ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՂԱԶԱԽԱԿԱՆ ՎԱԽԵՐԸ

Իրեն ՀԱՊԿ-ի ղեկավար երևակայող Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի վարքը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական հակադրության մեջ չլիներ իր իսկ նախընթաց գործողությունների և խոսքի, փողոցային պայքարի և մարտի 1-ի զոհերի մասին ստերի հետ։ Հայ հասարակությունը կարիք ունե՞ր ևս մեկ անգամ համոզվելու, որ բարոյական, մարդկային և պետական բոլոր արժեքներն այս անձին խորթ են, նա խորապես թքած ունի իր ղեկավարած երկրի ու նրա ժողովրդի ճակատագրի ու անվտանգության վրա։ Միգուցե Փաշինյանի մեջ նաև ներքին վախե՞ր են արթնացել, օրինակ, որ եթե ավտորիտար Ղազախստանում կարելի է մի քանի օրում երեսնամյա առաջնորդին փաստացի տապալել, ապա ինչո՞ւ հայ ժողովուրդը չպետք է պատժի իր պես ստահակին։

ԵԹԵ ՆԱԶԱՐԲԱևՆ ԻՐ ԵՐԿԻՐԸ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ կայունության և բարեկեցության կղզյակի էր վերածել միջինասիական փոթորկոտ տարածաշրջանում, Փաշինյանը ստորագրությամբ հանձնել է այնքան տարածք, որը համազոր է ՀՀ-ի մեկ երրորդին, ասել է թե՝ երեք մարզի։ Ողբերգականորեն՝ այդ տարածքի կեսից ավելին հանձնվել է առանց կրակոցի։ Կորսված տարածքի մասշտաբը պատկերացնելու համար արժե նշել, որ միայն Շահումյանի շրջանը՝ Քարվաճառ կենտրոնով, կազմում է 3000 քառ. կմ։

Նախ իշխանափոխությունից հետո ճաքեր տված, ապա համավարակի ու պատերազմի հետևանքով վերջնականապես կազմաքանդված պետական կառավարման համակարգը, օդից կախված, Հայաստանի հետ կապված որոշումների ընդունման վրա որևէ ազդեցություն չունեցող Փաշինյանն արդյոք համեմատելի՞ են հարուստ, հզոր ու կայուն ղազախական էլիտայի հետ։ Այս ճգնաժամային իրավիճակում, ոչնչացնելով փողոցային բանդիտներին ու ահաբեկիչներին, այդ երկիրը յուրովի դաս է տալիս մեր նորօրյա Փանջունուն՝ մի կողմից ապացուցելով մարտի 1-ին զինված ցուցարարների նկատմամբ կիրառված ուժի իրավաչափությունը, մյուս կողմից՝ Փաշինյանին մղելով ընկճախտի նոր նոպայի, բարոյալքման, որի մասին են վկայում անգամ նրա հռետորաբանությունն ու շարժուձևը։

Ո՛չ Սադամ Հուսեյնը, ո՛չ Նիկոլաե Չաուշեսկուն, ո՛չ Մուամար Քադաֆին, ո՛չ էլ Նուրսուլթան Նազարբաևը դավաճաններ չէին, այլ իրենց երկրների ճշմարիտ նվիրյալներն էին, որոնց ծրագրերը, սակայն, որոշակիորեն չհամընկան միջազգային հանրության պատկերացումների հետ։ Ի վերջո, անգամ մեր ռազմավարական գործընկեր, հարևան ու բարեկամ երկրներում մի շարք քաղաքական առաջնորդներ, շատ ավելի աննշան պատճառներով կամ պատրվակներով, հեռացել կամ հեռացվել են իշխանությունից։ Եթե Փաշինյանն ապացուցված դավաճան է առնվազն խոսքի, շատ հնարավոր է՝ նաև գործողությունների կամ անգործության մակարդակում, այդ ո՞ր տրամաբանությամբ է շարունակում մնալ իշխանության։ Դավաճանի և կապիտուլյանտի պիտակով ապրողն իրավունք ունի՞ մի ողջ պետություն ու ժողովրդի ներկայացնելու։

Ղազախական պետության և հատկապես հատուկ ծառայությունների կենսունակությունը երևում է ծայրահեղականների վարքին արագ արձագանքելու հարցում։ Մեր ԱԱԾ-ն, սահմանների շուրջ և տարածաշրջանում նման ահռելի անկայունության և ահաբեկչության վտանգ ունենալով, զբաղված է բացառապես ընդդիմադիրների հետապնդումներով, գաղտնալսումներով, շինծու քրգործերի հարուցմամբ, մի խոսքով՝ անհաղորդ է իրավիճակին։ ՏԻՄ-երի բռնազավթումը թողած՝ ուսադիրավոր անպատիվներն զբաղված են ընդդիմադիր ակտիվի գործողությունների կանխմամբ։

Մեկ ամիս առաջ թերևս Նազարբաևին էլ էր թվում, որ իր իշխանությունն անխոցելի է, բացարձակ և հավերժ։ Ամեն ինչ գլխիվայր շրջվեց ընդամենը հաշված ժամերի ընթացքում։ Վարչապետի աթոռին գամված անձի հրաժարականի հանրային պարտադրանքը, դրա շուրջ իրական ընդդիմության «կոնսենսուս մինուս մեկի» առկայությունն ամեն պահի կարող է վերածվել պետական համակարգի, հատկապես ուժայինների ներքին դիմադրության, իսկ այդ դեպքում Փաշինյանի հեռացումն անխուսափելի կլինի։