ԻԼՀԱՄԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ
Ադրբեջանական հեռուստաալիքներին Իլհամ Ալիևի տված վերջին հարցազրույցն այլ կերպ, քան պարծենկոտության ու ինքնագովության նմուշ, չես անվանի: Ծաղրալից ու վիրավորական արտահայտություններն առավել քան լիառատ էին, բաժին հասավ բոլորին. Հայաստանին, ռուս խաղաղապահներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին…
Ալիեվը հայտարարեց, որ Բաքուն հնարավորություն ունի ուշադիր հետևել ՀՀ-ում տեղի ունեցող ամենին և անում է դա: Մասնավորապես, իրենք տեղեկացված են հայկական բանակում տեղի ունեցող գործընթացների մասին, տեղեկատվությունն ընդ որում ստանում են նաև Հայաստանի դաշնակիցներից։ Եվ եթե տեսնեն, որ սպառնալիք կա Ադրբեջանի համար, ապա դա «անմիջապես կոչնչացվի, Հայաստանի տարածքում ինչ խորության վրա էլ որ լինի»։
Ռուս խաղաղապահները, թեև ընդհանուր առմամբ կատարում են իրենց պարտականությունները, բայց հաճախ սխալ են պահում իրենց և նյարդայնացնում նորին սուլթանական մեծությանը։ Օրինակ, աչք են փակում օտարերկրյա պատվիրակությունների այցերի վրա, մասնավորապես՝ ասում են, թե տեղյակ չեն եղել «Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Իլ դը Ֆրանս կենտրոնական երկրամասի ղեկավար Վալերի Պեկրեսի Արցախ կատարած այցի մասին։ Թեև, Ալիևի խոսքերով, այցը նախապատրաստվել է, և Բաքվում դրա մասին իմացել են արդեն այն բանից հետո, երբ Պեկրեսը մեկնել է Արցախից։ Այլապես, ասում է Ալիևը, ինքը կփակեր ֆրանսիական պատվիրակության ելքը, քանի որ Լաչինի միջանցքը Ադրբեջանի իրավասության տակ է։
Այսինքն, ըստ Ալիևի, իրենք ցանկացած պահի կարող են պարզապես փակել Լաչինի միջանցքը և թքած ունեն ռուսական խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) վրա։ Վերջինիս մեղքը նաև նրանում է, ասում է Ալիևը, որ խաղաղապահները չեն զննում Հայաստանից մտնող մեքենաների 90%-ը և ստուգում են Արցախից մեկնող ավտոմեքենաների միայն 50%-ը։ Բաքվի բռնապետի խոսքերով, դա արվում է միտումնավոր, որպեսզի ամեն կերպ հեշտացվի մուտքն Արցախ և դժվարացվի ելքը,այսինքն ուղղված է հայ բնակչության պահպանմանը, և հասկանալի է, թե ինչ նպատակով է դա արվում։
Այլ կերպ ասած, Ալիևը մեղադրում է խաղաղապահներին այն բանում, որ նրանք չեն նպաստում Արցախի ամայացմանը, և դա արվում է ռուսական զորակազմի ներկայությունը երկարաձգելու նպատակով։ Կասկածից վեր է, որ եթե Ալիևն արդեն այսօր մեղադրում է ՌԽԶ-ին հայկական Արցախը պահպանելու նպատակադրման համար, արդեն այսօր ասում է, որ Ադրբեջանի իշխանությունները կարող էին պարզապես թույլ չտալ ֆրանսիական պատվիրակությանը մեկնել, ապա 4 տարի անց նա կպահանջի դուրս բերել խաղաղապահներին, որոնց մանդատը Բաքվի հետ առ այսօր համաձայնեցված չէ:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահներին, Ալիևը հայտարարեց, որ ամեն կերպ խոչընդոտելու է նրանց գործունեությանը, քանի դեռ միջնորդները չեն հասկացել, որ իրենց հայտարարություններում չպետք է խոսեն ղարաբաղյան հակամարտության մասին, քանի որ այդպիսին չկա, այն արդեն լուծված է։ Եվ ընդհանրապես, ժամանակն է փոխել համանախագահներին, ասում է Ալիևը, նկատի ունենալով Փարիզն Անկարով փոխարինելու իր վաղեմի երազանքը։
Նրա խոսքերում ամենից ուշագրավը թերևս այն է, որ ինքը մտադիր չէ կրկնել հայերի սխալները։ Ճիշտ է, տեղնուտեղն էլ շեղվում է թեմայից, բայց մենք գիտենք, թե այդ որ սխալի մասին բերանից թռցրեց Իլհամ Ալիևը։ 1994-ի մայիսին Ղարաբաղյան առաջին ազատամարտի հաղթական ավարտից հետո հայկական կողմը որոշեց, թե հարցը լուծված է, և դադարեց ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Նախևառաջ՝ ռազմական տեսանկյունից, բայց ոչ միայն։ Խորամանկ Հեյդար Ալիևը դադար ստացավ, կարողացավ վերականգնել փլուզված պետական ինստիտուտները, առանց որևէ դժվարության փոխանցեց իշխանությունը որդուն, որն ամրացրեց բանակը, Ադրբեջանում արմատավորեց ռազմատենչ հայատյացությունը և, սերտորեն զարգացնելով ռազմական համագործակցությունը Թուրքիայի և Իսրայելի հետ, սպասեց Փաշինյանի իշխանության գալուն։ Մնացյալը հայտնի է։
Ալիեվը Երեվանին դադար տալու մտադրություն չունի, ուստի հարցազրույցում պատմեց Սյունիքի հետ կապված իր ծրագրերի մասին. այն ճանապարհների մասին, որոնք պետք է անցնեն այնտեղով՝ Նախիջևանի հետ Ադրբեջանի կապն ապահովելու համար, դեպի Նախիջևան մի քանի գազամուղների մասին, որոնք ինքը կառուցելու է Սյունիքի տարածքով, Կովսականից (Զանգելանից) դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծերի մասին և այլն:
Նշենք ևս մեկ հետաքրքիր պահ. Ալիևը խոսում է այն մասին, թե Բաքուն կողմ է համակեցության համաշխարհային կանոնների պահպանմանը, բայց ենթադրում է, որ շուտով համաշխարհային կարգը կփոխվի, եթե չասենք՝ կփլուզվի, իսկ միջազգային հարաբերություններում որոշիչ դեր կխաղա ուժի գործոնը, և Ադրբեջանը պատրաստ է դրան։
Եվ այսպես, ծրագրերը շարադրված են շատ հստակ. Հայաստանի վրա մշտական ճնշում՝ Թուրքիայի հետ միասին, ռուս խաղաղապահների վարկաբեկում և նրանց շուտափույթ դուրսբերում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, եթե վերջինս հստակ չհայտարարի, թե ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, իսկ Արցախը Ադրբեջանի մասն է։ Վերջապես՝ թուրք-ադրբեջանական լայնածավալ ներխուժում Սյունիք։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ երկչոտ արձագանքեց Բաքվի սուլթանի հոխորտանքին, նշելով, որ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության վրա «եթե անգամ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր գցել, չի ստացվի, քանի որ խաղաղապահների աշխատանքը հստակ և համակարգված է՝ ի նպաստ ճգնաժամի կարգավորման»:
Ի՞նչը դրդեց Ալիևին անթաքույց ագրեսիվ հայտարարություններ անել։ Ըստ երևույթին, Անկարայի հետ համատեղ վերլուծելով իրավիճակը, Բաքվում հանգել են այն կարծիքին, որ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները ոչ մի բանի չեն հանգեցնի, Մոսկվայի վրա ճնշումը կուժեղանա, չեն բացառվում լուրջ ցնցումները, և այդ պայմաններում պետք է ամրապնդել իրենց դիրքերը, մասնավորապես՝ իրականացնել Արցախի ամբողջական զավթման և Սյունիքի բռնազավթման ծրագրերը։
Բնականաբար, Ալիևի այդօրինակ հայտարարություններն անհնար կլինեին առանց Թուրքիայի աջակցության և հավանության։ Մանավանդ Մոսկվայում հայ-թուրքական բանակցությունների մեկնարկի նախօրեին։ Այդ հայտարարությունները նշանակում են, որ Երևանի վրա լուրջ ճնշում է գործադրվելու Անկարայի կողմից, որը նախապայմանների նոր փաթեթ է պատրաստել։ Այդ կապակցությամբ Ալիևը հստակ ուղերձ է հղում Փաշինյանին։
Ինչո՞վ կպատասխանի պաշտոնական Երևանը։ Ոչնչով։ Լսեցին, ընդունեցին հրահանգն ու անցան կատարմանը։