ՀՀ-ն կարող է արտադրել հիմնականում օպերատիվ մարտավարական դասի ԱԹՍ–ներ

Դեռ մինչև 2018 թվականը Հայաստանում արտադրվել են ԱԹՍ–ներ, որոնք հիմնականում եղել են հետախուզական դասի, խոսվում էր նաև հարվածային ԱԹՍ–ների արտադրության մասին։ Այսօր Հայաաստանի ռեսուրսային հնարավորություններն այդ հարցում թույլ են տալիս խոսել նախևառաջ օպերատիվ մարտավարական դասի ԱԹՍ–ների մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովը։

Նրա կարծիքով` խոսքն առանչվում է փոքր օբյեկտներին, սարքավորումներին, որոնք կարող են լոկալ մարտավարական խնդիրներ լուծել։ Ըստ նրա` միկրո դասի սարքերը թեև այնքան էլ արդյունավետ չեն, կատարում են նեղ ֆունկցիոնալ գործառույթներ, բայցևայնպես, օգտագործվում են հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից, իսկ հիմնականում ակտիվորեն կիրառվում են օպերատիվ տակտիկական ԱԹՍ–ները, որոնք մեծ քանակով արտադրում է, օրինակ, Ռուսաստանը, և դրանք սահմանափակ հեռավորության վրա կիրառվող և սահմանափակ երկարությամբ թռիչքի հնարավորությամբ օժտված սարքեր են։

«Սակայն դրանք չեն կարող համեմատվել այն դասի ԱԹՍ–ների հետ, որոնք հայտնի դարձան վերջին շրջանում։ Խոսքն, օրինակ, վերաբերում է «Բայրաքթարներին», որոնք ունեն միջին բարձրության վրա երկար թռիչքներ իրականացնելու կարողություն։ Դրանց արտադրությունը բարդ է, և նույնիսկ Թուրքիան մի քանի երկրներից է ստանում անհրաժեշտ դետալները»,– ասաց ռազմական վերլուծաբանը։

Հարությունովի դիտարկմամբ` իհարկե հնարավոր է ԱԹՍ–ներ արտադրել և օգտագործել, բայց սկզբում կառաջանան հուսալիության և բարձր տեխնոլոգիական արդյունավետության հետ կապված խնդիրներ, թե ինչպես կաշխատեն, օրինակ, տեսախցիկները կամ ինչպես կհավաքվի ինֆորմացիան։ Ըստ նրա` անհրաժեշտ է զբաղվել և՛ անօդաչուների, և՛ դրանց հակազդող միջոցների արտադրությամբ։

«Կոնկրետ Հայաստանի դեպքում ԱԹՍ–ների կարևորությունը խիստ արդիական է, որովհետև մեր երկիրը մարդուժի խնդիր ունի, ուստի ռազմական ոլորտում ռոբոտիզացիան այդ առումով շատ հեռանկարային է։ ԱԹՍ–ների համապարփակ պաշտպանության համակարգը պահանջում է ոչ միայն պասիվ, այլև ակտիվ հակազդեցություն` ներգրավելով ռազմաօդային ուժեր, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ հարվածներ հասցնել ենթակառուցվածքներին, որոնցից օգտվում են հակառակորդի ԱԹՍ–ները»,– ասաց ռազմական վերլուծաբանը։

Հարությունովի գնահատմամբ` բալանսավորումը պետք է լինի նաև տեսակների ընտրության մեջ, այսինքն` եթե Հայաստանն ունի համարժեք ֆինանսական, տնտեսական, գիտական ներուժ, ապա պետք է տեղում ծավալի արտադրություն, իսկ առավել ծախսատար դասի անօդաչուները լոկալիզացնելու հեռանկարով պետք է գնի արտերկրից, ինչը թույլ կտա և՛ ժամանակ շահել, և՛ ֆինանսական միջոցներ տնտեսել։

Նշենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հունվարի 13-ին հայտարարել էր, որ մի քանի ընկերություն կարող է մոտակա ժամանակ վերջնական ավարտել ու պաշտպանության նախարարությանը հանձնել թռչող, իրենց նպատակին ծառայող ԱԹՍ-ներ։

Հարցին, թե հույս կա՞, որ 2022 թվականի ավարտին մենք կունենաք ամբողջական պատկեր, նախարարն ասել էր` հաստատ, նույնիսկ ավելի շուտ։