ՀԱՂԹՈՂԻ «ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՊԱՐՏՎՈՂԻ ՀԵՏ
Դե, ահա և կայացավ Քըլըչ-Ռուբինյան բանակցությունների առաջին փուլը։
Քննախույզ փորձագետները նկատել են, որ Ռուբինյանին ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն տեղափոխող մեքենայի վրա հայկական դրոշ չկար, իսկ այ թուրքականի վրա, ինչպեսև հարկն է, փակցրած էր Թուրքիայի դրոշը: Դիլետանտների թիմի հերթական անփությությո՞ւնն է: Կամ գուցե ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը ներկայումս գլխավորող Վաղարշակ Հարությունյանի՞նը։ Թե՞ դա բանակցային գործընթացի իրողություններն արտացոլող հերթական սիմվոլիզմն է։
Չէ՞ որ ինչ գեղեցիկ փաթեթավորմամբ էլ այդ գործընթացը մատուցվի, ըստ էության, դրանք բանակցություններ են 44-օրյա պատերազմում հաղթած կողմերից մեկի և պարտված կողմի միջև...
Պատերազմին Բաքվի հետ մեկտեղ Թուրքիայի մասնակցության մասին խոսվել է բազմիցս։ Դրանք և՛ թուրք ռազմական խորհրդականներ են, որոնք ծրագրել են գործողությունները, և՛ թուրքական անօդաչու թռչող սարքերը, և՛ թուրքական զինանոցում ընդգրկված F-16 կործանիչները, որոնք վերահսկում էին երկինքը պատերազմի ընթացքում, և՛ վարձկանները, որոնց Թուրքիան մատակարարում էր Ադրբեջանին Սիրիայում իր բռնազավթած շրջաններից: Այդ պատերազմում հաղթած Բաքուն իրենն արդեն ստացել է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության տեսքով, թեև շարունակում է պահանջներ ներկայացնել։ Իսկ Անկարա՞ն, որին Ալիևը պարտական է անասելիորեն։
Հիմա եկել է նաև Թուրքիայի հերթը՝ քաղելու հաղթանակի պտուղները։ Եվ նրա համար այնքան էլ կարևոր չէ, որ այդ գործընթացն ընթանալու է «հարաբերությունների կարգավորման» ցուցանակի ներքո։ Ի վերջո, երրորդ հազարամյակում ենք ապրում, շրջանառության մեջ կան դիվանագիտական բազում ձևակերպումներ։ Գլխավորը, որ գործընթացը թույլ կտա Անկարային կոծկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման. դե, ինչո՞ւ բարձրացնել ցավոտ հարցը, երբ Անկարայի ու Երևանի միջև «կառուցողական երկխոսություն» է հաստատվում։ Գլխավորը, որ գործընթացը թույլ կտա Անկարային 2016-ի Կարսի պայմանագրի հաստատում պոկել Երևանից, որի արդյունքում Թուրքիային են անցել Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը։
Գլխավորը, որ գործընթացը թույլ կտա վերջապես իրար կապել թյուրքական աշխարհը «Զանգեզուրի միջանցքով»։ Գլխավորը, որ թուրքական կապիտալը հնարավորություն կստանա նվաճել Հայաստանը։ Գլխավորը, վերջապես, գործընթացը թույլ կտա Անկարային հեշտությամբ խուսափել 44-օրյա պատերազմին իր մասնակցության հետ կապված բոլոր հարցերից, քանզի ի՞նչ հարցեր, եթե Երևանի հետ սկսվում է խաղաղություն, բարեկամություն ու սեր։ Եվ ամենագլխավոր ամփոփումը. այդ ամենի արդյունքներով Թուրքիան իր մշտական գլխացավանքի փոխարեն կստանա վերահսկվող կիսակայացած պետական կազմավորում՝ առանց տարածաշրջանային որևէ հավակնությունների, այդ երկիրն աստիճանաբար լքող բնակչությամբ։
Երկար սպասված նպատակներին հասնելու համար Անկարան շատ բանի է պատրաստ։ Նույնիսկ «առանց նախապայմանների կառուցողական երկխոսության»։ Ի՞նչ նախապայմաններ։ Ինչի՜ մասին է խոսքը։
Ոչ մի նախապայման չկա և չի լինելու, այլ լինելու են պարզապես Անկարայի առաջարկներն այն մասին, թե ինչպես, ինչ հունով պետք է ընթանա երկու անկախ պետությունների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այնպես, որ բոլորը գոհ լինեն, ինչպես միջազգային մի համաժողովում ձևակերպեց Փաշինյանը։
Ե՛վ Մոսկվան, որի համար ծանր է կապիտուլյացիայի ենթարկված դաշնակցի մասին հոգ տանելը, և՛ Արևմուտքը, որը հույս ունի, թե գործընթացը կհանգեցնի տարածաշրջանում Մոսկվայի դիրքերի թուլացման, և՛ Բաքուն, որը կստանա երկար սպասված միջանցքը, և՛ Անկարան, որը կազատվի հավերժական «Հայկական հարցից»։
Դե, նաև Փաշինյանը, իհարկե։ Քանի որ «խաղաղության դարաշրջան» կբացի տարածաշրջանում։ Անգամ եթե Անկարայի հետ նախատեսվող պայմանավորվածությունների արդյունքում ընդդիմադիրները սկսեն անվանել իրեն արդեն կրկնակի կապիտուլյանտ։ Մանրուքներ են։