ԱՆԿԱՐԱՆ ՈԳԵՎՈՐՎԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ՝ ԲԱՅՑ ՍՓՅՈՒՌՔՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է

«Մենք բավական զարմացել էինք հունիսի ընտրություններում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակով, որն ավելի քան 50 տոկոս ստացավ պատերազմից հետո, որում պարտվել էր Ադրբեջանին»։ Այս մասին Middle East Eye-ին ասել է անունը չնշած թուրք պաշտոնյան։

«Նրա ընտրվելը մեզ դրդեց խոսել Հայաստանի կառավարության հետ իրավիճակի կարգավորման մասին, որովհետև հիմա նա ուժեղ մանդատ ունի, իսկ նրա ժողովրդականությունը մատնանշում է, որ հայ ժողովուրդը նույնպես փոփոխություններ է ցանկանում»։

«Փաշինյանը բազմիցս հաստատել է, որ շահագրգռված է Թուրքիայի հետ սահմանների բացմամբ և կարգավորման գործընաց սկսելով։ Ամռանն Անկարան փորձեց ինչ-որ ժեստեր անել, բայց չկարողացավ հասնել հաջողության «որոշ անսպասելի» իրադարձությունների պատճառով, ասել են թուրք պաշտոնական անձինք։

Ադրբեջանի կառավարության հետ խորհրդակցություններից հետո աշնանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակայնորեն «երեք գումարած երեք» պլատֆորմ ստեղծելու կոչ արեց, որի մեջ մտնելու են Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը և Հայաստանը՝ լիակատար տարածաշրջանային հաշտեցման համար։ Այդ ընթացքում Անկարան ուղղակի շփումներ սկսեց Երևանի հետ։

«Հիմա, երբ Լեռնային Ղարաբաղի խնդիրը զգալիորեն լուծված է Ադրբեջանի համար, թուրք պաշտոնական անձինք վստահ են, որ լուծումն ավելի քան հավանական է»։

Թուրք պաշտոնական անձինք հայտարարում են, որ ամենամեծ տարբերությունն այն է, որ երկու կողմերը չեն փորձում հասնել լիակատար հաշտեցման, ինչպես դա եղավ 2009թ.։

«Այս անգամ մենք կենտրոնանալու ենք միայն կարգավորման քայլերի վրա։ Եվ մենք ծրագրում ենք դա անել աստիճանաբար, քայլ առ քայլ՝ հիմնված փոխադարձ վստահության և առաջընթացի վրա»,- ասել է թուրք պաշտոնյան։ «Վեճն այն մասին, թե ինչպես անվանել 1915թ. իրադարձությունները (Հայոց ցեղասպանություն – խմբ.), կամ այլ հարցեր չեն մտնում մեր օրակարգի մեջ»։

Թուրք պաշտոնական անձինք կարծում են, որ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի և Հայաստանի միջև կծառայի տարածաշրջանում ավելի լայն անվտանգությանը և կայունությանը։

Պաշտոնական անձինք ասում են, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար ավելի շատ պլյուսներ, քան թե մինուսներ կան, և կարծում են, որ Ռուսաստանը չի խոչընդոտի այդ գործընթացին։

Սակայն թուրք պաշտոնական անձինք մտահոգ են, որ հայկական սփյուռքը Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում կարող է «խափանել» գործընթացի կարգավորումը Հայաստանում հանրային քարոզչության իրականացման և նրա քաղաքական կապիտալի օգտագործման ճանապարհով։ «Մենք խնդրել ենք մեր արևմտյան բարեկամներին, այդ թվում ամերիկացիներին, օգնել մեզ կանխելու սփյուռքի հնարավոր սադրանքները»,- ասել է թուրք պաշտոնյան։

Թուրք պաշտոնական անձինք նաև նշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման գործընթացը նախկինի պես կարևոր է հայ-թուրքական բանակցությունների համար։ «Ցանկացած հնարավոր ռազմական բախում կողմերի միջև կազդի մեր դիվանագիտական բանակցությունների վրա»,- ասել է թուրք պաշտոնյան։ «Բայց մենք առանձին ուղի ունենք, և այն իր սեփական գիծն ունի»։

News.am