ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ․ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ ՀԱՅ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՅՑԵԼԵԼ ԴԱԴԻՎԱՆՔ

Դադիվանքը դեռ չի ընդունում հայ ուխտավորներին, հայտնի չէ՝ երբ կկարողանան ուխտագնացները պատարագի մասնակցել հինավուրց վանքում։ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Դադիվանքում շարունակում են մեկուսացած մնալ 5 հայ հոգևորականներ։

«Մեր 5 հոգեվորականները միշտ այնտեղ են։ Մուտք չեն գործել միայն ուխտավորները՝ մայիսից։ Հոգևորականներն այնտեղ են, իրենց ծառայությունը մատուցում են ըստ արժանվույն, ըստ պատշաճի»։

Հինգ հոգևորականների հետ առաջնորդը կապի մեջ է՝ թե հոգևոր, թե հեռախոսով։ Նրանք, անհրաժեշտության դեպքում այցելում են Ստեփանակերտ ու Երևան, ապա կրկին վերադառնում վանք։ Նրանց հետ Դադիվանքի տարածքում մի քանի տասնյակ ռուս խաղաղապահներ կան։

«Նրանք մեր ծառայողներն են։ Վանականներն իրենց վանական կյանքի մեջ են, երբ անհրաժեշտ է լինում՝ այցելել ՝ Երևանի կամ Ստեփանակերտ, մենք արտոնում ենք, իրենք գալիս են, գործերն անում ու վերադառնում, բայց նրանք մշտապես իրենց ծառայության վայրում են։ Իրենք չեն շփվում ադրբեջանցիների հետ, հոգևորականներն իրենց բոլոր գործառույթներն իրականացնում են խաղաղապահների հետ»։

Տեր Վրթանեսը հայտնել է, որ հոգևորականների խորհուրդն աղոթելն է, ժամերգություններ ու պատարագներ իրականացնելը։ Հիշում է՝ ժամանակին ուխտավորներ էին այցելում վանք, մկրտության, օրհնության կարգ էր մատուցվում։

Ուխտավորների մուտքը արգելելու պատճառների մասին Տեր Վրթանեսը չգիտի։ Հայ ուխտավորներն, օրինակ կարողանում են խաղաղապահների ուղեկցությամբ այցելել Ամարասի վանք։ Տեր Վրթանեսը նշեց, որ Ամարասը արգելված գոտի չէ, խաղաղապահների հետ հնարավոր է մուտքը, որտեղ ամեն կիրակի պատարագ է, ի տարբերություն Դադիվանքի, որն այս պահին Արցախի տարածք չի համարվում։

«Իրենք չեն թողնում և վերջ, առանց պատճառաբանության։ Ոչինչ չեն ասում։ Խաղաղապահները վանքի տարածքում են գտնվում, միասին են ապրում, անշուշտ սենյակները տարբեր են, առանձնացված են՝ նրանք զինվորական, իսկ հոգևորականները՝ հոգևոր ծառայություն են իրականացնում։ Թե ի՞նչ է մտածում ադրբեջանական կողմը՝ երկրորդական հարց է, մենք մեր անելիքներն ենք անում»։

Հայաստանի ու Արցախի սահմաններում լարվածություն պարբերաբար է նկատվում, , ցավոք, զոհվում են նաև խաղաղ բնակիչներ։ Թշնամին ագրեսիվ վարքագիծը չի փոխել, հայ հոգևորականները, սակայն լավատեսությունը չեն կորցնում։

«Ամեն հոգևորական լավատես է, չկա հոգևորական որ լավատես չլինի, որովհետև մի մարդ, որի կապը Աստծո հետ է, չի կարող լավատես չլինել։ Հուսալքված մարդը մեղքի մեջ ընկած մարդն է։ Մենք հուսալքված չենք, քանի որ միշտ Աստծու հետ ենք, նրա ներկայությունը զգում ենք մեր մեջ ու նույնը փոխանցում ենք մեր ժողովրդին՝թե խոսքի միջոցով, անհատական զրույցներով, ընդհանրական աղոթքներով, թե քարոզի, ժամերգությունների ձևով, այցելություններով՝ զորամասեր»։

Ադրբեջանը պատերազմից հետո էլ հայտարարում է, պնդում թե Արցախ գոյություն չունի, ավելին՝ շարունակում է ագրեսիվ քաղաքականությունն ու ստանում արժանի պատասխան՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հոգևորականը պնդում է, ճշմարտությունը դրանից չի փոխվում։

«Ադրբեջանցիները կարող են նման բան ասել, բայց ճշմարտությունը մնում է ճշմարտություն։ Արցախը հայկական է և պետք է մնա հայկական, պետք է շարունակենք այստեղ ապրել, հզորանալ, մեր պետության կողքին լինել, մեր արժեհամակարգի, երեխաների կողքին լինել և արժանի զավակներ դաստիարակել, որ ավելի սիրեն մեր երկիրը, դառնան նվիրյալ առաջնորդներ ապագա մեր հայրենիքի և ժողովրդի համար։ Սա է մեր առաքելությունը և կարծում եմ, չենք ձախողի, որովհետև մենք Աստծո հետ ենք»,- ասաց Տեր Վրթանեսը։

Նշենք, որ ապրիլի վերջից ադրբեջանական կողմը հայերի համար փակել է Դադիվանքը, մինչև այդ՝ կիրակի օրերին սահմանափակ թվով հայ ուխտավորների թույլ էին տալիս վանք գալ, աղոթել ու պատարագի մասնակցել: Ավելի վաղ հաղորդել էինք, որ ադրբեջանցիները վանքը փակել էին սկզբում պատճառաբանելով, թե քովիդի համաճարակ է, հետո էլ ասացին, թե Թարթառը վարարել է, ճանապարհը՝ փլուզվել և վանք հասնել չեն կարող: Այժմ, սակայն, արգելքի պատճառաբանություն չկա։

«Փաստինֆո»