ԽՈՒՍԱՓԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄՏՔԻ ՃԱՀՃԱՑՈՒՄԻՑ

Հետպատերազմյան ավելի քան մեկ տարում ընդդիմության տարբեր շերտերի կողմից Փաշինյանի հեռացման զանազան, անգամ անհավանական տարբերակներ են առաջ քաշվել։ ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությունից հետո, երբ թվում էր՝ իշխանափոխության հարցը լուծված է, ընդդիմությունը պահը չօգտագործեց, սպայակույտին վերագրվեց գործունեության քաղաքականացում, և մեր պետության անվտանգության և բնականոն կյանքի համար պատասխանատու այդ կարևորագույն օղակը գլխատվեց ու հիմնիվեր քաղաքականացվեց։ Ստացվում է՝ բարի ցանկությամբ աչքը շինելու փոխարեն ունքը հանեցին, արդյունքում և՛ Փաշինյանի պաշտոնավարումը երկարաձգվեց, և՛ բանակի հեղինակությունը լրջորեն վտանգվեց։

Հայրենիքի փրկության շարժումը փորձեց վարչապետին հեռացնել իր իսկ մեթոդներով՝ կառավարական շենքերի շրջափակմամբ, շարունակական երթերով ու ցույցերով, բայց ձախողեց։ Երթերն ու անհնազանդության ակցիաներն անարդյունավետ գտնվեցին դրանք իբրև իշխանություն նվաճելու միջոց օգտագործած Փաշինյանի դեմ։ Պարզ է, որ նրան անհնար է հեռացնել այնպես, ինչպես նա Սերժ Սարգսյանին հեռացրեց իշխանությունից։ Փաշինյանի հրաժարականի պարտադրանքը փողոցային ճնշման, իշխող խմբակցության տրոհման և ընդդիմության դիրքերի ուժեղացման, նաև միջազգային խաղացողների հաշվարկների համընկնում պետք է լինի, իսկ այն այսօր չկա։

Փողոցային շարժման գագաթնակետին խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, այդպես էլ անհաղորդ մնացին գործընթացին, թեև պնդում էին, որ կաշխատեն կառավարող խմբակցության հետ և կհամոզեն ՔՊ-ականներին լքել իրենց թիմը։ Ավելին՝ թաքստոցներից դուրս եկած և անկյուն մղված ՔՊ-ական պատգամավորներն անցան շրջանաձև պաշտպանության՝ պառակտվելու և տրոհվելու փոխարեն համախմբելով։ Ցավալիորեն, ընդդիմադիր պայքարի այդ մարտավարությունը երկարաժամկետ հեռանկարում միայն ուժեղացրեց իշխանությանը։

Ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ այսօր կառավարող թիմում չկա վարչապետի այլ թեկնածու՝ բացի Նիկոլ Փաշինյանից, և իշխանության ճգնաժամ առաջանալու դեպքում դժվար է պատկերացնել, թե ինչպես են ՔՊ-ականներն իրենց թիմից նոր վարչապետ ընտրում։ Իշխող խմբակցության անդամները չունեն այն գիտակցումը, որ իրենց ներկայիս գործունեությունը ստվերելու է իշխանափոխությունից հետո իրենց կյանքն ու հեռանկարը, ապրում են այսօրվա վայելքներով։ Հակառակ դեպքում՝ իշխանությանը վտանգ զգալու պարագայում, իրենք առաջինը կթռչեին խորտակվող նավից, Շիրակ Թորոսյանն ու Հայկ Կոնջորյանը վկա, ավելին՝ կսկսեին հեքիաթներ պատմել, թե ինչ հանգամանքների բերումով են հայտնվել ՔՊ-ում։

Իշխանության ներկայացուցիչների (ինչպես և որևէ այլ մեկի) նկատմամբ բռնություն գործադրելն անընդունելի է, բայց ՔՊ-ական վերնախավը մշտապես պետք է զգա տոտալ բարոյական ճնշումն իր նկատմամբ ու շարունակաբար հաշիվ տա ինքն իրեն ու հանրությանը։ Իսկ ֆիզիկական հաշվեհարդարի կամ ահաբեկման առաջարկներ անողները, թերևս, հենց իշխանական սադրիչներ են, որոնք նպատակ ունեն գրգռելու հանրությանն ու ցույց տալու ընդդիմության իբր արմատականությունը։

Եթե հաշվեհարդարը և ահաբեկումները նախադեպ դառնան (իսկ նման նախադեպեր արդեն եղել են), մեր երկիրն անգամ իշխանափոխությունից հետո դուրս չի գա արատավոր շրջանից, և նոր վարչապետի ընտրությունից կարճ ժամանակ անց որոշ խմբեր կարող են նույնն անել արդեն նրա նկատմամբ։ Բայց ցավոք՝ ՔՊ-ականների բարձր գիտակցության վրա հույս դնելն ու իշխանությունը ներսից տրոհելը ևս անշնորհակալ և անհեռանկար գործ է։ Եվ ուրեմն՝ տիտղոսային ընդդիմությունը պետք է կարճ ժամանակում ներկայացնի իշխանափոխության ճանապարհային քարտեզը կամ էլ ընդունի սեփական անճարակությունն ու տեղը զիջի այլ ուժերի։