Արցախի ԱԳՆ. Նպատակն անփոփոխ է՝ Արցախի միջազգային ճանաչում

2020 թվականի պատերազմից հետո Արցախի համար սուբյեկտիվության պահպանումն էլ ավելի կարևոր է դարձել: Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով` 2021 թվականը յուրահատուկ տարի էր երկրի և դրա յուրաքանչյուր բնակչի համար։ «Երրորդ պատերազմի աղետից հետո վերականգնումը սկսելու ժամանակն է: Արցախը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այն վիրավոր է։ Բայց կարող ենք արձնագրել, որ վերակենդանացման բաժանմունքից կամաց-կամաց տեղափոխվում ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Առաջին հերթին պետք է հաղթահարել ծանր հոգեբանական վիճակը»,- ​​նշեց Բաբայանը։

Նախարարը հիշեցրեց, որ Արցախի ԱԳՆ-ն, ինչպես և այլ երկրների արտգործնախարարությունները, վարում է պետության ղեկավարի որոշած քաղաքականությունը: «Նպատակները նույնն են։ Դրանց այլ նպատակներ են ավելացել։ 2021 թվականին մենք փորձում էին ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանենք մեր շահերը միջազգային կառույցներում և աշխարհաքաղաքական գործընթացներից դուրս չմնանք»։

Այս համատեքստում, շարունակեց նախարարը, շատ կարևոր է ներկայացնել սեփական դիրքորոշումը: Ճանապարհներից մեկը հայտարարություններ անելն ու փաստաթղթերը միջազգային կազմակերպություններում տարածելն է։ ԵԱՀԿ-ում տարածվել է 20 փաստաթուղթ, ՄԱԿ-ում՝ 15, Եվրախորհրդում՝ 4, ընդհանուր՝ 39 փաստաթուղթ։ Արտաքին գործերի նախարարությունը 32 պաշտոնական հայտարարություն ու մեկնաբանություն է արել, 88 պաշտոնական հաղորդագրություն է տարածել։ Այս բավականին ակտիվ գործընթացն ընթացել է Հայաստանի և Սփյուռքի հետ համագործակցությամբ։ Արցախի ԱԳՆ-ն ակտիվորեն ներկայացված է նաև սոցցանցերում: Նախարարը հատկապես շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին համագործակցության համար՝ որպես Արցախի դիրքորոշումը ներկայացնելու կարևոր միջոց։ Հայրենական լրատվամիջոցներից բացի, հարցազրույցների համար դիմել են մամուլի ներկայացուցիչներ 14 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Եվրոպայից և Լատինական Ամերիկայից։ «Աշխարհագրությունը մեծ է: Դա թույլ է տալիս ներկայացնել մեր դիրքորոշումը տարբեր երկրներին»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով` 2022 թվականին նպատակներն ու խնդիրները նույնն են մնում՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը զուգահեռ բարեկամ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացում, Հայաստանի և Սփյուռքի հետ կապերի ամրապնդում։ Ամենակարևոր նպատակը սուբյեկտիվության պահպանումն է, որպեսզի աշխարհը տեսնի, որ Արցախը կա և զարգանում է, մենք ենք մեր ճակատագրի տերը,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:- Ամենակարևոր ուղղությունը շարունակում է Արցախի միջազգային ճանաչումը լինել։ 2020 թվականի պատերազմից հետո սուբյեկտիվության պահպանումն էլ ավելի կարևոր է դարձել»։ Խոսելով տարածված փաստաթղթերի արդյունավետության մասին՝ նախարարը նշեց, որ դրա մասին կարելի է դատել Ադրբեջանի պահվածքից, դրա նյարդայնությունից։ Նրա խոսքով` փաստաթղթերը վերաբերում են բազմաթիվ հարցերի՝ հումանիտար ոլորտին, գերիների վերադարձին, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացվող մշակութային ցեղասպանությանը։ «Արդյունք կա, և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»,- նշեց արտգործնախարարը, տեղեկացնում է News.am։