ՀԱՅԿԱԿԱՆ ՍԿԼԵՐՈԶ ԿԱՄ ԻՆՉՈՒ ԻՐԱՆՑԻՆԵՐԻՆ ՀԱՋՈՂՎԵՑ ՊԱՀՊԱՆԵԼ ԻՐԵՆՑ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ
Որոշ հայ «իմաստուններ» փորձում են հասկանալ, թե ինչպես հարևան ժողովուրդը կարողացավ պահպանել գրեթե ողջ Իրանական լեռնաշխարհը, իսկ մենք մերը` Հայկականը, ոչ։ Այս հարցի պատասխանը նույնիսկ պետք չէ փնտրել դարերի խորքում, խոշորացույցի տակ ուսումնասիրելով երկու հնագույն ժողովուրդների պատմությունը, բավական է միայն հայացք գցել ոչ վաղ անցյալի և ներկայի իրադարձություններին։
Եթե դիտեք Իրանի ռազմական շքերթի կադրերը, առաջինը, ինչ աչքի կզարնի, հաշմանդամ մարտիկների շարքերն են, նրանք նստած են իրենց անվասայլակների վրա, իսկ ծնկներին զոհված զինվորների լուսանկարներն են։ Հենց նրանց` «ջանբազներին», 1980-1988 թվականի իրան-իրաքյան պատերազմի վետերաններին է տրված Իրանի ԶՈւ մյուս ստորաբաժանումներից առաջ շարժվելու պատվավոր առաքելությունը։ Այդ թվում են նրանք, ովքեր պատերազմի ժամանակ 14-15 տարեկան էին։
Սադամ Հուսեյնի գլխավորությամբ Իրաքը «փոքր հաղթական» պատերազմ էր ծրագրում։ Նախատեսվում էր 10 օրվա ընթացքում Իրանից խլել վիճահարույց հատվածը` Շատ-էլ-Արաբ գետի արևելյան ափը, ինչպես նաև նավթով հարուստ Խուզեստան գավառը։ Գործնականում 1980 թվականի փոքր ռազմական օպերացիան վերաճեց XX դարի ամենաերկարատև հակամարտություններից մեկի։
Թեև իրանական բանակն իր թվով գերազանցում էր իրաքյանին, սակայն լրջորեն հետ էր ռազմատեխնիկական հագեցվածության առումով։ Սադամի կառավարությունը այն ժամանակ ԽՍՀՄ–ի և ԱՄՆ–ի կողմից սպառազինության տեսքով լուրջ աջակցություն ստացավ։ Բաղդադի կողմը բռնեց նաև արաբական պետությունների մեծ մասը, Թեհրանը միջազգային հարաբերական մեկուսացման մեջ հայտնվեց։
Այնուամենայնիվ, դա չկոտրեց պարսիկների ոգին, որոնք կոշտ դիմադրություն էին ցուցաբերում ամբողջ 8 տարի։ Պատերազմին մասնակցում էր ողջ բնակչությունը, այդ թվում՝ երեխաներն ու ծերերը։ 13-16 տարեկան աշխարհազորայինները, վատ զինված, գրեթե բոկոտն վազում էին ականապատ դաշտերով դեպի իրաքյան զորքերի դիրքեր` մաքրելով ճանապարհը ԻԻՀ հիմնական զորքի համար ու հազարներով պայթում դժոխային ականների վրա։
Հաշտություն ձեռք բերվեց միայն 1988 թվականի օգոստոսին. զորքերի դուրսբերումից հետո սահմանագիծը փաստացի վերադարձավ նախապատերազմյան վիճակին։ Իսկ արդեն երկու տարի անց, Քուվեյթի դեմ իրաքյան ագրեսիայից հետո, երբ արդեն Բաղդադը բախվեց ԱՄՆ գլխավորությամբ հզոր կոալիցիայի հակազդմանը, Հուսեյնը ստիպված էր համաձայնել կարգավորել հարաբերություններն Իրանի հետ։ Բաղդադը ճանաչեց Թեհրանի իրավունքները Շատ-էլ-Արաբի բոլոր ջրերի վրա, սահմանը սկսեց անցնել գետի իրաքյան ափով։
Արդյո՞ք այդքանով ավարտվեցին Իրանի համար ծանր ժամանակները։ Իհարկե ոչ։ Արդեն XXI դարում այն կրկին լուրջ արտաքին քաղաքական մարտահրավերների բախվեց` հայտնվելով Արևմուտքի ուժեղ ճնշման տակ։
Ծանր պահերից մեկը վրա հասավ 2018 թվականին. այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգները դուրս բերեց «միջուկային գործարքից» և կոշտ պատժամիջոցներ կիրառեց Թեհրանի նկատմամբ։ Նույն ժամանակաշրջանում նրա միջնորդությամբ(հսկայական աշխատանք այս մասով տարավ նախագահի փեսան` Ջարեդ Քուշները) համաձայնագիր ստորագրվեց Իսրայելի հետ արաբական երկրների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ(օրինակ, «Աբրահամի պայմանագիրը» ԱՄԷ–ի հետ)։ Թել-Ավիվը կոշտացրեց հակաիրանականհռետորաբանությունը` կոչ անելով աշխարհին մեծացնել ճնշումը ԻԻՀ–ի վրա, Թեհրանի վիճակն էլ ավելի բարդացավ։
Այնուամենայնիվ, դա չխանգարեց Իրանին ոչ միայն շարունակել պաշտպանել սեփական դիրքորոշումները, այլև առաջ մղել սեփական շահերը տարածաշրջանում։ Վերջին տասնամյակում Իրանին հաջողվեց կարևոր քաղաքական քայլ անել` ստեղծել այսպես կոչված«շիական աղեղը» (շիական կիսալուսին)` միավորելով Լիբանանի, Սիրիայի, Բահրեյնի, Իրաքի, Եմենի, Արևմտյան Աֆղանստանի նույնադավան եղբայրներին։Իրանցիները կարողացան միավորել իսմայիլականների (շիա իսլամի խոշոր ճյուղերից մեկի հետևորդներ-խմբ.) խմբերի և նույնիսկ սիրիացի ալավիների։
Թեհրանը, մնալովամերիկյան պատժամիջոցների տակ, ատամները սեղմած շարունակում է առաջ տանել իր օրակարգը` հասնելով «միջուկային գործարքի» վերականգնմանն ու սահմանափակողմիջոցների չեղարկմանը։
... Այսօր Թեհրանի փողոցներում հազիվ թե թանկարժեք ավտոմեքենաներով երթևեկող իրանցի այաթոլաներ կամ բարձրաստիճան պաշտոնյաներ տեսնեք։ Նախկին նախագահն էլ ընդհանրապես հասարակական տրանսպորտից է օգտվում։ Մի՞թե իրանցիները նման դիմադրություն են ցուցաբերում այն պատճառով, որ չեն ցանկանում լավ ապրել արդեն այսօր։ Մի՞թե այն պատճառով, որ շքեղության համը չգիտեն։ Բոլորովին։ Բանն այն է, որ նրանք գիտեն, ինչ է նշանակում պետական ռազմավարականշահը, որը նրանց համար անձնական այժմեական շահից շատ ավելի վեր է։
«Խաղաղության դարաշրջան» փաշինյանական ձևով
Մինչդեռ ամբողջ աշխարհը պատրաստվում է սպասվող գլոբալ ճգնաժամին, որը հղի է ռազմական հակամարտություններով, Հայաստանի իշխանությունը «խաղաղության դարաշրջան» է հռչակում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը լի է Բաքվի և Անկարայի հետ հաշտեցման օրակարգն առաջ տանելու վճռականությամբ։ Պատմությունը նորություն չէ, բայց ինչպես նախկինում, հիմա էլ քիչ հավանական է։
Տեսնելով այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ակամայից գալիս ես այն եզրակացության, որ սկլերոզը մեր ազգային հիվանդությունն է։ Զուր չէ, որ դեռ խորհրդային տարիներին տարածված էին հայերի սկլերոզի մասին կատակներն ու անեկդոտները։
Եթե կա մեկը, որ չի հիշում՝ հիշեցնենք։ Հաշտեցման ծրագիրը քարոզում էր դեռ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Նա իր համախոհների հետ կարծում էր, որ միայն ճանապարհների ապաշրջափակումը, այդ թվում՝ Թուրքիայի հետ, թող որ նույնիսկ ԼՂ կարգավիճակի հարցում զիջման ճանապարհով, կարող է փրկել Հայաստանի Հանրապետությունն ու թույլ տալ նրան զարգանալ տնտեսապես, ինչին հնարավոր չէ հասնել շրջափակման դեպքում։
Փաշինյանն այս առումով հեծանիվ չի հորինում, այլ միայն շարունակում է ժամանակին իր «հոգևոր հոր» կողմից մշակած ծրագիրը։ Եվ պատահական չէ, որ որպես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հայաստանյան հատուկ ներկայացուցչի հավանական թեկնածուներ հնչում էին Տեր–Պետրոսյանի շրջապատի մարդկանց անունները։ Արդյունքում իշխանությունները չնշանակեցին առաջին նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանին. սա չափից դուրս ակնհայտ կմատնանշեր կապը Տեր–Պետրոսյանի թիմի հետ։
Կանգ առան իշխանամետ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի թեկնածության վրա, նրա հայրը` Կարապետ Ռուբինյանը առաջին նախագահի համախոհն է, Տեր–Պետրոսյանի նախագահության տարիներին ՀՀՇ–ից պատգամավորական մանդատ ուներ և ՀՀ ԱԺ–ում դարձյալ փոխնախագահի աթոռն էր զբաղեցնում։
Այս որոշումից հետո հայ հասարակության մի մասի շրջանում անկեղծ իրարանցում առաջացավ` ինչպե՞ս է նման երիտասարդ, անփորձ քաղաքական գործիչը բանակցելու փորձառու թուրք դիվանագետների հետ։ Զվարճալի է։ Մի՞թե որևէ մեկը լրջորեն հավատում է, որ նա իրական բանակցություններ է վարելու։ Գործողությունների հրահանգներն արդեն վաղուց գրված են նախագծի հեղինակների կողմից, իսկ թե ով է ձևական կրում «բանակցողի» կոչումը` էական չէ։
Բացի այդ, ցանկացած դիմադրություն կանխելու նպատակով վարչապետը մի լավ թափ տվեց ողջ դիվանագիտական կորպուսը, և նրանք, ովքեր համաձայն չէին նման որոշման հետ, ստիպված էին լքել իրենց պաշտոնները։ Նույն մարտավարությունը կիրառվում է նաև բանակում, թեև գեներալները, որքան էլ պարադոքսալ է, պակաս վճռական էին և ավելի շատ ենթարկվող, քան դիվանագետները։
Կյանքի ճանապա՞րհ, թե՞ հեշտ ճանապարհ դեպի ծուղակը
Փաշինյանը դեռ նախընտրական արշավի ժամանակ էր ակտիվ քարոզում ճանապարհների ապաշրջափակման գաղափարը, հասարակ գյուղացուն ներշնչելով, որ ճանապարհները բացելուն պես ապրելն ավելի հեշտ և ուրախ կլինի։ Առաջին հայացքից ամեն ինչ շատ գրավիչ է։ Բայց սա միայն առաջին հայացքից։
Նման համառությամբ Սյունիքի միջով «միջանցք» բացելու պահանջը դնելով՝ Բաքուն և Անկարան հազիվ թե ղեկավարվեն հայ ժողովրդի շահերով։ Ի՞նչ խնդիրներ է կատարելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Նախ` դա հայերի վրա հզոր հոգեբանական ճնշում գործադրելու գործոն է։ Համոզված եղեք` ճանապարհի բացումն ուղեկցվելու է հզոր քարոզարշավով և ներկայացվելու է որպես թյուրքական աշխարհի հերթական հաղթանակ։ Ինչպես էլ Փաշինյանն անվանի այդ ճանապարհը, Ադրբեջանն ու Թուրքիան ներկայացնելու են այն որպես «հաղթանակի միջանցք», որպես «թյուրքական միջանցք»։
Երկրորդ նպատակը (առավել կարևոր) Վրաստանն է, որն այդքան հոժարակամ նախորդ բոլոր տարիներին մասնակցում էր առանց Հայաստանի իրականացվող տարածաշրջանային նախագծերին։ Անկարան, որի զավթողական նկրտումները միանշանակ տարածվում են հարևան սևծովյան պետության վրա, Սյունիքի միջով ճանապարհի բացման հետ մեկտեղ Թբիլիսիի վրա ճնշում գործադրելու լուրջ լծակ կստանա։
Հիշենք՝ 2017 թվականին հանդիսավոր կերպով գործարկվեց Հայաստանը շրջանցող Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին։ Վրաստանը տարանցման հնարավորություն ստացավ։ Հայաստանի միջով ճանապարհի բացմամբ շրջանցիկ ճանապարհը, որն առանց այն էլ շահութաբեր չէ, ընդհանուր առմամբ անպետք կդառնա։ Միառժամանակ։ Հայկական տարածքով անցնող ճանապարհի օգնությամբ Անկարան «ճնշելու» է Թբիլիսիին նրանից նոր զիջումներ ստանալու համար։
Ի դեպ Փաշինյանը գլխավոր հարցին չի պատասխանում. ի՞նչ երաշխիքներ կան, որ այն ճանապարհները, որոնք կբացվեն վաղը, չեն փակվի մյուս օրը։
Մեծ խելք ունենալ պետք չէ հասկանալու համար, որ երբ Հայաստանը տնտեսապես շունչ քաշի, նրա թթվածինը ցանկացած պահի կփակեն։ Բավական է միայն Անկարան և Բաքուն որևէ սադրանքի դիմեն, մեղադրեն դրանում Երևանին, և անմիջապես ճանապարհները փակելու ու սահմանների վրա կողպեք դնելու առիթ կստեղծվի։ Եվ ի՞նչ ենք անելու այդ դեպքում։ Դարձյալ անօգնական կերպով միջազգային հանրության աջակցությո՞ւնն ենք հայցելու, նա էլ «խորը մտահոգությո՞ւն» արտահայտի։ Թե՞ կրկին տարածքային զիջումների ենք գնալու։ Իհարկե ի պատասխան մենք ևս կարող են փակել ճանապարհները։ Միայն թե մի բայց կա. նրանք այլընտրանքային ճանապարհներ ունեն, իսկ մենք` ոչ։
Ինչ վերաբերում է Սյունիքի ճանապարհին մաքսակետեր տեղադրելու մեր իշխանության ծրագրերին, ապա դա միայն դառը հեգնանք է առաջացնում։ Հատկապես անհեթեթ են հնչում նման հայտարարությունները ՀՀ ԱԽ քարտուղարի շուրթերից։ Այնքան անհեթեթ, որ ուզում ես հարցնել. այս պաշտոնյան անվտանգության ոլո՞րտն է համակարգում, թե՞ երկրի մաքսային ծառայության գլխավոր աշխատակիցն է։
Եթե նա ավելի լավ է գլուխ հանում մաքսատուրքերից, քան պետական անվտանգության հարցերից, գուցե նրան տեղափոխեք այն ոլորտ, որտեղ նա ավելի մեծ օգուտ կտա։ Առավել ևս, որ վարչապետը կադրերին ամեն ամիս խաղաքարտերի պես վերադասավորում է։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն Փաշինյանին սպառիչ պատասխան է տվել. Սյունիքի ճանապարհին մաքսակետ տեղադրելուն պես նույնը տեղի կունենա Լաչինի միջանցքում։
Ճանապարհների հետ կապված գաղափարը թուրքական նախագիծ է։ Հեշտ ուղիներ փնտրող ՀՀ իշխանությունը, հրաժարվելով դիմադրելուց, դարձյալ ծուղակի մեջ կհայտնվի։ Եվ թող այդժամ ոչ ոք հրապարակներում չբղավի, թե մեզ ինչ–որ մեկը դավաճանել է դրսից և ստիպել գնալ սեփական շահերի դեմ։ Եթե որևէ մեկը դավաճանում է մեզ, դա հենց մենք ենք։
Կարինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Sputnik Արմենիա