ՀՀ ԱԳՆ-ն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություն հաստատելու ակնկալիք ունի

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանի տպավորությամբ` Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ Հունանյանը նման կարծիք է հայտնել` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հունվարի 14-ին ծրագրված առաջին հանդիպմանն ընդառաջ պատասխանելով «Արմենպրեսի» հարցերին։

«Հայաստանի ակնկալիքները Թուրքիայի հետ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ Ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, և երկու երկրների միջև սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի»,–ասել է Հունանյանը։

Դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ համաձայնելով Թուրքիայի հետ երկխոսություն սկսելուն՝ Հայաստանն արդեն իսկ ընդունել է նախապայմանները, որոնք Թուրքիան միշտ առաջ է քաշել, Հունանյանն արձագանքել է`ՀՀ-ն մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի: Այս առումով Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում:

Ինչ իսկ վերաբերում է հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված հանդիպմանը, ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ։

Նրա խոսքով` ըստ էության, այս առաջին հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ, ուստի դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ։ Սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը։