ՄԵՐ ԲԱՆԱԿԸ 30 ՏԱՐԵԿԱՆ Է
Հունվարի 28-ը մեր տոնացույցում հայտնվեց 30 տարի առաջ: Մինչև 2021 թվականը մենք հպարտությամբ էինք նշում Բանակի օրը՝ մեծարելով նրանց, ովքեր Երրորդ Հանրապետության կայացման տարիներին արեցին ամեն ինչ, որպեսզի հայոց երկրի սահմանները հուսալիորեն պաշտպանված լինեն:
44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՓՈԽԵՑ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐն ՈՒ ՄԱՐԵՑ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Թշնամիներից արտաքին սահմանները պաշտպանող բանակը բախվեց ներքին հակառակորդին, և այդ «երկրորդ ճակատը» պատմական տեսանկյունից շատ կարճ ժամկետում ոչ միայն պարտության հանգեցրեց պատերազմում, այլև խափանեց տասնամյակներ շարունակ կառուցված բանակային մեխանիզմը, արյունաքամ արեց Անդրկովկասի ամենամարտունակ բանակը։
Հունվարի 28-ին նվիրված հոդվածների հեղինակներն ամեն անգամ հիշատակում էին, թե ինչպես է ստեղծվել բանակը, ինչ դեր են խաղացել այդ գործում քաղաքական գործիչները, պրոֆեսիոնալ զինվորականներն ու պարզապես զենք վերցրած հայրենասերները: Բարդագույն ժամանակաշրջանում, մարտական իրավիճակում, զիջելով թշնամուն զենք ու զինամթերքով ապահովվածության առումով (հենց միայն Աղդամի պահեստի պաշարներն ինչ ասես արժեին…), մեր զինվորները բեկում մտցրեցին պատերազմում և 1994 թվականի մայիսին ստիպեցին հարևաններին ստորագրել անժամկետ հրադադարի համաձայնագիրը։
Հետագայում աշխատանքը բանակում շարունակվում էր։ Նոր տեխնիկա, սպայական կադրերի պատրաստում, աշխատանք անձնակազմի հետ, պարբերական զորավարժություններ: Ամենևին չիդեալականացնելով այն ամենը, ինչ արել են «նախկիններն» այդ տարիներին, պետք է արձանագրել, որ մեր արևելյան հարևանները չէին համարձակվում լուրջ ռազմական գործողությունների դիմել, իսկ 2016-ի ապրիլյան 4-օրյա արկածախնդրությունը ցույց տվեց, որ ադրբեջանցիները հաջողության հնարավորություն չունեն։ Ավելին, դիվանագիտական ճակատում էլ նրանք արդյունքում ստիպված եղան հետ քաշվել և համաձայնել զիջումների՝ սահմանի վրա միջազգային դիտորդների ինստիտուտի ստեղծման առումով, որոնք կարող էին պարզել, թե ով է առաջինը քար նետել։
Սակայն Հայաստանում դիտորդների տեղը զբաղեցրին «հեղափոխականները»։ Նրանց զինանոցում զանգվածային ոչնչացման գլխավոր զենքը պոպուլիզմն էր, և զանգվածների մի մասը կուլ տվեց «թավիշի» ներկայացուցիչների կողմից տիրաժավորվող էժանագին, պարզունակ կարգախոսների խայծը։ Արդյունքում պետական բոլոր կառույցները 2018 թվականի ապրիլից հայտնվեցին այն մարդկանց ձեռքում, որոնց ճնշող մեծամասնությունը կյանքում երբեք ոչինչ չէր կառավարել։ Ահա և նրանք գործի անցան՝ թևքերը քշտած։ Շատ շուտով հերթը հասավ բանակին։
Կադրային փոփոխությունների շարան, քաղաքականացված ամոթալի քրեական գործեր, պատերազմի բազմաթիվ հերոսների շարունակական վարկաբեկում, «Ազգ-բանակ» հայեցակարգի քննադատում, բարբաջանքներ պրոֆեսիոնալ բանակի անցնելու մասին (և դա՝ մեր բյուջեի ու մեր հարևանների պայմաններում). նշված ամենը նորերի «հեղափոխական մղումներից» լոկ մի քանիսն են։ Ո՜ւր էր թե այդքանով սահմանափակվեին։ Ավաղ, բանակի փլուզմանը միտված աշխատանքն ուղեկցվում էր արտաքին քաղաքական ճակատում արվող անպատասխանատու, անմիտ ու վտանգավոր հայտարարություններով։ Այդպես մենք մոտեցանք 2020 թվականի աշնանը, երբ թշնամին, պահը որսալով, լայնամասշտաբ ագրեսիա ծավալեց Արցախի դեմ ՝ թուրք-ադրբեջանական զինվորականության ոճրագործությունները չնկատող համաշխարհային «ժողովրդավարական» հանրության լիակատար թողտվությամբ։
44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքներն ու մանրամասները կբացահատվեն մոտ ապագայում։ Պարտության մեղքը «սլաքավարների» վրա բարդելու իշխանավորների փորձերը լոկ հետաձգում են ճշմարտության պահը։ Պատասխան են տալու անպայման, և ոչ թե պատմության, այլ ժամանակակիցների առջև, որոնց աչքի առաջ ոչնչից ծնվեց բանակը, որն իր 30-ամյակը դիմավորում է բնավ ոչ լավ տրամադրությամբ։
...Այսօր հերթական զորակոչն է ծավալվում։ Երիտասարդներին ծառայության ճանապարհողները բարդ հույզեր են ապրում։ Փափագը մեկն է. որ երեխաները բարեհաջող վերադառնան տուն, ընտանիք կազմեն, մեծացնեն իրենց զավակներին։ Բայց որպեսզի այդ ցանկությունը կատարվի մեր ժամանակներում և մեր իրավիճակում, անհրաժեշտ է ունենալ բանակ։ Մարդկությունը, ավաղ, ոչ մի նոր բան չի հորինել, չի փոխել իր մոտեցումը լատիներեն երկու ասույթների նկատմամբ՝ նախապատվությունը տալով փորձված ճշմարտությանը... «Եթե խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»։
Հունվարի 28-ին ցանկանում ենք շնորհավորել նախևառաջ նրանց, ովքեր այսօր կանգնած են դիրքերում։ Ուզում ենք հիշել բոլոր նրանց, ովքեր զոհվեցին՝ պաշտպանելով հայրենի հողը։ Հավերժ հիշատակ ննջեցյալներին, իսկ ողջերի համար վաղուց ժամանակն է դասեր քաղել պարտություններից։ Որպեսզի Բանակի օրն ու մյուս նշանակալից տարեթվերը դառնան տոնական։