Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԼԻՆԵԼ ԲԱՔՎԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԵՏ ՍԿՍՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՎ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է կապված լինել այն գործընթացների հետ, որոնք պաշտոնական Երևանը սկսել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանն ասել է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Արմեն Սարգսյանի հրաժարականն անակնկալ էր ոչ միայն Հայաստանի հասարակության, այլև քաղաքական գործընթացների մասնակիցների մեծ մասի համար։ Ամենայն հավանականությամբ, Սարգսյանի հրաժարականը կապված է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում նախանշվող զարգացումների հետ», - ասել է նա։

Քաղաքագետի գնահատմամբ, Հայաստանի քաղաքական շրջանակներում ավելի են ակտիվանում խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է ստորագրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգման համաձայնագրեր։

«Շատերը հենց Սարգսյանի անակնկալ հրաժարականը կապում են այս ոչ պոպուլյար պայմանագրերի համար պատասխանատվություն վերցնելու ցանկության բացակայության հետ», - նշել է Մելիք-Շահնազարյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ի երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել։

Նշենք նաև, որ ըստ տեղեկությունների, Սարգսյանը հրաժարական է տվել Լոնդոնից։

Timesam