ՆՈՐ ՍԱԴՐԱՆՔ՝ ՀԻՆ ՁԵՎԱՆՆԵՐՈՎ

Երեկ հայկական կողմը նոր կորուստներ է կրել սահմանի վրա. սպանվել է երեք զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են: Ադրբեջանական ավանդական շանտաժի քաղաքականությունն է՝ կարևոր հանդիպումներից առաջ։ Նախկինում նման սադրանքներ եղել են ամեն անգամ, երբ նախատեսվել է բանակցությունների հերթական փուլը Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով։ Հիմա դա տեղի ունեցավ Մոսկվայում հայ-թուրքական բանակցությունների նախաշեմին։

ԱՅՍՈՒՀԵՏ ՆՄԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ՝ ԻՆՉՊԵՍ ԱՐՑԱԽՈՒՄ, այնպես էլ Հայաստանում, կկազմակերպվեն արդեն ոչ միայն հայ-ադրբեջանական բանակցություններից, այլև հայ-թուրքական բանակցություններից առաջ։ Ավելորդ հաստատումն այն փաստի, որ Արցախի մեծ մասի հանձնումով Հայաստանի խնդիրներն անվտանգության ոլորտում լոկ բազմապատկվել են։

Իրոք որ. ինչպե՞ս կարող է Ալիևը չաջակցել Անկարային, եթե վերջինս մտադիր է Մոսկվայում թուրք-ադրբեջանական միջանցք կորզել Հայաստանի տարածքով։ Դրա համար էլ գործի են դրվել ոչ միայն հրետանին, այլև «Բայրաքթարները»։ Դիտորդները հավաստում են, որ սա տվյալ ԱՕԹՍ-ների առաջին մարտական կիրառումն է 2020 թվականի աշնան մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո:

Բայց մեր գլխավոր խնդիրն ամենևին էլ «Բայրաքթարները» չեն։ Խնդիրն այլ է. ինչպե՞ս Փաշինյանի ուղեղին հասցնել, որ իր գլխավոր խնդիրը ոչ թե պոլիէթիլենային տոպրակներն են, այլ Հայաստանի, նրա քաղաքացիների անվտանգության ապահովումը։ Թե ինչպես է լուծելու այդ հարցը՝ դա իր խնդիրն է, հենց դրա համար էլ իշխանություն է։ Եվ եթե ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել այդ խնդիրը, ապա թող հեռանա գրողի ծոցը՝ իր ուսապարկային ողջ թիմով հանդերձ։ Քանզի պարզ է, որ ձգձգել՝ կնշանակի լոկ խորացնել խնդիրները, ավելացնել կորուստները, է՛լ ավելի ծանրացնել իր ու իր թիմի մեղքը։ Հուսալ, թե ժամանակի ընթացքում ամեն ինչ կմոռացվի, անմտություն է. սա այն դեպքը չէ։

 «Բայրաքթարների» հարվածները հայկական սահմանային դիրքերին, 18-ամյա երեք զինծառայողների սպանությունը ոչ միայն հերթական շանտաժն է մոսկովյան բանակցությունների նախօրեին։ Դա նաև թուրք-ադրբեջանական ուղերձն է Փաշինյանին, որպեսզի ղազախստանյան իրադարձություններից հետո օգնություն չակնկալի ՀԱՊԿ-ից։ Ասել է թե՝ քեզ, Փաշինյան, կազմակերպությունը չի օգնի։

Կարևոր հարց. գոնե հիմա պաշտոնապես կդիմի՞ արդյոք Նիկոլը ՀԱՊԿ-ին, մանավանդ որ նա այնտեղ, հասկանում ես, նախագահում է և վերջերս աշխարհով մեկ գլուխ էր գովում, թե ինչ օպերատիվ է որոշումներ կայացնում Ղազախստանի վերաբերյալ։ Չէ՞ որ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածն ասում է, որ «Եթե ՀԱՊԿ անդամ պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի (զինված հարձակում, որը սպառնում է անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը), ապա դա ՀԱՊԿ բոլոր անդամ պետությունների կողմից կդիտարկվի որպես ագրեսիա Պայմանագրի բոլոր անդամ-պետությունների դեմ»։ Իսկ նույն հոդվածի 2-րդ կետն այն մասին է, որ անդամ պետությունից դիմում ստանալու դեպքում կազմակերպությունն օգնություն է տրամադրում անհապաղ, այդ թվում՝ ռազմական։

Իսկ եթե ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի անունից Փաշինյանը կրկին պաշտոնական դիմում չներկայացնի, ապա գուցե գոնե խնդրի վերադարձնե՞լ Ղազախստան ուղարկված իր զորակազմին, որի պրոֆեսիոնալիզմի կարիքն անչափ ունեն սահմանը «Բայրաքթարերից» պաշտպանող ժամկետային զինվորները։ Կամ գուցե նոր նախարար Պապիկյանի համարձակությունը բավականացնի՞ ժամանակակից սպառազինություն գնել, որը կարող է դիմակայել Իսրայելի և Թուրքիայի անօդաչու թռչող սարքերին։

Ավաղ, ամենահավանական սցենարն այլ է. Փաշինյանի թիմը, իսկ առավել հավանական է՝ ինքն անձամբ, շուտով կկազմակերպեն հերթական ներքաղաքական մի ինչ-որ սկանդալ, հերթական շոու, որպեսզի սահմանի վրա երեք զինծառայողների սպանությունը շատ արագ երկրորդ պլան մղվի լուրերի ամփոփագրերում և քաղաքական գործիչների ու փորձագետների մեկնաբանություններում:

Ողջ այս կանխատեսելի և ողբերգական պատմությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Երևանի կողմից կոշտ հակահարված չի հաջորդել։ Նման բան, միանշանակ, հնարավոր է։ Բայց մի պայմանով, որ իշխանության ղեկին լինեն ոչ թե վախկոտներ, որոնց հետաքրքրում է միայն սեփական իշխանությունը և այդ իշխանությամբ տրամադրվող արտոնությունների պահպանումը, այլ մարդիկ, որոնց համար պետության և ժողովրդի անվտանգությունը գլխավոր խնդիրն է։

Основная тема:
Теги: