ԽԱՂԱՔԱՐՏԻՆ ԵՆ ԴՐՎԱԾ ՏԱՍՆՅԱԿ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ
Հայաստանի առողջապահության նախարարությունը արձագանքել է Սահմանադրական դատարանի որոշմանը՝ հակասահմանադրական ճանաչելու կորոնավիրուսի պարտադիր տեստերն իրենց հաշվին հանձնելու աշխատակիցներին ներկայացվող պահանջը, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ Դատարանը, հիշեցնենք, համարել է, որ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի հրամանով սահմանված պահանջը դուրս է նրա իրավասության սահմաններից։
«Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի բոլոր հավելվածների հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին»,- ասված Է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ: Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ պետությունը չի երաշխավորում ՊՇՌ տեստավորումը արտոնյալ և անվճար պայմաններով, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն տեստավորում, համարում են գերատեսչությունում:
Բայց անհնար է լռել։ Զարմանալի կլիներ, եթե Առողջապահության նախարարությունն այլ կերպ արձագանքեր այդ որոշմանը և յուրովի չմեկնաբաներ դա։ Այո, ըստ այդ կառույցի վարկածի՝ ստացվում է բացարձակ անհեթեթություն. պետությունը չի վճարում տեստավորման համար, իսկ «իր հաշվին»-ը հակասահմանադրական է։ Այն պայմաններում, երբ տեստավորման ֆինանսավորման երրորդ աղբյուր բնության մեջ գոյություն չունի, Առողջապահության նախարարությունն այնուամենայնիվ պահանջում է տեստավորվել։ Անհեթեթությունն ուրիշ ո՞նց է լինում։
Թեպետ, այդ ե՞րբ են նման «մանրուքները» հուզել այս իշխանությանը։ Երբեք։ Եթե ինչ-որ բան անօրինական է, ապա կփոխեն օրենքը, եթե ինչ-որ բան հակասահմանադրական է, կսրբագրեն Սահմանադրությունը, եթե ՍԴ-ի որոշումը դուր չի գալիս, ապա կհիշեն Հրայր Թովմասյանի գրչի պատմությունը և կարող են դիմել ճնշման նմանատիպ մեթոդների, հնարավոր է՝ գրենական այլ պիտույքների կիրառմամբ։ Ծայրահեղ դեպքում կարող են կազմակերպել դատարանի պաշարումը կամ առհասարակ կողպեք կախել ՍԴ-ի դռանը, նախաձեռնելով նրա լուծարում՝ բարեփոխումների անվան տակ։
Մի խոսքով, ռեժիմի զինանոցում քիչ չեն փորձարկված միջոցները։ Թե դրանցից որ մեկը կկիրառվի այս անգամ, դժվար է ասել։ Փոխարենը ակնհայտ է իշխանության շարժառիթը՝ ՍԴ-ի վճռին չենթարկվելու հարցում։
Այն օրը, երբ Սահմանադրական դատարանը հրապարակեց այդ որոշումը, առողջապահության նախարարը հրապարակեց փաստեր և թվեր, որոնք վերաբերում էին երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, պատվաստումներին և այլն։ Ահա ուրեմն, պարզվեց, որ այսօրվա դրությամբ, այսինքն՝ դեկտեմբերի վերջին, ՀՀ աշխատող քաղաքացիների 60%-ն արդեն պատվաստվել է։ Դա նշանակում է, որ մի կողմից՝ աշխատող քաղաքացիների 40%-ը հոկտեմբերի 1-ից սկսած նախընտրել է տեստավորումը պատվաստումից։ Մյուս կողմից՝ 40% կազմող չպատվաստված քաղաքացիները տեստավորման հավանական կլիենտներ են։
Եվ ամենակարևորը. 40%-ը՝ դա մոտավորապես 260 հազար մարդ է, որոնք հոկտեմբերից պարտավոր են եղել ընտրություն կատարել պատվաստումների ու տեստավորման միջև և գիտակցաբար ընտրել են երկրորդ տարբերակը:
Այժմ դիտարկենք իրավիճակի ֆինանսական տեսանկյունը։ 260 հազար մարդ գրեթե երեք ամիս շարունակ պարտավոր է եղել ամսական առնվազն երկու անգամ (նախքան ամենշաբաթյա տեստավորման պահանջը) տեստեր հանձնել իր հաշվին։ Ենթադրենք, թե մոտ 50-60 հազար մարդ (դա առավելագույնը) խուսափել է պահանջից, անտեսելով աշխատանքը կորցնելու վտանգը։ Մնացած 200 հազարը փաստորեն ամեն ամիս տեստերի վրա սեփական գրպանից ծախսել են առնվազն 16 հազար դրամ։ Արդյունքում, նույնիսկ ամենահամեստ հաշվարկներով, ՀՀ աշխատող քաղաքացիները տեստավորող լաբորատորիաներին առողջապահության նախարարի հրամանով վճարել են ամսական 3,2 մլրդ դրամ։ Ոչ լրիվ երեք ամսվա ընթացքում գումարն ընդհանրապես հասել է գրեթե 10 միլիարդի։
Այսպիսով, համաձայնելով ՍԴ որոշման հետ, կառավարությունը կընդուներ, որ ապօրինի կերպով այդքան մեծ գումար է կորզել քաղաքացիներից լաբորատորիաների համար։ Բացի այն, որ սա նման է պետական ռեկետի և հովանավորչության՝ հօգուտ մասնավոր (լաբորատոր) հատվածի, դա ընդունելը կհանգեցնի քաղաքացիներից ապօրինաբար խլածը նրանց վերադարձնելու պետության պարտավորությունների։ Այս կառավարության համար 10 միլիարդ վերադարձնելը իսկական մղձավանջ է։ Բայց իշխանության համար է՛լ ավելի սարսափելի մղձավանջ է համաքաղաքացիներից փող կորզելու հնարավորությունից զրկվելու հեռանկարը։
Կրկին իսկ, այսօր այդ նույն 200 հազար աշխատող ու չպատվաստված քաղաքացիները պարտավոր են արդեն ամիսը 4 անգամ 8 հազարական դրամ ծախսել տեստերի վրա։ Այսինքն յուրաքանչյուրից 32 հազար դրամ, իսկ արդյունքում նվազագույնը 6,4 մլրդ դրամ է կազմում է լաբորատորիաների ամսական հավանական եկամուտը, որոնց Առողջապահության նախարարությունը հաճախորդների հզոր բազա է հրամցրել։ Համաձայնել ՍԴ որոշմանը՝ նրանց համար կնշանակի հրաժարվել դեռևս չկորզած տասնյակ միլիարդներից։ Այսինքն քաղաքացիների գրպանները, այսպես ասած, չհերկած դաշտ են իշխանության համար։ Ինչպե՞ս կարող է նա հրաժարվել դրա ծայրեծայր հերկումը շարունակելու հեռանկարից։
Այդուհանդերձ կա ՍԴ-ի որոշումը։ Կկատարվի այն, թե ոչ, առայժմ պարզ չէ։ Թե ինչ տեսքով կկատարվի՝ նույնպես։ Բոլոր հիմքերը կան՝ ենթադրելու (հիմնվելով դառը փորձի վրա), որ ավելի շուտ Սահմանադրական դատարանը կհայտարարվի հակասահմանադրական, քան կառավարությունը կընդունի իր գործողությունների անօրինականությունը։
Իսկ առայժմ ուշադրություն դարձնենք մի փոքրիկ նրբության վրա. խոսքը վերաբերում է քաղաքացիների գրպանների ապօրինի դատարկմանը՝ այն կառավարության կողմից, որը ծնվեց «ժողովրդին վերադարձնենք նախկինների թալանածը» կարգախոսի ներքո։