ԱՐՓԻՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Երևան-Գորիս ավտոմայրուղու հարևանությամբ տեղակայված Արփի գյուղում կարևոր խնդիր է լուծվել: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), չորս տարի շարունակ՝ 2018 թվականից, այս գյուղում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի քանի ծրագիր են իրականացրել: Փողոցների արտաքին լուսավորության վերջին փուլն իրականացվել է 2021 թվականին: Ընդհանուր առմամբ, գյուղի ամբողջ երկայնքով փողոցային լուսավորություն ապահովելու նպատակով, այդ ամբողջ ընթացքում տեղադրվել է 234 LED-լուսարձակ։ Լուսավորված տարածքը կազմել է 9 կմ ճանապարհ, որից 2,5 կմ-ը լուսավորվել է 2021 թվականին՝ 62 լուսարձակի տեղադրմամբ: Ծրագրի իրականացմանն աջակցել է նաև Արենիի համայնքապետարանը: Տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, Արփիում ավարտել են երկարաժամկետ արդյունք ապահովող՝ էներգախնայող համակարգերի ներդրման գործընթացի վերջին փուլը:

«Այս ծրագիրը շատ կարեվոր է ոչ միայն բնապահպանական, էներգախնայողության, համայնքային միջոցների տնտեսման, այլև մարդկանց անվտանգության ապահովման և հոգեբանական առումով: Այն թույլ է տալիս ոչ միայն երկարաժամկետ արդյունք ապահովել, այլև մեր հնարավորության սահմաններում՝ մեղմել մայրաքաղաքի և մարզերի միջև զարգացման առկա տարբերությունը: Ենթակառուցվածքների զարգացումը, թվարկված բոլոր առավելություններին զուգահեռ՝ քաղաքակիրթ պայմաններ է ապահովում հեռավոր մարզերում ապրողի համար: Տարիների՝ մեր գործընկերության հիմքում եղել է թվարկված նպատակների իրականացումն ու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորումը: Մեծ խնդիրները հնարավոր է լուծել նաև փոքր ծրագրերի միջոցով»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ուրախությամբ կարող ենք նշել, որ 2021-ին մեր առաջ դրված նպատակներից ևս մեկին կարողացանք հասնել։ Արփի գյուղը գրեթե ամբողջությամբ ապահովված է փողոցային լուսավորությամբ։ Ծրագրի արդյունքում Արփիի բնակիչներն ունեն առավել ապահով միջավայր, որը կնպաստի նաև համայնքային կյանքի աշխուժացմանը», - ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Գյուղի բնակիչների համար, տարիներ շարունակ, հատկապես ամռան գիշերներն անցել են անսովոր ռեժիմով. նրանք գիշերները հերթապահություն են սահմանել՝ գյուղ մտած արջերից համագյուղացիներին պաշտպանելու համար: Արտաքին լուսավորության ժամանակակից համակարգի գործարկման շնորհիվ, գյուղն առավել ապահովագրված կլինի վայրի կենդանիների «թիրախում» հայտնվելու հավանականությունից:

Հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Դա թույլ կտա այդ գյուղերը ներգրավել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են:

Էներգախնայող, ժամանակակից համակարգի գործարկումն արդյունավետ է բնապահպանական և համայնքի միջոցները տնտեսելու տեսանկյունից:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք http://www.mtsgsm.com։

«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

FPWC-ի մասին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

Галерея (8 фото)

Основная тема:
Теги: