ԲԱՔՈՒՆ ՏԱԼԻՍ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրման պահից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ադրբեջանական զինված ուժերը 69 հանցագործություն են կատարել Արցախի բնակիչների դեմ: Այդ փաստերով հարուցվել է 54 քրեական գործ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԼՂՀ գլխավոր դատախազությունը, հաղորդում է Sputnik Արմենիան։

Նշվում է, որ այդ ընթացքում սպանվել է երեք քաղաքացիական անձ և տասը զինծառայող, սպանության փորձի են ենթարկվել 77-ը (այդ թվում՝ 50 զինվորական), տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 37 անձ (28 զինվորական): Այսպիսով, դատախազությունը նշում է, որ Ադրբեջանը մշտապես խախտում է եռակողմ հայտարարության պայմանը հրադադարի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանի ահաբեկչական ու ցեղասպան գործողությունների ընդարձակումը զսպող գործոններ շարունակում են դարձյալ մնալ հայ զինվորը և ռուսական խաղաղապահ ուժերը, ասվում է դատախազության հայտարարության մեջ:

Բայց անհնար է լռել ։ Անհնար է չհամաձայնել Արցախի դատախազության հետ։ Ադրբեջանական կողմը լկտիաբար խախտում է եռակողմ հայտարարության բոլոր կետերը, իսկ ներկայացված վիճակագրությունը դրա ակներև վկայությունն է։ Ընդ որում, այդ թվերի մեջ հեշտությամբ կարելի է գտնել նաև այն հարցի պատասխանը, որը ոչ վաղ անցյալում տվեց Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին և Թուրքիային։

Անցած տարվա նոյեմբերի վերջին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց ընդ որում ակնկալում է Անկարայի և Բաքվի պատասխանն այն հարցին, թե ցանկանո՞ւմ են արդյոք նրանք ոչնչացնել Հայաստանը, շարունակել և ավարտին հասցնել հայ ժողովրդի ցեղասպանությունը: Նա նշեց նաև, որ կցանկանար, որ Ադրբեջանն ու Թուրքիան պարզ պատասխանեին այդ հարցին, ըստ որում ոչ թե խոսքով, այլ գործով։

«Թող պատասխանեն՝ իրենք ուզում են հայ ժողովրդին ոչնչացնե՞ն, հայկական պետականությունը ոնչացնե՞ն, շարունակե՞ն ցեղասպանության քաղաքականությունը։ Եթե այո, մեզ ի՞նչ ընտրություն է մնում, բացի դիմադրությունը։ Եթե ոչ, ուրեմն իրենք ճիշտ են, որ կա պատմական շանս՝ էս տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու։ Մենք պատրաստ ենք, մեզ թուրք ասելով՝ չեն կանգնեցնի»։

Պատասխանը, ըստ էության, ստացված է։ Ընդ որում՝ հենց այն ձևով, ինչպես ցանկանում էր Փաշինյանը. ոչ թե խոսքով, այլ գործով։ Արցախի դատախազության լոկ մեկ հայտարարությունն էլ բավական է՝ հասկանալու համար, որ, մասնավորապես, Ադրբեջանը ոչ միայն ցանկանում է, այլև կոնկրետ քայլեր է ձեռնարկում հայերի և հայոց պետականության ոչնչացման ուղղությամբ։ Սակայն հայկական իշխանությունը, դիմադրելու փոխարեն, նախընտրում է «խաղաղության և կայունության» պատրաստակամությունը։

Երկու շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահը, հարցազրույց տալով մի քանի հեռուստաալիքների, հայատյացության հերթական նոպայի մեջ հայտարարեց. «Մենք շատ ուշադիր հետևում ենք Հայաստանում բանակաշինության բոլոր փորձերին. և՛ իրենց ուժերով, և՛ իրենց դաշնակիցների օգնությամբ։ Դրա համար էլ ես անկեղծ ու բաց ասել եմ, որ եթե մենք տեսնենք մեր անվտանգությանը սպառնացուղ թեկուզ աննշան վտանգ, ապա դա անմիջապես կոչնչացվի։ Որտեղ էլ որ այն լինի, Հայաստանի տարածքում որքան էլ խորը գտնվի, մենք այն պարզապես կոչնչացնենք։ Դա պետք է իմանան ու հասկանան բոլորը, և առաջին հերթին՝ հայկական ղեկավարությունը»։

Ըստ էության, հենց դա էր Ալիևի պարզ պատասխանը Փաշինյանի այն հարցին, թե ցանկանում են արդյոք Բաքուն ու Անկարան ոչնչացնել Հայաստանը։

Ուրիշ էլ ի՞նչ պիտի ասի Ալիևը, էլ ի՞նչ հանցագործություններ պիտի կատարեն ադրբեջանական զինված ուժերը, դեռ քանի՞ հայ պետք է զոհվի ադրբեջանական գնդակներից ու արկերից, որ Փաշինյանը վերջապես լսի Բաքվի միանշանակ պատասխանը իր հռետորական հարցին։ Դեռ քանի՞ կյանք պիտի զոհաբերի հայ ժողովուրդը, որպեսզի գիտակցի, որ Փաշինյանի «խաղաղ օրակարգը» ոչ այլ ինչ է, քան ինքնաոչնչացման ուղի։