ՌԴ ՊՆ. Ռուսաստանը ՆԱՏՕ-ին առաջարկում էր դեէսկալացիայի միջոցներ ձեռնարկել, սակայն նախաձեռնությունները անտեսվել են

Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները համաշխարհային անկայունության պայմաններում գտնվում են ծայրահեղ ցածր մակարդակի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունները գտնվում են ծայրահեղ ցածր մակարդակի վրա։ Դա տեղի է ունենում գլոբալ անկայունության, ահաբեկչական սպառնալիքի, սպառազինությունների հերթական մրցավազքի, ինչպես նաեւ Եվրոպայում անվտանգության ճարտարապետության լիակատար դեգրադացիայի ֆոնին»,- Ֆոմինի խոսքերն է մեջբերում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքներով ՌԴ ՊՆ հաղորդագրությունը։

Ֆոմինի խոսքով, Ռուսաստանը բազմիցս ՆԱՏՕ-ին առաջարկել է իրավիճակի դեէսկալացիայի միջոցներ ձեռնարկել, սակայն նախաձեռնություններն անտեսվել են։ Սա նախադրյալներ է ստեղծում միջադեպերի եւ հակամարտությունների ծագման համար, խարխլում է անվտանգության հիմքերը։

Ֆոմինն ասել է, որ ռուսական կողմն ակնկալում է անվտանգության առաջարկների կառուցողական քննարկում՝ երաշխիքների վերաբերյալ համաձայնագրերի նախապատրաստմանը անցնելու համար։ Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրությունում ռուսական առաջարկները ներկայացվել են եւ «բանակցությունների սեղանին են»։

«Ռուսական կողմը ակնկալում է կառուցողական քննարկում, որպեսզի որքան հնարավոր է շուտ հասնենք Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրերի նախապատրաստմանը»,- ասել է նա։

«Առանցքային հարցերը, որոնց վրա մենք անհրաժեշտ ենք համարում կենտրոնանալ, դա… Եվրոպայում ռազմական գործունեության սահմանափակումն է, այսպես կոչված՝ առաջնային բազավորման զորախմբերի աճեցման բացառումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, առանցքային հարցերի թվում, որոնց ուղղությամբ պետք է աշխատել, Ուկրաինայի եւ այլ երկրների հաշվին ՆԱՏՕ-ի չընդլայնման երաշխիքներն են, ինչպես նաեւ Եվրոպայում միջին եւ փոքր հեռահարության նոր ամերիկյան հրթիռներ չտեղակայելու պարտավորությունները, «քանի որ նման զենքի տեղակայումը կարող է կտրուկ վատթարացնել անվտանգության պայմանները մայրցամաքում», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

News.am