Բողոքի ակցիա` սոցցանցերից դեպի կառավարություն. պահանջում են ապահովել երկրի անվտանգությունը

Մի խումբ քաղաքացիներ` հիմնականում կանայք, որոշել են սոցցանցերում կուտակված բողոքն արտահայտել նաև իրական կյանքում` կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որ երկրի իշխանությունը սկսի գործել և լուծի քաղաքացիների և երկրի անվտանգության հետ կապված հրատապ խնդիրները։

«Մենք որոշել ենք իշխանություններին ցույց տալ, որ բողոքը կարող է լինել ոչ միայն սոցցանցերում, այլև իրականում։ Եթե այս մարդիկ իշխանության են եկել, ապա պետք է աշխատեն ու լուծեն խնդիրները, ելք գտնեն, ոչ թե անգործության մատնվեն և քաղաքացիներից առաջարկներ սպասեն», - նշեց ակցիայի կազմակերպիչ Իզաբելլա Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ այս պահի դրությամբ ամենահրատապ հարցը զինվորների անվտանգությունն է, որոնք զոհվում են Սյունիք և Գեղարքունիք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման պատճառով: Սարգսյանը կարծում է, որ կառավարությունը պետք է անվտանգության ոլորտի որակյալ փորձագետների հետ լուծումներ գտնի, որպեսզի ամեն օր 18-20 տարեկան զինվորները չզոհվեն։

«Նրանք խաղաղության դարաշրջանից են խոսում, բայց երկու օր առաջ են զոհվել 2002-2003 թվականներին ծնված 3 զինվորներ, կան վիրավորներ ։ Կա լուրջ խնդիր, և այն պետք է լուծեն իշխանությունները», - ընդգծեց Սարգսյանը։