ՕԴՈՒՄ ԽՏԱՑԱԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԿԱԽՎԱԾ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՓՈԽԱՐԵՆ
Հայաստանի դրոշի ներքո անվանապես հանդես եկող վայ-դիվանագետների՝ Արարատ Միրզոյանի, Ռուբեն Ռուբինյանի և այլոց խոսքն ու վարքը ցավալիորեն ամեն անգամ ապացուցում են, որ Հայաստանը կորցրել է ինքնիշխանության վերջին բեկորները։ Մեր պետության հետ տարածաշրջանում անգամ ամենահետնապահ ուժերը վարվում են իրենց ցանկացածի պես։ Մեր նորացված, փոքրացված սահմանագիծն ամրակայելու և կահավորելու փոխարեն Ադրբեջանն է գծում մեր սահմանները՝ հայկական պետության փաստացի անգործության, դիմադրության բացակայության պայմաններում։
Ջուրն է նետվել արցախյան շարժումն սկսած և պատերազմում հաղթած սերնդի ամբողջ վաստակը։ Գարեգին Նժդեհի՝ արյան և արցունքի գնով պահած, պանթուրանիզմի երազանքը խորտակած Սյունիքն այսօր տարածաշրջանի մեծերի խաղասեղանին է, և նրա ճակատագիրը որոշվում է մեզնից անկախ։ Ադրբեջանի նորացված վարչատարածքային բաժանման որոշումներով ակնհայտ է դառնում, որ Սյունիքը թշնամու համար շատ ավելի ցանկալի պատառ է, քան անգամ Արցախը։
Արցախի մեծագույն մասի օտարումն իրականում իր հայրենիքից հայկական տարրի ապամոնտաժման երկար շղթայի ընդամենը առաջին արարն էր, բուն թիրախը Սյունիքն է։ Թուրքիայի ախորժակը միայն բացվել է, և Էրդողանի ու Ալիևի տեքստերից ակնհայտ է, թե ինչպիսի հավակնություններ ունեն Հայաստանի հարավի նկատմամբ։ Հայկական զինուժի բարոյալքված, տեխնիկապես չվերականգնված, կամակատար հրամկազմով վիճակում անհնար է պատկերացնել իրական դիմադրություն Արցախի և Սյունիքի շարունակական հանձնմանը։
Բանակի սպայակույտի հեղինակության զգալի անկումը ոչ միայն պարտության, այլև դեռևս պատերազմի օրերին իշխանությունը չվերցնելու և Փաշինյանի անընդունելի հրամաններին ենթարկվելու հետևանքն է։ Ո՛չ Երևանում, ո՛չ Ստեփանակերտում գեներալիտետն իր ձեռքում չկենտրոնացրեց պատերազմի կառավարումը, մինչդեռ այսօր արդեն ակնհայտ է, որ դա պատերազմից նվազագույն կորուստներով և հնարավորինս արագ դուրս գալու միակ ելքը կլիներ։ Գեներալների համար պարզ էր, որ քաղաքական հրամանները կոտրում են մեր զինուժի ողնաշարը, բայց նրանք շարունակում էին ենթարկվել։ Փաշինյանի անձնական որոշմամբ իրականացված Ջրականի գործողությունն, օրինակ, ըստ դաշտային հրամանատարների վկայությունների, կործանարար դարձավ մեր բանակի համար։
Որքան էլ անցնի, ինչպիսի ներքին իրողություններ էլ փոխվեն, հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ բանակցություններում Փաշինյանն ի զորու չի լինելու բանակցել Ալիևի հետ։ Նրա խեղճացած, ստորացած ընկալումը թշնամու և գործընկերոջ աչքերում երբևէ չի վերանալու։ Փաշինյանը համարձակություն չունեցավ անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը կից քարտեզ կամ հավելված պահանջելու, դրա հետ՝ նաև երկաթյա երաշխիքներ, որ այդուհետ սահմանագիծն անգամ մեկ սանտիմետրով չի փոփոխվի։ Փոխարենը՝ տրվեց Ալիևի շանտաժին, համաձայնեց հայտարարության տեքստին թերևս անգամ առանց այն ընթերցելու, անմռունչ շարունակեց տարածքներ հանձնել նաև պարտությունից հետո։
Մինչդեռ պարտությունից անմիջապես հետո բանակցողին փոխարինելու դեպքում միանշանակ հնարավոր կլիներ փաստաթղթի սողանցքները, անորոշությունները մեկնաբանել մեր օգտին։ Իր հաղթանակից ավելի քան մեկ տարի անց թշնամին միայն ամրապնդում է սեփական բանակն ու շարունակում խոսել ուժի դիրքերից, իսկ Հայաստանին արգելված է հաղթահարել պարտվածի բարդույթն ու զբաղվել բանակի վերածնությամբ։ Այս նվաստացուցիչ գործելակերպը շարունակվելու է այնքան, քանի դեռ պարտությունը խորհրդանշող ղեկավարն իշխանության է։