Եվրամիությունը ողջունում է հայ-թուրքական բանակցությունները Մոսկվայում
Եվրամիությունը ողջունել է հարաբերությունների կարգավորման նպատակով Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը Մոսկվայում։ Այս մասին ասվում է եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԵՄ-ն ողջունում է Երևանի և Անկարայի պատրաստակամությունը՝ աշխատելու հարաբերությունների կարգավորման և հատուկ բանագնացների նշանակման ուղղությամբ։
«Այս ուրբաթ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարևոր քայլ էր, և Եվրամիությունը կոչ է անում Թուրքիային և Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ Հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա կոնկրետ քայլերը լավ նորություն կլինեն տարածաշրջանային կայունության և հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար երկու երկրների հետ փոխգործակցության տեսանկյունից։ 2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 միլիոն եվրո է հատկացրել նախագծերին, որոնք ուղղված են հարաբերությունների կարգավորման համար հիմք նախապատրաստելուն մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը և կրթությունը»,-ասվում է Ստանոյի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը: