«Հասարակական համերաշխությունը կվերականգնեմ». Ահարոն Խաչատրյանը դրսում երդվեց

Վարդենիսի համայնքապետարանի շենքի առջև` դրսում, տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը:

Հարցն այն է, որ ոստիկանները թույլ չտվեցին ընդդիմադիրներին մուտք գործել շենք` ասելով, որ ՔՊ–ն դատարան է դիմել ու պահանջել ոչ իրավաչափ ճանաչել 2021-ի դեկտեմբերի 30-ին կայացած ավագանու նիստը, որի ժամանակ էլ ընտրվել է Խաչատրյանը։

Քանի որ ոստիկանները չթույլատրեցին համայնքապետարան մտնել, դրսում ամբիոն տեղադրեցին և Խաչատրյանը երդմամբ ստանձնեց իր պարտականությունները։

«Ինչպես ընտրության, այնպես էլ երդմնակալության արարողության ժամանակ ստեղծվեցին բազմաթիվ արհեստական խոչընդոտներ։ Սակայն, ինչպես տեսնում եք, մեր թիմն իր նպատակին հասնելու ընթացքում հաղթահարեց այդ խոչընդոտները` չընկրկելով ոչ մի դժվարության առաջ։ Վստահեցնում եմ, որ ավելի մեծ նվիրումով էլ կյանքի ենք կոչելու մեր ծրագրերը, ոչ մի դժվարության առաջ կանգ չենք առնելու։ Այս պահից սկսած` ձեր բոլոր խնդիրները ես համարում եմ իմը»,–ասաց Ահարոն Խաչատրյանը։

Նա խոստացավ նաև վերականգնել հասարակական համերաշխությունը։ Դրանից հետո ավագանու անդրանիկ նիստը համարվեց փակված և ավագանու անդամները շարժվեցին դեպի շտաբ։