավանաբար նույնիսկ առանց այն կարդալու և որևէ մեկի հետ այդ թեմայով խորհրդակցելու, և հաջորդ օրը բոլորը տեղեկացան, որ օրեր անց տարածքներ ենք հանձնելու, իսկ ահա սահմանադրական փոփոխությունների հարցով լայն քննարկումներ ու խորհրդակցություններ է հրավիրում, հանձնաժողով է կազմում ու տեքստ մշակում։ Եթե կապիտուլյացիոն ակտը հայկական շահի մասին որևէ դրույթ չէր պարունակում, ՀՀ Մայր օրենքը, հատկապես դրա նախաբանը, մեր պետական և ազգային իղձերի մասին է։ Եվ կարծես առավել քան հիմնավոր են այն կասկածները, որ Սահմանադրությունը փոփոխվում է թշնամու պարտադրանքով՝ դրա նախաբանը խմբագրելու և հայ ժողովրդին ազգային երազանքի փաստաթղթավորված վկայությունից ընդմիշտ զրկելու դավաճանական մղումով։