ՄԵՐ ԱՄԵՆՔԻՍ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԸ ՄԵ՛ԿՆ Է: ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԱՄԱՆՈՐ

Անցնող տարին պահանջեց պատասխանել «ո՞ւմ հետ ես դու» հարցին

2021թ. քաղաքական տարին սկսվեց հունվարի 5-ին Փաշինյանի հոդվածի հրապարակմամբ՝ այն մասին, թե կարելի էր արդյոք խուսափել 44-օրյա պատերազմից, իսկ բարձրակետը դարձավ, անշուշտ, Փաշինյանի հրաժարականի միաձայն և գրեթե միաժամանակյա պահանջը Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ նախագահի, ԶՈՒ գլխավոր շտաբի և Հայրենիքի փրկության շարժման կողմից։

Բարձրակետին հաջորդեց անկումը, որը հնարավոր դարձրեց Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մի մասի բռնազավթումը մայիսի 12-ից ի վեր: Անցնող տարվա այս վերջին օրերին ռեժիմին ցուցաբերվող դիմադրության գործընթացը թափ է հավաքում։ Դա նշանակում է, որ ազգային շահերի և ազգային արժանապատվության համար պայքարը վերստին գագաթնակետին կհասնի 2022 թվականին։

Մեզ համար անցնող տարին նշանավորվեց անկախության հասակակից «Գոլոս Արմենիի»-ի 30-ամյակով, բայց հասկանալի պատճառներով մենք հրաժարվեցինք նախորդ հոբելյանների պես դա նշելու ավանդույթից։ Մեր երկիրն ապրում է վերջին 100 տարվա իր պատմության ամենաբարդ ու ճակատագրական ժամանակահատվածը։ Պատերազմից ավելի քան մեկ տարի անց ժողովրդի մեջ գերակշռում են նույն այն տրամադրությունները, ինչ 2020-ի նոյեմբերի 9-ից անմիջապես հետո։ Անցնող տարին մարդիկ դիմավորում էին սգի մեջ, շատերը գալիք տարին էլ կդիմավորեն Եռաբլուրում։

2021-ը յուրաքանչյուրից պահանջեց պատասխանել «ո՞ւմ հետ ես դու» հարցին։ Նրանց, ովքեր համակերպվել են կապիտուլյանտի ռեժիմի հետ, պայքարին նախընտրել հարմարավետության գոտին, թե՞ նրանց, ովքեր շարունակեցին պայքարը ազգային շահերի և ազգային արժանապատվության համար։ «ԳԱ»-ն միշտ ամեն ինչից վեր է դասել պետական ու ազգային շահերը և միլիմետր անգամ չի նահանջել իր սկզբունքներից։ Այսօր մենք Գորիսի այն բնակչի կողքին ենք, որին ռեժիմը փորձում է ճաղերի հետևում փակել այն բանի համար, որ տեսախցիկների առջև նա ասաց ճշմարտությունը ռեժիմի պարագլխի մասին։

Մենք նրանց հետ ենք, ում Փաշինյանը բանտ է նետել, քանի որ նրանք վտանգ են ներկայացնում իր ռեժիմի համար։ Մենք Առուշ Առուշանյանի, Աշոտ Մինասյանի, Գառնիկ Իսագուլյանի, Հարություն Մանուչարյանի հետ ենք. բոլոր նրանց, ովքեր դիմադրում են ռեժիմի փորձերին՝ ստիպելու հայ ժողովրդին հրաժարվել իր ինքնությունից ու պարել Ալիևի և Էրդողանի դուդուկի տակ։

Աղմկահարույց պաշտոնանկությունների և տոտալ բռնաճնշումների տարի

Անցնող տարվա ողջ ընթացքում «ԳԱ»-ն գրել է ռեժիմի ապօրինությունների և տոտալ բռնաճնշումների մասին, գրել է այդ բռնաճնշումներին ցուցաբերվող դիմակայության, բռնապետության և ազգային շահերի դավաճանության դեմ պայքարի մասին։ Մեզ սպառնում էին, ընդ որում՝ իշխանության վերին էշելոնի մարդիկ։ Նրանց անունները չեմ նշի, թող Ամանօրի շեմին թերթի էջը զարդարեն այն մարդկանց անունները, որոնք փառք են բերել հայկական զենքին և հայոց զինուժին։

Հուլիսի 8-ին, հայտնի իրադարձությունների տարին լրանալուց հաշված օրեր առաջ (հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը Տավուշում) նախագահը ստորագրեց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին փաստաթուղթը: Ապագա տարեգիրներն անպայման կնշեն այդ պաշտոնանկությունը որպես կապիտուլյանտի հանցախմբի կողմից հայոց բանակի նպատակաուղղված փլուզման փուլերից մեկը։

Անցնող տարում պաշտոնազրկվեցին հրամանատարական կազմի նաև այլ ներկայացուցիչներ՝ Արցախում մարտական գործողությունների մասնակիցներ։ Բարձրագույն հրամանատարական կազմի նկատմամբ հաշվեհարդարը սկսվեց այն բանից հետո, երբ փետրվարի 25-ին բանակը պահանջեց կապիտուլյանտի հրաժարականը, ինչին հաջորդեց Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության մասին վարչապետի հրամանագիրը: Նրա տեղը զբաղեցրեց Արտակ Դավթյանը։

Անցնող տարում քրեական հետապնդում սկսվեց Արցախի հերոս գեներալ Մովսես Հակոբյանի դեմ՝ 44-օրյա պատերազմի աղաղակող փաստերը հրապարակելու համար։ Չկարողանալով դատապարտել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ֆերմերական տնտեսություններին մատակարարված վառելիքի գործով, ռեժիմը որոշեց այս անգամ դիմել Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներին, որը նախկինում աչքի էր ընկել կեղծ ցուցմունքներով բոլոր նրանց դեմ, ում Փաշինյանը համարում է իր անձնական թշնամին։

Նոյեմբերի 15-ին Նիկոլը պաշտոնանկ արեց Արշակ Կարապետյանին, պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելով պատմության դասատու Սուրեն Պապիկյանին, որն իրեն ոչ մի կերպ չէր դրսևորել տարածքային կառավարման նախարարի պաշտոնում, իսկ ավելի ուշ՝ փոխվարչապետի։ Փոխվարչապետի պաշտոնում Պապիկյանին փոխարինեց Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Աղմկահարույց պաշտոնանկությունների ցանկը կարելի է շարունակել, բայց սահմանափակվենք միայն օգոստոսի 14-ին ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնից Ստեփան Մելքոնյանի ազատման, ինչպես նաև օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկության հիշատակումով։

Տարին ընտրական էր, սակայն այսօր իշխանության կուսակցությունը դժվար թե հավաքեր 680 հազար ձայների մեկ երրորդը, որ ստացավ հունիսի 20-ին վարչական ռեսուրսի չարաշահման ճանապարհով։ Դա ցույց տվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների 3 փուլերը, որոնք ձախողեցին բոլոր համայնքների նկատմամբ համատարած վերահսկողություն սահմանելու ռեժիմի պարագլխի փորձը։ Ընտրությունները ցույց տվեցին, որ ռեժիմին չի հաջողվել հաղթահարել 44-օրյա պատերազմում պարտության հետևանքով առաջացած ճգնաժամը։

Անցնող տարին դարձավ ոչ միայն աղմկահարույց պաշտոնանկությունների, այլև աղմկահարույց կալանավորումների տարի։ Ճաղերի հետևում հայտնվեցին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, նշանավոր բժիշկ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը (արդեն ազատության մեջ է), ոչ այնքան վաղուց ազատ են արձակվել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը, Սիսիանի նախկին քաղաքապետ, պատգամավոր Արթուր Սարգսյանը:

Քաղաքացիական պարտքի և ազգային արժանապատվության մասին…

Ռեժիմին ցուցաբերվող դիմադրությունը շարունակվում է: Ցանկացած պայքարում լինում են անկումներ ու վերելքներ, սակայն մեզ չի կարելի հոգնել, չի կարելի հանձնվել: Մեր թիկունքում Հայաստանն ու Արցախի Հանրապետությո՛ւնն են։ Մենք պարտավո՛ր ենք պայքարել:

Նախկինում երբեք իրական ընդդիմությունը Հայաստանում չի գործել բռնաճնշումների և կալանավորումների այսպիսի հզոր ճնշման տակ: Անցնող տարվա ընթացքում երկիրը գնալով ավելի խորն էր ընկղմվում բռնապետության մեջ։ Ռեժիմը հետապնդում է քաղաքական, հասարակական գործիչներին, իրավապաշտպաններին, ինչպես նաև այն դատավորներին, որոնք որոշումներ են կայացնում՝ առաջնորդվելով օրենքի տառով ու ներքին համոզմունքներով, այլ ոչ թե վերևից տրվող հրահանգներով…

Հեռու չէ այն օրը, երբ «դիմակների շոուներ» կխաղարկվեն բազմաբնակարան յուրաքանչյուր շենքի բակում, որտեղ ապրում են մարդիկ, որոնք հիշում են, որ գոյություն ունի ազգային արժանապատվություն և քաղաքացիական պարտք։ «ԳԱ»-ն ռեժիմի դեմ պայքարի ելավ այն ժամանակ, երբ ներկայիս պայքարողներից շատ-շատերը հեռուստաէկրաններից դեռևս ասում էին, թե 2018-ի ապրիլի 23-ի իշխանափոխությունը տեղի է ունեցել «հեղափոխության» արդյունքում։ «ԳԱ»- ն առաջիններից մեկն է գրել այն մասին, որ իշխանափոխությունը արևմտյան հատուկ ծառայությունների և թուրք-սորոսական հինգերորդ շարասյան գործունեության արդյունքն է և այդ գործունեությունը կարող է հանգեցնել Արցախի կորստին:

Մենք առաջվա պես ռեժիմի դեմ պայքարողների առաջին շարքերում ենք, և շարունակելու ենք մեր պայքարը գալիք տարում։ Հանուն նրանց, ովքեր մնացին 44-օրյա պատերազմի խրամատներում, հանուն բոլոր գերիների վերադարձի, հանուն մեր ընկերների, որոնք դիմավորելու են Ամանորը բանտախցերում, հանուն մեր ժողովրդի արժանապատվության վերականգնման։

Մենք աշխատելու ենք 20-22-ի գագաթնակետը մոտեցնելու համար, որն, անկասկած, կհանգեցնի բռնապետության տապալմանն ու ազգային արժանապատվության վերականգնմանը: Մնացեք մեզ հետ, սիրելի ընթերցողներ, մեր ամենքիս նպատակն ու պայքարը մե՛կն է: Շնորհավոր գալիք Ամանոր։