Ռուբինյան. Հայ-թուրքական բանակցություններն ընթացել են առանց որևէ կոնսպիրոլոգիայի

Հայ-թուրքական բանակցություններն ընթացել են առանց որևէ կոնսպիրոլոգիայի և ոչ մի կերպ չեն թաքցվել հանրությունից։ Այս մասին հունվարի 17-ին Ազգային ժողովի նիստում ասաց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից խորհրդարանի փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների հարցերին։

Ռուբինյանը, մասնավորապես, հիշեցրեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի՝ դեռևս անցած տարի արած հայտարարությունների մասին։ «Այն ժամանակ նշվել էր, որ հայ դիվանագետները այս հարցով իր հետ քննարկումներ են անցկացրել։ Հետո այդ տեղեկությունները հաստատեց նաև Հայաստանի ԱԳՆ-ն։ Դրանից հետո թուրքական կողմը հայտարարեց բանագնացի նշանակման մասին։ Դրանից հետո հատուկ ներկայացուցիչ նշանակեց նաև Երևանը։ Հանդիպման վայրը՝ Ռուսաստանի ԱԳՆ Ընդունելությունների տուն։ Այն ընտրվել էր ռուսական կողմի աջակցությամբ։ Բայց ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչ կապ ունի այս հարցը խորհրդարանի օրակարգի հետ։ Դուք կարող եք այն տալ կամ կառավարության ժամին, կամ պարզապես մոտենալ ինձ նիստի ընդմիջմանեը, և ես ձեզ ամեն ինչ կպատմեմ։ Ավելին, անգամ սուրճ կհյուրասիրեմ։ Կամ էլ ժամանակ կգտնեմ և հրապարակային կպատասխանեմ բոլոր հարցերին»,- հավաստիացրեց Ռուբինյանը, տեղեկացնում է News.am։

Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում։