ՍՊԱՍԵԼՈՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՅՔԱՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ

Տարվա ներքաղաքական կարևորագույն հարցերից մեկն այն է, թե ընդդիմադիր պայքարի ի՞նչ կենտրոն կձևավորվի 2022-ին։ Եթե խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններն առանձնաբար չեն կարող պայքար մղել, ապա ի՞նչ միասնական պլատֆորմ կարելի է նախաձեռնել և սկսել իշխանափոխության գործընթաց։ Պարզ է, որ այն պետք է լինի վերկուսակցական, համապետական և նույնիսկ համահայկական ընդգրկման՝ Հայաստանի և Սփյուռքի ներուժի կենտրոնացմամբ։ Միաժամանակ, պետք է իսպառ խուսափել արդեն պատմության գիրկն անցած «Հայրենիքի փրկության շարժման» մարտավարական սխալներից։

ՆՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՃՆՇՈՒՄՆ օրվա իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա պետք է այնքան մեծ լինի, որ ՔՊ-ական լինելը դառնա անպատվաբեր, արժանանա լայնածավալ խոսքային պախարակման, և նրա գրպանային խմբակցությունում տրոհում և պառակտում սկսվի։ Ի տարբերություն իշխանության և ՀՓՇ-ի՝ ընդդիմադիր այս ալիքի որոշումներն իրապես պետք է կայացվեն բողոքավոր զանգվածների կարծիքների հաշվառմամբ։ Աթոռին սոսնձված Փաշինյանն իր իշխանախմբից շատերին պահում է խոստումներով, շանտաժով, սպառնալիքներով, և եթե ընդդիմությանը հաջողվի այդ առանցքից պոկել և դուրս բերել մի քանի առանցքային դեմքերի՝ մղելով նրանց մութ գործարքների քողազերծման գնալու, իշխանությունը ներսից կարող է խոր ճաք տալ։

Զուգահեռաբար՝ ընդդիմությունը պետք է առանձնաբար աշխատի իրավապահ մարմինների ղեկավարության, նախևառաջ՝ գլխավոր դատախազի և Քննչական կոմիտեի նախագահի հետ, որքան էլ դա անհնար է թվում։ Եթե ընդդիմության պայքարի մարտավարությունը եղանակ փոխի և ներիշխանական ճգնաժամ առաջանա, մեծ է հավանականությունը, որ կգա նաև Փաշինյանի գործողություններին կամ անգործությանը քրեաիրավական գնահատական տալու և նրա դատապարտվելու ժամանակը՝ դեռևս անգամ հրաժարական չտված։ Մնում է միայն խիստ համաձայնեցված, շախտամային տրամաբանությամբ գործել՝ այդ ճանապարհին որևէ ներքին դաշնակցի չթիրախավորելով և չզոհաբերելով։

Երկու ընդդիմադիր խմբակցությունների խորհրդարանական պրեսինգով, արդեն ամռանը Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ կարող են ի հայտ գալ վարչապետի այլընտրանքային թեկնածուներ։ Բայց դա չպետք է լինի նախկին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների աջակցած Վազգեն Մանուկյան-Էդմոն Մարուքյան երկվության պես, հակառակը՝ ընդդիմադիր ուժերի բացարձակ մեծամասնությունը, նախևառաջ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները պետք է հանդես գան մեկ միասնական թեկնածուով, որն ընտրվելու դեպքում կձևավորի անցումային կառավարություն և երկիրը կնախապատրաստի արտահերթ ընտրությունների։ Պետք է ի սկզբանե բացառել նաև կառավարող խմբակցության կողմից այլընտրանքային թեկնածուի վարչապետությունը, քանի որ այդ թիմից որևէ մեկը չի կարող շտկել վիճակը, միակ ելքը նրանց բոլորի անցնցում հեռացումն է։

Ոչ մի պահ չպետք է թուլացվի այն խոսույթը, որ Փաշինյանը հայրենազրկման, հազարավոր զոհերի, հարյուրավոր գերիների և անհետ կորածների, տասնյակ հազարավոր վիրավորների առաջին և հիմնական մեղավորն է։ Իշխանազրկման դեպքում նա ոչ միայն չի կարողանալու ազատ շրջել փողոցում, այլև հնարավոր է նույնիսկ դուրս գա քաղաքականությունից։ Նրա համար լավագույն և ամենաանվտանգ տարբերակը, թերևս, կարող է լինել կալանավայրում գտնվելը և դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռին սպասելը։ Իսկ ահա իշխանազրկման, բայց ազատության մեջ գտնվելու դեպքում դժվար կլինի նրան ինքնադատաստանից ապահովագրելը։ Պետք է հոգ տանել նաև, որ Փաշինյանը չկարողանա փախչել երկրից, անցնել ընդհատակ կամ որևէ այլ կերպ խուսափել քրեական պատասխանատվությունից։