ՔՎԱԶԻՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ո՞ր երկիրն է վերջին ամիսներին Ադրբեջանից հասցեականորեն պահանջել կամ առավել ևս ճնշում գործադրել Ալիևի վրա՝ Հայաստանին հանձնելու Բաքվի բանտերում պահվող հարյուրավոր հայ ռազմագերիներին։ Եթե ամիսներ առաջ գոնե կարելի էր «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման միջազգային կոչեր լսել, ընդ որում՝ անանուն և անհասցե, այսօր դա էլ չկա։ Սա այն դեպքում, երբ Հայաստանում այլևս ադրբեջանցի որևէ ռազմագերի չի պահվում, գերեվարվողներն էլ առանց նախապայմանների արագորեն թշնամուն են վերադարձվում, իսկ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թիվն ու անվանացանկը հայտնի չէ։ Պատերազմի ավարտից շաբաթներ անց թշնամուն ապօրինաբար հանձնելով ապացուցված հանցագործներ Գուլիևին և Ասկերովին՝ Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց մեր վերջին հաղթաթուղթը։

Գերիների եվ անհետ կորածների հարազատներն անցած մեկ տարում կոտրեցին հնարավոր բոլոր դռները՝ կառավարությունից և ԱԺ-ից մինչև ՊՆ և ԱԱԾ։ Նրանց անարձագանք թողնելն այս իշխանության անգործունակության ամենացցուն փաստն է։ Փաշինյանը թերևս չի ընկալում, որ իր քվազիպաշտոնավարումը մեր կյանքը դուրս է բերել սովորական ուղեծրից և հանգեցրել մշտական ճգնաժամային վիճակների, որի կառավարման ունակություններին, սակայն, ինքը չի տիրապետում։

Ավելին՝ այս իշխանախումբն իր անգործությամբ հանրության խոցելի հատվածին՝ գերիների և անհետ կորածների բարեկամներին, մղում է արմատականության, ընդհուպ ապօրինությունների։ Այս ֆոնին ընդդիմության գործողություններն անգամ չափից դուրս զուսպ են։ Առաջին նախագահը Քոչարյանին և Սարգսյանին մեղադրում է իշխանությունն ամեն գնով զավթելու փորձերի համար, այն դեպքում, երբ ընդդիմության մասին կես կատակ, կես լուրջ՝ կարելի է պնդել ճիշտ հակառակի՝ իշխանությունից չարամտորեն խուսափելու տարբերակը։ Միով բանիվ՝ Փաշինյանի իշխանախումբն իր վարքագծով հանրությանը մղում է անկառավարելի և չհաշվարկված գործողությունների, որոնք ինչ-որ պահի իր համար էլ կարող են դառը հետևանք ունենալ։

Հայաստանն առանց այդ մասին հայտարարելու վաղուց դադարել է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր լինելուց, հրաժարվել է հակամարտության երբեմնի համապարփակ կարգավորումից և ոչ միայն կորսված տարածքներն է դիտարկում իբրև Ադրբեջանի տարածք, այլև ամբողջ Արցախն է առնվազն խոսքային մակարդակում նվիրաբերում թշնամուն։ Արցախի (ինչպես և ՀՀ-ի)՝ սահմանապահ դարձած գյուղերն ամբողջովին անպաշտպան են թշնամու առաջ և զուրկ են նվազագույն ապառազմականացված անվտանգության գոտուց։ Սա այն դեպքում, երբ ըստ կապիտուլյացիոն հայտարարության՝ խաղաղապահ զորակազմը պետք է տեղաբաշխվեր շփման գծի երկայնքով։ Թշնամու հետ հայաստանյան սահմանը ևս լրջորեն թերպաշտպանված է և չկահավորված, իսկ հաղթանդամ հատուկջոկատայինները Կութում կամ Դավիթ-Բեկում դիրք պահելու փոխարեն զբաղված են Երևանի կենտրոնում ցույց ցրելով։

Հայկական կողմը, փաստացի, անկարող է պահանջելու նույնիսկ իր կապիտուլյացիայի պահանջների ամբողջական կատարումը՝ գերիների վերադարձը և շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ալիևը վերջերս խոստովանեց, որ Փաշինյանն անգամ չի ստորագրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ, նրան ընդամենը տեղյակ են պահել այդ մասին, բայց նա հրաժարվել է տեսակապին մասնակցելուց։ Միգուցե փաստաթղթի կազմման բանակցություններին և՞ս չի մասնակցել։ Ամեն դեպքում, թշնամու հետ պայմանավորվածությունների իրագործումը դեռևս անավարտ է, Ադրբեջանը մեզնից նոր զիջումների ակնկալիք ունի, և Փաշինյանի տիեզերական համառությունը՝ ամեն գնով կառչելու սեփական աթոռից, ստիպում է համոզվել դրանում։