ՈՐԲԱՑԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ
Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…
Գյուղատնտեսության նախարարության լուծարումը, Էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում իրական հատվածի երկու կարևորագույն ճյուղերի՝ արդյունաբերության և գյուղատնտեսության միավորումը հանգեցրին ինչպես առաջինի, այնպես էլ երկրորդի հետադիմության։ Եվ սա զգացողություն չէ, ոչ էլ փորձագիտական կարծիք, այլ պաշտոնական վիճակագրության ցուցանիշներ։ Այսպես, կառավարությանը 3,5 տարվա ընթացքում չհաջողվեց դուրս բերել ագրարային մասնահատվածը մինուսից. նույնիսկ նախորդ դեպրեսիվ տարվա չնչին բազայի համեմատ։ Անցած ամիսների արդյունքներով գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է ընդամենը 98,5%:
Գյուղատնտեսության ոլորտի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Վարդան Ալեքսանյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ներկայացնում է ցուցանշական թվեր: Այսպես, դեռևս 2014-ին Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալները դրամական արտահայտությամբ հասել են 983 մլրդ դրամի, իսկ 2020-ին այդ ցուցանիշը նվազել է 164 մլրդ դրամով կամ 16,7%-ով։ Բացի այդ, դեռևս 2007-ին բուսաբուծության համախառն արտադրանքն արտահայտվել է 429 մլրդ դրամով, իսկ 2020-ին այդ ցուցանիշը նվազել է մինչև 384 մլրդ դրամի (10,5% անկում)։ Արտադրության ծավալների անկման խորապատկերին կտրուկ նվազել են բնակչության մեկ շնչի հաշվարկով այնպիսի ագրարային մթերքների սպառման միջին ցուցանիշները, ինչպիսիք են կարտոֆիլը, բանջարեղենը, ցորենի մթերքները և այլն:
Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա այս տարվա 10 ամիսների ընթացքում 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է ընդամենը 1,1 %, ընդ որում իշխանությունները հաջողացրել են արդյունաբերական մետաղների բարձր գների շրջանում մինուսի իջեցնել նույնիսկ առաջատար լեռնահանքային ոլորտը, որի արտադրանքն իրացման խնդիր ընդհանրապես չունի։ Դրա համար, ինչպես ասում են, պետք էր սաստիկ ջանալ։ Ընդ որում, մշակող հատվածը, որի հետ «հեղափոխական» իշխանությունը առանձնակի հույսեր էր կապում, հազիվ դուրս եկավ մինուսից, գրանցելով ընդամենը 0,2% աճ։
Համեմատության համար նշենք, որ 1997 թվականի մարտին նորանշանակ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը պետբյուջեն ընդունեց 4-ից 9 ամիս կուտակված պարտքերով, իսկ արդեն մեկ տարի անց կառավարությունը ոչ միայն մարել էր բոլոր պարտքերը, այլև բարձրացրել բյուջետային աշխատողների աշխատավարձը 30%-ով: Եվ եթե չլիներ այդ պահի դրությամբ կուտակված արտաքին պարտքի սպասարկման համար պատկառելի գումար հատկացնելու պարտավորությունը, ապա աշխատավարձը, Քոչարյանի հավաստմամբ, հնարավոր կլիներ բարձրացնել 100-150%-ով։ Բացի այդ, երիտասարդ վարչապետը հենց սկզբից կանոնավորապես այցելում էր արդյունաբերական ձեռնարկություններ, լսում և լուծում նրանց խնդիրները, ամեն կերպ նպաստում նոր արտադրությունների բացմանը։ Այսպես, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի բացման ժամանակ գրպանը դնելով կտրած կարմիր ժապավենը՝ կառավարության ղեկավարն արտահայտվեց այն ոգով, որ մեկ-երկու տարի անց այդպիսի ժապավենների հավաքածուն դժվար թե տեղավորվի իր գրպաններում…
Բացի գյուղնախարարության լուծարումից, «հեղափոխական» իշխանությունը փակեց նաև երկրի համար կարևորագույն Էներգետիկայի նախարարությունը, բարդելով դրա գործառույթները անասելի ծանրաբեռնված Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ուսերին: Եվ այստեղ էլ անմիտ գործողությունների արդյունքն իրեն երկար սպասել չտվեց։ Կարևոր էներգետիկ ծրագրերը սկսեցին արգելակվել։ Այսպես, նախատեսվածից երկու տարի ուշ ավարտվեց Հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգման ծրագիրը, իսկ հայկական էլեկտրաէներգիայի արտահանումն ավելացնելու գործում մեծ դեր խաղալու կոչված Իրան-Հայաստան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության վերջը չի երևում։ Դրա հետևանք դարձավ «Հրազդան-5» ՋԷԿ-ի անշահութաբերությունը և այնուհետ աշխատանքի վերջնական դադարեցումը։
Իսկ այսօր մեզ կանգնեցնում են 2022 թվականի փետրվարի 1-ից՝ Փաշինյանի կառավարման համեմատաբար կարճ ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի սակագնի արդեն երկրորդ բարձրացման անխուսափելիության առջև։ Չենք խոսում արդեն 2022 թվականի հունվարի 1-ից ջրմուղկոյուղու ծառայությունների սակագնի բարձրացման մասին, թեև հանրահավաքների ժամանակ վարչապետը երդվում էր, թե նման բան չի լինելու։ Ինչպես ասում էր դասականը, ապաշնորհ իշխանությունն ապաշնորհ է ամեն ինչում, ինչին որ դիպչի…