ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան լրջորեն մտահոգված է հերթական սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին

Մոսկվան լրջորեն մտահոգված է հերթական սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հունվարի 11-ին ադրբեջանական ագրեսիան Հայաստանի հետ սահմանին, որի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են:

«Այս կապակցությամբ շատ հարցեր եղան։ Ձեր հարցերին ավելանում են այնպիսի գլոբալ բնույթի հարցեր, թե ինչպե՞ս կարելի էր խուսափել նման իրավիճակների կրկնությունից... Մենք լրջորեն մտահոգված ենք հերթական սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին, կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից և բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով։

Տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական դեղատոմսը երկարաժամկետ հեռանկարում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկն է՝ հետագա սահմանագծմամբ, ինչպես դա արձանագրվել է երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում։ Կարևոր է գործը դեպի երկկողմանի հանձնաժողովի ստեղծում տանել, Ռուսաստանը պատրաստ է համապարփակ խորհրդատվական օգնություն տրամադրել դրան»,- ասել է նա, տեղեկացնում է News.am։