ԱՌԱՆՑ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

Հայկական կողմը փորձում է հասկանալ, թե ինչն է անընդունելի Ադրբեջանի համար սահմանագծման և սահմանազատման հարցում։ Այդ մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։

Հունվարի 20-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի ցուցաբերած դիրքորոշումն ու սահմանազատման գործընթացն սկսելու մի շարք նախապայմանները բացարձակապես անընդունելի են Ադրբեջանի համար: Մինչ այդ Երևանը հաղորդել էր առաջարկների փաթեթը Բաքվին ու Մոսկվային փոխանցելու մասին։ «Թե ինչն է անընդունելի, մենք հստակեցումները դեռ չունենք, ճշգրտման փուլում են դրանք։ Քննարկում անընդհատ կա, քննարկումը շարունակվում է»,- նշել է Միրզոյանը։

Նախարարը պատմել է, որ փորձում են պարզաբանումներ ստանալ, թե հատկապես որ մասն է անընդունելի, ինչ հիմնավորմամբ և, ըստ այդմ, ինչ նոր լուծումներ կարող են առաջ քաշվել:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է, որ Բաքվին և Մոսկվային է փոխանցվել առաջարկությունների փաթեթ: Նրա խոսքերով՝ առաջարկությունները վերաբերում են ոչ թե սահմանագծմանը, այլ սահմանի վրա անվտանգության ու կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերին։ Խոսքը, մասնավորապես, զորքերի «հայելային» հետքաշման մասին է։ Փաշինյանը համարում է, որ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովը պետք է ձևավորվի հնարավորինս շուտ։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. դա լավ է, որ հայկական իշխանությունները փորձում են պարզել, թե հատկապես ինչն է անընդունելի Բաքվի համար։ Սակայն շատ ավելի լավ կլիներ, եթե հայկական կողմը իմանար, թե ինչն է անընդունելի իր համար։ Ցավոք, այդ հարցում նույնպես ոչ մի հստակություն չկա։ Ոչ ոք տեղյակ չէ, թե որտեղով են անցնում Երևանի այսպես կոչված կարմիր գծերը, մասնավորապես՝ սահմանագծման և սահմանազատման հարցում, և ընդհանրապես՝ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական երկխոսության գործընթացում։ Ոչ ոք չգիտի, թե որ հարցերում Հայաստանը փոխզիջումների չի գնա ոչ մի պարագայում։

Ըստ էության, զորքերի «հայելային» հետքաշման վերաբերյալ Երևանի առաջարկն ինքնին չի կարող ընդունելի լինել Երևանի համար մեկ պարզ պատճառով։ Նման սխեման ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է հեռացնի զորքերը հայկական տարածքներից, իսկ Հայաստանն էլ «հայելային» կերպով՝... նույնպես հայկական տարածքներից։ Հիշեցնենք, որ անցած տարվա մայիսից հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժել են հայկական տարածքներ և շարունակում են այնտեղ մնալ առ այսօր։ Համաձայնեք, «հայելին» ծուռ է ստացվում, քանզի արտացոլում է միայն Ադրբեջանի շահերը։ Այդուհանդերձ, պարզվում է, այդ տարբերակը ոչ միայն ընդունելի է հայաստանյան իշխանությունների համար, այլև համառորեն առաջարկվում է նրանց կողմից։

Միանգամայն տրամաբանական է, որ Բաքվին նման սխեման չի գոհացնում։ Տեսնելով, որ Երևանն ինքն է նախաձեռնում իր հերթական ծառայությունը, ադրբեջանցիներն ավելին են պահանջում։ Զարմանալի ոչինչ չկա, և հուսալու հարկ էլ չկա, թե Ադրբեջանը հստակ կնախանշի իր շահերի սահմանները, եթե Հայաստանը չի հստակեցնում սեփական «կարմիր գծերը»։ Չի անում դա նույնիսկ հայ հասարակության համար։ Հայաստանում որևէ մեկը գիտի՞, թե ինչը հաստատ չի զոհաբերի Փաշինյանը, չի զիջի Ադրբեջանին կամ Թուրքիային՝ հանուն տարածաշրջանում խաղաղության տխրահռչակ օրակարգի իրականացման։ Չի զոհաբերի թերևս միայն իր իշխանությունը

Արարատ Միրզոյանը հավաստիացնում է, թե փորձում է հասկանալ՝ Երևանի առաջարկների որ մասն է անընդունելի Բաքվի համար։ Մինչդեռ հայ հասարակությունը փորձում է հասկանալ, օրինակ, թե ինչո՞ւ է մոռացության մատնվել հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Եվ առհասարակ, ինչպես բազմիցս ընդգծել են հայ պաշտոնյաները, Բաքուն չի կատարում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերից գրեթե ոչ մեկը։ Մի՞թե դա բավական չէ, որպեսզի Երևանը հայտարարի բանակցությունների ցանկացած նոր թեմաների անընդունելիության մասին, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել արդեն գոյություն ունեցող պայմանավորվածությունները։ Սրանք ամենևին էլ նախապայմաններ չեն։ Սրանք այն տարրական պայմաններն են, որոնց առկայության դեպքում են միայն սկզբունքորեն հնարավոր երկխոսությունը, կողմերի փոխզիջումները։

Զուր է Միրզոյանը փորձում հասկանալ, թե Երևանի առաջարկների որ մասն է անընդունելի Բաքվի համար։ Իրականում Ալիևի համար քիչ է և միշտ էլ քիչ կլինի այն, ինչ իրեն առաջարկում է անընդունելիության սեփական սահմանները չնախանշած կողմը։