«ԵՂԻՍԱԲԵԹԻ ԶԱՎԱԿԸ» ԼՔՈՒՄ Է ԽՈՐՏԱԿՎՈՂ ՆԱՎԸ

Ի՞նչ կնշանակե «Եղիսաբեթիչի» հրաժարականը: Նախազգուշացում հասարակությանը՝ մեզ սպասվող չափազանց լուրջ մարտահրավերների մասին։ Այլապես նա երբեք չէր հեռանա, այլ կշարունակեր հանգիստ նստած մնալ իր աթոռին՝ առանց լիազորությունների, ինչպես որ հանգիստ նստած էր, երբ Նիկոլը խախտում էր Սահմանադրությունը պատերազմից առաջ, ինչպես որ հանգիստ նստած էր պատերազմի ժամանակ, ինչպես որ հանգիստ նստած էր, երբ Նիկոլն անարգել հանձնում էր Հայաստանի դիրքերը պատերազմից հետո։ Իսկ հիմա հեռացավ։ Ի՞նչ ավելի լուրջ մարտահրավերներ են սպասվում Հայաստանին, քան այն, ինչի միջով մենք արդեն անցել ենք։

Մեծ հաշվով, մենք պետք է շնորհակալ լինենք «Եղիսաբեթիչին» այս նախազգուշացման համար։ Եվ այս հնարավորության։ Քանզի նախագահի հրաժարականը հարված է Փաշինյանին։ Նախագահի թեկնածուի վերաբերյալ վարչապետի ցանկացած որոշում կասկածելի կդիտվի և միայն կընդգծի նրա դիրքերի թուլությունը. Նիկոլը չունի և չի կարող ունենալ համարժեք լուծում։

Վերջին նշանակումներն արդեն իսկ կադրային քաղցի վկայությունն էին։ Գնալով նվազում է այն մարդկանց թիվը, որոնց վստահում է Փաշինյանը. ուստի պատասխանատու տեղերում նա նշանակում է իր ամենահավատարիմ թիմակիցներին։ Դրանք են՝ «մշտական» Արգիշտի Քյարամյանը, Սուրեն Պապիկյանը, Ռուստամ Բադասյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սասուն Խաչատրյանը։ Սրանք ասես Ֆիգարոն լինեն. մերթ այստեղ են, մերթ այնտեղ։ Դե, և իհարկե՝ ամեն ինչի համաձայն ու միշտ ինքնագոհ Ալենը: Իսկ նախագահի պաշտոնում իսկապես արժանի թեկնածու առաջադրել Փաշինյանն անկարող է։

Նախագահի որոշումը փաստացի հրահրում է նոր ճգնաժամ։ Կկարողանա՞ արդյոք Նիկոլը չոր դուրս գալ դրանից։ Բարդ խնդիր է, քանի որ արտաքին բոլոր մարտահրավերներն ուժի մեջ են. Արցախի խնդիրը, Ադրբեջանի սպառնալիքները, Թուրքիայի ծրագրերը, միջազգային քաղաքական ճգնաժամը։ Հենց այս խորապատկերին է Նիկոլը ստիպված լինելու նախագահ ընտրել իր կադրային դատարկությունից։

Նախագահի հրաժարականը նաև ազդանշան է Նիկոլի թիմի համարժեք անդամներին։ Եվ չնայած վարչապետը հայտարարում է, թե միայն ինքն է որոշում, թե նախարարներից ով պետք է շարունակի աշխատանքը, իսկ ով՝ հեռանա, կարծում ենք, նրանցից շատերն անքուն գիշեր են անցկացրել՝ մտորելով այն հարցի շուրջ, թե ժամանակը չէ՞ արդյոք, որ իրենք էլ հիշեն առողջական խնդիրների մասին, եթե նույնիսկ Արմեն Սարգսյանն է որոշել, որ ճողոպրելու ժամանակն է։

Դե ինչ, ահազանգը ստացված է։ Այսօր Նիկոլը միջոցառում է անցկացնում՝ «մամուլի առցանց ասուլիս» անվանումով։ Իրականում պատասխանելու է նախապես ուղարկված և նախապես ընտրված հարցերին։ Այսօր մենք ականատես կլինենք դեմագոգիայի հերթական հրավառությանը։ Ընդ որում բնավ պատահական չէ, որ «մամլո ասուլիսն» անցկացվում է դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած այն հայտնի ասուլիսից ուղիղ մեկ ամիս անց, երբ վարչապետը հանգամանորեն բացատրում էր «Ադրբեջանի իրավունքները Հադրութի և Շուշիի նկատմամբ» և «պարզաբանում» իրական ինքնորոշման Արցախի հնարավորությունների բացակայությունը... Այսօր նախատեսված է երկրորդ մասը։

Պայքարը հանուն Հայաստանի մտնում է վճռական փուլ։ Ցավոք, դա կոշտ պայքար է լինելու։ Վատն այն է, որ խորտակվել կարող է ոչ միայն Նիկոլի կառավարությունը, այլև հայոց պետականությունը։ Քանզի ի տարբերություն «Եղիսաբեթիչի», Նիկոլը չունի իր Անգլիան, որտեղ կկարողանա հանգիստ վայելել ապահով ծերության պտուղները։

Հ.Գ.- BBC-ն հաղորդում է, որ Մեծ Բրիտանիան սկսել է տարհանել իր դիվանագետներին Ուկրաինայից։

Основная тема:
Теги: