ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԱՌԵՐԵՍՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ ՀԵՏ
Մի քանի ամսից կլրանա Փաշինյանի իշխանավարման չորրորդ տարին, իսկ մեր հանրության մի մասը, փառք Աստծու՝ գնալով նվազող, դեռևս չի ուզում տեսնել ու լսել ճշմարտությունը և Փաշինյանից դուրս արդարացումներ է փնտրում, թե ինչու է նրա կառավարումն իսպառ ձախողվել։ Այդ ագրեսիվ փոքրամասնությունը դեռևս հանդիմանում է ընդդիմադիր տրամադրված մարդկանց, պիտակավորում ու անարգում է նրանց։ Երբ հարցնում ես՝ կոռուպցիայի վերացման խոստումներ էին տրվում, ո՞ւր է իրականացումը, աստղաբաշխական աշխատավարձերն ու պարգևավճարները, մեկ անձից գնումներն ու կասկածելի հաղթողներով մրցույթներն ի՞նչ են, սկսում են ինչ-որ անհոդաբաշխ պնդումներ արտաբերել «նախկինների» մասին։
ՄԵԾ ՀԱՇՎՈՎ, ԽՆԴԻՐԸ ՀԵՆՑ ՆՄԱՆ ԳԻՏԱԿՑԱԿԱՆ ցածր մակարդակի հայրենակիցների հետ աշխատանքն է, ոչ թե այս իշխանախումբը։ ՔՊ-ական պատգամավորները հրաշալի հասկանում են՝ եթե իշխանության չլինեն, անգամ երազել չեն կարող ներկայիս շքեղ կյանքի ու ճոխությունների մասին։ Աթոռներին ամեն կերպ կառչելն, այդպիսով, ոչ այնքան մեկ անձին կույր հավատարմության դրսևորում է, այլ նախևառաջ սեփական բարեկեցության ապահովման միջոց, քանի որ առանց Փաշինյանի՝ իրենց ներկան դատարկ է, իսկ ապագա պարզապես չկա՝ ի հեճուկս իրենց իսկ «Ապագա կա» կարգախոսի։
Փաշինյանի հետ միասին՝ հայրենիքի վտանգման, Արցախի կորստի և հայրենազրկման գիտակցումը ցավալիորեն չունեն մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ։ Սեփական անսխալականության մեջ համոզված՝ նրանց մի մասն առայսօր, նման աղետների միջով անցնելով, փորձում է Փաշինյանին մաքրագործող արդարացումներ փնտրել։ Երեքուկես տարի շարունակվող բացահայտ ցինիզմին ու լկտիտությանը կա ներում, «ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» արատավոր խոսույթը ծափերի է արժանանում, նույնիսկ մտավորականության մեծագույն մասը լռում է, ոմանք նույնիսկ հավանություն են տալիս։ Փաշինյանի «սոկրատյան հանգստությամբ» հիացող ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանն, օրինակ, չի բարձրաձայնում, որ ըստ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի՝ պաշտոնյաների խոսքը չպետք է ժարգոնային կամ փողոցային լինի։
Իշխանության անթաքույց պաշտպաններից այլ մեկը՝ բեմադրիչ, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը չի ասում, որ մեր օրերում դատարանների ելումուտը փակելը աֆրիկյան հետամնաց երկրներին բնորոշ քայլ կլիներ, Մշակույթի նախարարության կամ թատրոններից մեկի փակումը՝ ոլորտում ամենաթողության ապացույց, իսկ բուհերի գերքաղաքականացումը՝ կրթության արժեզրկման հայտանիշ։ Անձնագրով բոլորն էլ ՀՀ քաղաքացի են, բայց եթե այս մարդիկ և նրանց պես շատերը երկրի համար ցավ չեն զգում, ի՞նչ արժեք ունի նրանց մշակութային ավանդը, ի՞նչ էական է նրանց մասնագիտությունը։ Եվ եթե այս ուսյալ գործիչները ինչ-ինչ հանգամանքների բերումով գործող իշխանության մոլի համակիրներն են, ի՞նչ պահանջես ավելի ցածր կրթական ցենզ ունեցող տասնյակ հազարավոր մարդկանցից։
Ինչ-որ մի օր վստահաբար կգա նաև իրենց ազդեցությունն ու հեղինակությունը բանեցնելով՝ հանրությանը մոլորեցրած մտավորականների անկեղծացման, միգուցե անգամ զղջալու պահը, երբ ստիպված կլինեն պարզաբանել, թե ինչու ձայն չէին հանում վճռորոշ պահին։ Ոչ թե ծուռ, այլ շիտակ հայելիների իրականությունում կերևա շատերի իրական պատկերը։ Մեր երկիրն ու ժողովուրդը մեծագույն բարոյական վնաս է կրել էլիտաների դավաճանության, անտարբերության և վախերի պատճառով։ Նոր մտավոր էլիտան, որն անխուսափելիորեն մի օր ձևավորվելու է՝ վերադարձնելով կորսված հավատը իր իսկ կենսունակության նկատմամբ, պիտի փորձի նախևառաջ պետական և ոչ թե ազգային մտածելակերպ ձևավորել։