ԵԽԽՎ զեկույց. Հայաստանն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում

Հայաստանն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում, ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) ներկայացված զեկույցում։

«Զեկույցում Մոնիտորինգային կոմիտեն ողջունում է այն փաստը, որ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել իր ժողովրդավարական զարգացման գործում 2018 թվականին քաղաքական ղեկավարության փոփոխությունից հետո և հաջողությամբ դուրս է եկել լուրջ քաղաքական ճգնաժամից, որն առաջացել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով, որը հաղթահարվեց մինչև 2021 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները»,- ասվում է զեկույցում։

Զեկույցում կոմիտեն գնահատում է ձեռք բերված առաջընթացը և մնացած խնդիրները, այդ թվում՝ ընտրական բարեփոխումների, ինստիտուցիոնալ ուժերի հավասարակշռության, քաղաքական միջավայրի, դատաիրավական բարեփոխումների և ԶԼՄ-ների միջավայրի հետ կապված, և մի շարք կոնկրետ առաջարկություններ է տալիս:

Կոմիտեն կշարունակի ուշադիր հետևել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանն առնչվող զարգացումներին, այդ թվում՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների պլանի համատեքստում:

Ընդհանուր առմամբ, Վեհաժողովը ողջունում է այն փաստը, որ Հայաստանը հաջողությամբ դուրս է եկել քաղաքական լուրջ ճգնաժամից, որը հրահրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ելքով։ Ճգնաժամը լուծվեց 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ ընտրություններով, որոնք կազմակերպվեցին ժողովրդավարական ճանապարհով՝ չնայած խիստ բևեռացված միջավայրին, նշվում է զեկույցում։

«Վեհաժողովը ողջունում է նաև բարեփոխումների իրականացումը, 2018 թվականին քաղաքական ղեկավարության փոփոխությունից հետո նոր նախագծերի մեկնարկը և Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցության աստիճանը, այդ թվում՝ խորհրդարանական պատվիրակության մակարդակով»,- ասվում է զեկույցում։

«Մասնավորապես, 2019 թվականի հոկտեմբերին Անձնական տվյալների մշակման մասով Անձանց պաշտպանության մասին կոնվենցիան փոփոխող արձանագրության ստորագրումը, 2020 թվականի մայիսին Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիայի վավերացումը, նոր Քրեական օրենսգրքի և նոր Քրեական դատավարական օրենսգրքի ընդունումը 2021 թվականին, որոնք շատ ավելի համահունչ են եվրոպական չափանիշներին, քան նախորդ օրենսգրքերը»,- հավելում են զեկույցների հեղինակները, տեղեկացնում է News.am։