ՀԱՅՐԵՆԻՔԻ ԾՈՒԽԸ ԱՐԻԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ
Արցախի Քաշաթաղի շրջանի Արիավան-Աղավնո գյուղում վերջապես բացվեց երկար սպասված հացի փուռը: Այսուհետ, մոտենալով Արցախի այս ամուր դարպասին հնարավոր չէ անտարբեր անցնել նրա կողքով՝ այնքան հրապուրիչ է թարմ թխած լավաշի, մատնաքաշի, արցախյան համեղ գաթայի և այլ արտադրանքի բուրմունքը:
Հացի փուռը իրականություն դարձավ երկու խոշոր բարեգործական հիմնադրամների օգնության շնորհիվ, այն են՝ Genesis Armenia ուղեղային կենտրոնը և UMCOR Armenia-ն: Փռի բացման արարողությունը տեղի ունեցավ հանդիսավոր իրադարձության բոլոր կանոններով: Բեմահարթակից ելույթ ունեցան նախագծի հեղինակները, որոնց ջերմ դիմավորեցին գյուղի բնակիչներն ու հյուրերը, այնուհետև կտրեցին կարմիր ժապավենը և հրավիրեցին ներկաներին փուռ՝ տաք լավաշն ու քաղցրավենիքը համտեսելու: Պաշտոնական մասին հաջորդեց տոնականը՝ Երևանից ժամանած «Կաթիլ» բենդի կատարմամբ հնչեցին հայկական ազգային երգերն ու մեղեդիները՝ պարի հրավիրելով թե արիավանցիներին, թե հյուրերին: Մի կարևոր բան էլ տեղի ունեցավ՝ ծառատունկ, որը խորհրդանշեց Արիավանում կյանքի վերածնունդը:
Արիավան-Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը Արցախյան երրորդ պատերազմից անմիջապես հետո որոշում կայացրեց այստեղ հացի փուռ հիմնել: 44 օր անընդմեջ նա մի խումբ արիավանցիների հետ անձնվեր պահեց հարազատ գյուղը: Ադրբեջանցի զինվորականները փորձեցին վախեցնել Անդրանիկին, հետո ռուս խաղաղապահները՝ համոզել, իսկ հարազատ ղեկավարությունը՝ կարգադրել, որ հանձնի գյուղը, սակայն իր և գյուղացիների շնորհիվ Արիավանը մնաց հայկական: Մայրաքաղաքից կտրված բնակավայրը երկար ամիսներ անելանելի վիճակում էր, սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ էր հայտնվել: Սակայն արիավանցիները հավատում էին, որ կյանքը կբարելավվի և պատերազմի օրերին գյուղը լքած ընտանիքները ետ կդառնան տուն: Այդպես էլ եղավ՝ Արիավանում վերաբնակեցվեց 170 մարդ:
Անդրանիկ Չավուշյանը հանգիստ չէր նստում իր տեղը, անում էր ամեն ինչ Աղավնո համայնքում կյանքը վերածնելու համար: Նա փորձում էր կապ հաստատել տարբեր պետական ատյանների հետ, գտնել բարերարների, ով կօգնի վերականգնել Արիավանը և կյանքի կոչել իր նախաձեռնած ծրագրերը: Սեպտեմբերին բացվեց գյուղի դպրոցը, իսկ ամսվա վերջին Անդրանիկը տեղի եկեղեցում մկրտության արարողություն կազմակերպեց՝ Աստծուն և քրիստոնեական հավատքին մոտեցնելով գյուղի տարբեր տարիքների մոտ 60 բնակիչ: Պատերազմից անմիջապես հետո որոշ աջակիցներ տարատեսակ օգնություն տրամադրեցին գյուղին, սակայն գյուղապետին չհաջողվեց լայնացնել Արիավանի տնտեսական հնարավորությունները՝ ներդրողներից շատերը խոստանում էին օգնել, բայց վերջին պահին հրաժարվում էին, քանզի գյուղի կարգավիճակը պաշտոնապես որոշված չէր:
«Այ եթե հաջողվի հացի փուռ հիմնենք, մենք կկարողանանք հացամթերքով ապահովել ոչ միայն մեր Աղավնո համայնքը, նաև մոտակա բնակավայրերը՝ Սեղ, Գորիս և այլն», - ասում էր Անդրանիկը բոլորին, ով ոտք էր դնում Արիավան: Սակայն հարցը լուծում չէր գտնում: Եվ ահա մի օր Անդրանիկը հանդիպեց Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամի հիմնադիր տնօրեն, անվանի հեռուստալրագրող Աբրահամ Գասպարյանին:
«Դեռ պատերազմի օրերին ցանկություն կար Անդրանիկ Չավուշյանին հանդիպելու և մեր բոլոր հնարավորությունները առաջարկելու՝ համայնքի պաշտպանության համար, սակայն չստացվեց: Սեպտեմբերին Անդրանիկը հերթական գործնական այցով Երևանում էր, մենք հանդիպեցինք և հինգ րոպեում նա ներկայացրեց այն վատ սոցիալ-տնտեսական իրողությունը, որում հայտնվել էր հետպատերազմյան շրջանում Արիավանը՝ Արցախի սահմանադուռը: Ես խոստացա, որ տարին մենք կավարտենք գոնե մեկ ծրագիր իրականացնելով», - ասաց հացի փուռի բացման ժամանակ Աբրահամ Գասպարյանը:
Ընդամենը 3 ամսվա ընթացքում երկու կազմակերպությունների ջանքերի շնորհիվ Արիավանում հաջողվեց բացել հացի փուռը: Աբրահամ Գասպարյանի խոսքերով՝ փուռի հիմնումը միայն հացի հարցի լուծում չէ, այլ նաև ժողովրդագրական աճը ապահովելու քայլ: Ինչքան շատ աշխատատեղեր բացվեն այս՝ Հայաստանի և Արցախի կենտրոններից հեռու գտնվող բնակավայրում, այդքան շատ հայ մարդ կվերադառնա այստեղ, տեղացիներն էլ չեն մտածի գաղթի մասին:
«Մեր երկրին պետք են աշխատատեղեր, կիրթ, պրոֆեսիոնալ, իրենց գործի գիտակ, իրենց հող ու ջրին կառչած, Հայրենիքը պաշտող մարդիկ, որոնց կրթելու և կատարելագորշելու հարցում մենք պատրաստ ենք օգնել; Հետպատերազմյան Արցախում շատերը փորձում են ցույց տալ, որ Արցախ գոյություն չունի, և հայկական քաղաքակրթությունը սկսվում և ավարտվում է Երևանով: Մենք այդ բոլորին ասում ենք՝ ոչ, հայկական քաղաքակրթությունը սկսվում է նաև Արիավանից, որը պետք է դառնա այն կուռ վայրը, որտեղ Արցախը այցելող յուրաքանչյուր հայորդի կմտնի և կհամտեսի մեր քույրերի և մայրերի թխած հացն ու քաղցրավենիքը», - վստահեցրեց Աբրահամ Գասպարյանը:
«Հացի փուռը միակ ծրագիրը չէ, որը մենք իրականացնում ենք Արցախում, - հավելեց նա: - Կան նաև գիտակրթական, տնտեսական և տեխնոլոգիական ծրագրեր: Չէ՞ որ այդ ոլորտներում Արցախի երիտասարդները մեծ ներուժ ունեն: Կայսրությունները գալիս են և գնում, իսկ հայ ազգը եղել է, կա և միշտ կլինի, և մենք՝ հայերս, ուզում ենք ապրել անվտանգ ու խաղաղ, արարել՝ ի օգուտ մեր երկրի և համայն մարդկության: Ինչ վերաբերում է Արիավանին, հացի փուռը ընդամենը առաջին քայլն էր Աղավնո համայնքի զարգացման գործում: Եվ թող տաք ու թարմ հացը դառնա Արիավանի և Genesis Armenia կենտրոնի ամուր ընկերության խորհրդանիշը»:
Աբրահամ Գասպարյանը դիմեց հայ գործարարներին, առաջարկելով բաց անել Արիավանում իրենց բիզնեսների փոքրիկ մասնաճյուղեր, օգնել մթերային խանութ հիմնել գյուղում՝ ստեղցելով նոր աշխատատեղերի հնարավորություն և դարձնել քաջերի այս բնակավայրը ինքնաապահովվող:
Գյուղապետ Չավուշյանն էլ իր հերթին մտադիր է փռի կողքին մի թոնիր փորել, որպեսզի հայկական հացի անուշ հոտը ոչ միայն ետ բերի գյուղը լքած արիավանցիներին, այլ նաև գրավի ցանկացած հյուրի, ով կգա Արիավան-Աղավնո ոչ թե սրով, այլ սիրով և խաղաղությամբ:
Լուսանկարներ՝ Genesis Armenia