ԹՇՆԱՄԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՈՂ «ԵՐԱԶԱՆՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Փաշինյանի իշխանախումբը շարունակում է սեփական կորպորատիվ շահերի լայն սպասարկումը՝ շռայլ գտնվելով պարտության պատասխանատուների ֆորմալ (ինչպես Վաղարշակ Հարությունյանի) և ոչ ֆորմալ (ինչպես Սամվել Բաբայանի) կարիերային աճի հարցում։ Ինչպես հանրության մնացյալ շերտերը, այդպես էլ զինվորականությունը, գեներալները բաժանված են հնի ու նորի, սև-սպիտակի, ընդ որում՝ այդ ալոգիկ բաժանմամբ՝ պաշտպանության նախկին երկարամյա փոխնախարար Գագիկ Մելքոնյանն, օրինակ, «սպիտակ» է, իսկ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, անհամեմատ երիտասարդ Օնիկ Գասպարյանը՝ «նախկին»։ Մեր բոլոր անհաջողությունների արմատը հենց այստեղ է՝ հայրենիքին ծառայող զինվորականին քաղաքական ճամբարավորում վերագրելը։

Նախ Ադրբեջանի, հիմա արդեն Թուրքիայի քմահաճույքներով շարժվող և նրանց բոլոր նախապայմանները բավարարող իշխանությանն ի՞նչ անուն տաս, անգամ «կապիտուլյանտն» է մեղմ այս դեպքում։ Դժվար է պատկերացնել՝ էլ ի՞նչ պիտի ցանկանան Ալիևն ու Էրդողանը, որ Փաշինյանն անմռունչ կատարի, երբ առանց որևէ դիմադրության խոսքով ու գործով հանձնում է Արցախը, հրաժարվում Հայոց ցեղասպանության հիշողությունից ու թշնամու հետ խաղաղ գոյակցություն քարոզում։ Կարո՞ղ է որևէ մեկը պնդել, որ նման իշխանության առկայությամբ հնարավոր էր պատերազմ հաղթել, թե՞ կընդունի, որ սա նախևառաջ քաղաքական և ոչ թե ռազմական պարտություն էր, քանի որ ռազմագործողությունների ընթացքը կանխորոշվել է նման որակի վերնախավի որոշումներով։

Փոխանակ միջազգային հանրության հետ օրուգիշեր հետևողական աշխատանք տանելու, Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի ողբերգական հետևանքները ցույց տալու, Փաշինյանի իշխանախումբն իր խոսքով, գործողություններով ու անգործությամբ ավելի է մոտեցնում Արցախի վերջնական հանձնումն ու հայաթափումը, Հայաստանի խոցելիության մեծացումն ու հերթական թշնամական գործողությունների սանձազերծումը։

Բաքուն Արցախի հարցով Երևանի հետ այլևս որևէ բանակցություն չի էլ ծրագրում, Ալիևն անթաքույց ծաղրում է Մինսկի խմբին, ասում ՝ ինչով ուզում է՝ թող զբաղվեն, միայն ոչ Արցախի հարցով, քանի որ այն արդեն լուծված է։ Ստացվում է՝ Երևանն ու Բաքուն բացառապես սահմանազատման, ապաշրջափակման և խաղաղության համաձայնագրի, ասել է թե՝ Արցախի հանձնման փաստաթղթերի շուրջ են բանակցում։

Ի հեճուկս Ալիևի ու նրան ձայնակցող Փաշինյանի ջանքերի՝ միջազգային հանրությունը և համանախագահ երկրները պարբերաբար հայտարարում են, որ արցախյան հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, փաստաթուղթ չկա, և տարրերը՝ կարգավիճակը, խաղաղապահների տեղակայումը, փախստականների վերադարձը, հանրաքվեի անցկացումը, Բերձորի միջանցքի լայնությունը դեռևս պետք է քննարկվեն։ Սոսկալի է, որ գետնատարած արժանապատվության և պետականության բացակայության պայմաններում անգամ այս հայանպաստ պնդումներին Երևանից արձագանք չկա։ Պատասխան չկա նաև Ալիևի նոր սպառնալիքներին, նվաստացումներին և ռևանշից խուսափելու մասին զգուշացումներին։

Արտաքին քաղաքականության արմատական վերակազմակերպման չգնալու դեպքում մեզ ավելի մեծ աղետներ են սպասում։ Փաշինյանի ինքնասիրությունը միգուցե չի խոցվում թշնամու հնչեցրած նման ստորացումներից, բայց այդ նվաստացումը տարածվում է պետության և նրա բոլոր քաղաքացիների վրա։ Այլ կերպ ասած՝ սա ոչ թե քաղաքականության, այլ պարզ քաղաքացիական և պետական արժանապատվության ու բարոյականության հարց է։