ՍՔՈՂՎԱԾ ՇԱՀԵՐ

Ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունը հերքել է հայկական մամուլում տարածված այն տեղեկությունը, որ ցանկանում է ձեռք բերել Հայաստանի Արարատի մարզի բիտումի գործարանը, հաղորդում Է Sputnik Արմենիան: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովն ասել է, թե նման ենթադրություններն անհեթեթ են՝ «հաշվի առնելով SOCAR-ի մասշտաբները»: «SOCAR-ը Հայաստանում բիտումի գործարանի կարիք չունի և ընդհանրապես շահեր չունի այդ երկրում»,- ասել է Ահմեդովը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. դե, այո, իհարկե, Ադրբեջանի պետական ընկերությունը չի կարող շահեր ունենալ Հայաստանում: Այդպիսիք կարող են լինել թերևս միայն Հայաստանի և Հայաստանի միջև (Գորիս-Կապան) ճանապարհի 20-կիլոմետրանոց հատվածի նկատմամբ, որտեղ նույն SOCAR-ը իր բենզալցակայանն է դրել։ Հաշվի առնելով «SOCAR-ի մասշտաբները»՝ այդ նախագիծը (կոմերցիոն տեսանկյունից՝ բացարձակապես անհեռանկարային) ընդհանրապես վարկաբեկիչ է ընկերության համար։ Կրկնեմ. խոսքը փաստացի լքված ճանապարհին տեղադրված բենզալցակայանի մասին է։ Բայց այնուամենայնիվ դա կառուցեցին։ Իսկ այ բիտումի գործարան գնելը, տեսեք-տեսե՜ք, իրենց պատվից ցածր է։

Իրականում ակնհայտ է, որ SOCAR-ը, չխնայելով պատկառելի ընկերության իր հեղինակությունը, ձեռնամուխ է եղել բենզալցակայանային գաղափարի իրագործմանը հեռահար քաղաքական ծրագրերով. նստեցնել Հայաստանի քաղաքացուն ադրբեջանական բենզինի վրա։ Դա՝ առաջին փուլում։ Այնուհետ՝ հայկական շուկայի գրավում ու մենաշնորհացում, դրանից բխող բոլոր քաղաքական շահաբաժիններով, որ կստանա Բաքուն։ Բնականաբար, նույն ծրագրում միանգամայն տեղավորվում է նաև բիտումի գործարանը գնելու և հետագայում Հայաստանի ճանապարհաշինության ոլորտի նկատմամբ Ադրբեջանի էական վերահսկողություն հաստատելու գաղափարը։ Այ, տվյալ դեպքում SOKAR-ի մասշտաբն ու կարգավիճակը համապատասխանում են Բաքվի համար այդչափ կարևոր ռազմավարական խնդիրներին։ Այնպես որ Հայաստանի նկատմամբ ընկերության հետաքրքրության բացակայության մասին հեքիաթները դրա ներկայացուցիչը թող պատմի իր տատին։

Մինչդեռ կարելի է հասկանալ նման նախաձեռնությունները չբարձրաձայնելու ընկերության ցանկությունը։ Ադրբեջանական հասարակությունը դժվար թե հրճվանքով ընդունի ադրբեջանցի հարկատուների փողերը հայկական, այսինքն՝ իրենց համար թշնամական երկրի գանձարանին հարկ վճարող ձեռնարկությունում ներդնելու գաղափարը։ Դե արի ու բացատրիր միջին վիճակագրական ադրբեջանցուն, թե ինչ բան է տնտեսական էքսպանսիան։ Գնա ու բացատրիր շարքային հայատյաց ադրբեջանցուն, որը վստահ է, թե Երևանն ու Սևանը իրեն են պատկանում և երազում է աշխարհի քարտեզից Հայաստանի անհետացման մասին, որ Հայաստանի բռնազավթման համար, բացի յաթաղանից ու «բայրաքթարից», կան նաև այլ, մասնավորապես՝ տնտեսական ուղիներ: Ադրբեջանցին, որին սնել ու աճեցրել են ինքնադրսևորման և ինքնահաստատման միջնադարյան բարբարոսական կանխադրույթներով, ինչպիսին, ասենք, հրճվանքն է «ռազմավարի այգու» բացման առթիվ, դժվար թե հավանություն տա ագրեսիայի ավելի մեղմ (տնտեսական), այն էլ՝ տևական ժամանակ պահանջող մեթոդներին։ Այնպես որ եթե SOCAR-ն իսկապես բանակցություններ է վարում բիտումի գործարանը գնելու շուրջ, ապա այդ մասին տեղեկություններն ամեն դեպքում կսքողվեն ընկերության կողմից։

Ցավոք, պետք է խոստովանել, որ նույն տեղեկատվությունը հայ հասարակությունն ընկալում է բացարձակ անհամարժեքորեն։ Կան մարդիկ, և այդպիսիք քիչ չեն, որոնք դրական են գնահատում այդօրինակ հնարավոր գործարքները։ Օրինակ, կարծիք կա, որ եթե ադրբեջանցիները գնեն գործարանը, ամեն դեպքում այն մերն է լինելու, իբր՝ հո չեն տանելու իրենց մոտ։ Ոչ, իհարկե, հայոց հողի վրա կառուցված գործարանը կմնա իր տեղում։ Այլ բան է, որ ադրբեջանցիները անվերապահորեն վստահ են, որ այդ տեղը պատկանում է իրենց, որ գործարանն իրենք չեն տանելու, այլ պարզապես ժամանակի ընթացքում դրա գտնվելու վայրը դառնալու է ադրբեջանական տարածք։

Հայաստանի գործող կառավարության օրակարգը հենց այդպիսի տրամադրություններ է ձևավորում հայ հասարակության մեջ, զրկում նրան ինքնապահպանման տարրական բնազդից և թուլացնում իմունային համակարգը։ Եվ դա այն պայմաններում, երբ հարևան երկրում ընթանում են ճիշտ հակադիր գործընթացներ, իշխանությունները հետևողականորեն ազդանշաններ են հղում հասարակությանը, որոնք տրամադրում են ագրեսիայի և դաժանության։ Ըստ էության, հենց այդ պատճառով էլ SOCAR-ը զառանցանքներ է բարբաջում Հայաստանում իր շահերի բացակայության մասին, վախենալով զայրացնել շարքային ադրբեջանցուն հայոց պետության ոչնչացման մեղմ մեթոդներով։