Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՏՇԱՃ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՒՄ
Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե ինչ ահռելի և աննախադեպ աջակցություն են ցուցաբերում Արցախին և Արցախից տեղահանվածներին, սակայն պատերազմից հետո Հայաստանում ապաստան գտած արցախցիներին 20 և 40 հազար դրամ աջակցություն տրամադրելն ուղղակի ծիծաղելի է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Նախ, Արցախը կործանած մարդն այդ գումարներն իր գրպանից չի տալիս, մինչդեռ հենց իր գրպանից պետք է փոխհատուցեր, ոչ թե՝ ՀՀ պետական բյուջեից։ Նիկոլ Փաշինյանը լարվածություն է մտցնում Հայաստանում և Արցախում բնակվող մեր հայրենակիցների միջև՝ ցույց տալով, որ Հայաստանում տնտեսական խնդիրները հետևանք են՝ «Արցախը պահելու»։
Նախկինում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այս մասին ուղիղ էր ասում, իսկ Նիկոլ Փաշինյանը մի փոքր ավելի խորամանկ տեսակ է, և արցախցիներին ակնարկում է, որ բոլոր աջակցությունները սպառվել են, պետք է վերադառնան Արցախ և այլևս պահանջներ ներկայացնեն Արցախի կառավարությանը», - ասաց Մետաքսե Հակոբյանը։
Արցախցի պատգամավորի խոսքով՝ այսօր մեծ թվով արցախցիներ հայտնվել են Հայաստանում, որովհետև Նիկոլ Փաշինյանը հանձնել է նրանց հայրենիքը, և տեղահանված աձինք այլ տեղ չունեն ապաստանելու, քան հենց Հայաստանում։
«Այսօր Արցախում բնակարանային խնդիրն այնքան լուրջ է, որ մարդիկ մինչև անգամ նկուղներում են ապրում։ Եթե Արցախից տեղահանվածները վերադառնան, անգամ նկուղ չեն գտնի՝ տեղավորվելու և ապրելու։ Այնպես որ, այլ տարբերակ չկա, քան այդ մարդկանց ՀՀ կառավարության կողմից աջակցություն ցուցաբերել։ Բայց հերիք չէ՝ պատշաճ աջակցություն չի ցուցաբերվում, դեռ մի բան էլ ստորացնում են մարդկանց՝ իբրև 2 ամսով ևս երկարաձգելով տրամադրվող չնչին օգնությունը», - ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ 40 հազար դրամով Հայաստանում անհնար է բնակարան վարձել, իսկ ներկա գնաճի պայմաններում 20 հազար դրամով կարելի է հազիվ 1-2 օրվա սնունդ գնել։
Մետաքսե Հակոբյանը շեշտեց՝ արցախցիներին տրվող դրամական աջակցությունը կրճատելով՝ ՀՀ իշխանությունները նպատակ ունեն ստիպելու վերջիններիս արտագաղթելու, ինչն էլ, ի վերջո, անելու են Արցախ վերադառնալ չկարողացող, Հայաստանում գոյատևելու հնարավորությունից զրկված արցախցիները։
Հիշեցնենք, որ տեղահանված և Հայասանում բնակություն հաստատած արցախցիներն այսօր կառավարության շենքի առջև բողոքի հերթական ակցիան էին իրականացնում։ Նրանք ընդհուպ հայտարարել են, որ պատրաստ են դիմում գրել և հրաժարվել 20 հազար դրամ օգնությունից։