ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՓՈՒՆՋ ԱՊԱԳԱ ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ՀԱՄԱՐ
Քանի դեռ ՀՀ Սահմանադրության նկատմամբ նոր ոտնձգություններ տեղի չեն ունեցել, ըստ Մայր օրենքի ներկայիս կարգավորման՝ այն միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքների և կամ ռազմական ոլորտներին, պետք է նախևառաջ քննարկվեն գործադիրում, ապա դրա համար լիազորված անձն այն պետք է ստորագրի պետության անունից։ Դրանից հետո կառավարությունը պիտի հավանություն տա այդ փաստաթղթին, ստանա Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը և վերջում ներկայացնի Ազգային ժողով՝ այն վավերացնելու։
Փաշինյանի կողմից կնքված հայ-ռուս-ադրբեջանական երեք եռակողմ հայտարարություններից որևէ մեկի դեպքում այս ընթացակարգերն, ինչպես տեսնում ենք, չեն պահպանվել, հետևաբար՝ սահմանադրականության տեսակետից դրանք ի սկզբանե առոչինչ են։ Նույնիսկ նման կասկածահարույց կերպով ձևավորված Բարձր դատարանն ակնհայտորեն չէր կարող առնվազն նոյեմբերի 9-ի հայտարարությանը դրական եզրակացություն տալ։
Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած երկրի խորհրդարանն ու ՍԴ-ն հանցավոր անգործություն դրսևորեցին գործադիր իշխանությանը հակազդման հարցում, մինչդեռ Թուրքիայի և Ադրբեջանի պես ամբողջատիրական վարչակարգերը, հավատարիմ իրենց ներքին օրենսդրություններին, խորհրդարաններում հավանություն տվեցին այդ փաստաթղթերին։ Ի վերջո, ռուսաստանյան խաղաղապահ զորակազմը կարող էր Հայաստան և Արցախ մուտք գործել նաև առանց այդ եռակողմ պայմանագրի կնքման, օրինակ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ փաստաթղթերի կարգավորումներով։
Լուրջ իրավաբանական թիմի աշխատանքի դեպքում Փաշինյանին հնարավոր է Քրեական օրենսգրքի մի քանի տասնյակ հոդվածներով մեղադրանքներ առաջադրել։ Օրինակ, Մայր օրենքի համաձայն՝ ՀՀ տարածքային հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեով, իսկ Փաշինյանն այդ հարցերը լուծել է թշնամու հետ բանավոր փոխըմբռնումներով։ Մինչև պատերազմը նա պնդում էր, թե Արցախի հարցով բանակցելու մանդատ չունի, քանի որ Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել։ Այդ դեպքում ումի՞ց և ինչպե՞ս նա ստացավ Արցախի սահմանադրական տարածքի բացարձակ մեծամասնությունը հանձնելու միանձնյա մանդատ։
Իհարկե, վարչապետին ներկայացվելիք քրեական մեղադրանքները, բացի իրավականից, ծանրակշիռ բարոյական հիմնավորումներ էլ ունեն։ Ժամանակին Փաշինյանը նեղսրտում էր, թե պատերազմն ավելի շուտ չի կանգնեցրել, որ իր վրա դավաճանի պիտակ չկպցնեն։ Ըստ այդ տրամաբանության՝ մի քանի հազարով ավելի զոհ տալն ու վերջնարդյունքում նաև տարածքների կորուստն այդ պիտակից նրան ազատո՞ւմ է։ Փաշինյանի իրավաբան խորհրդականներից որևէ մեկը նրան չի՞ հուշել, որ միջազգային պայմանագրերում կողմերն իրավահավասար են։ Այդ դեպքում ինչո՞ւ են ադրբեջանցի փախստականները վերադառնում զավթված Արցախ, այնտեղ նրանց տներ են տալիս, իսկ, օրինակ, հադրութցի տեղահանվածներն առայսօր ապաստան չունեն։ Եվ կամ՝ կարո՞ղ է նա երբևէ պատկերացնել, թե ինչ է զգում այն քարվաճառցին, որին մի քանի ժամ են տվել՝ սեփական տունն ազատելու համար։
Պարտությանը հաջորդած մեկ-երկու ամսում, երբ լրջագույն մարդասիրական հարցեր կարելի էր լուծել, Փաշինյանը փաստացի անգործության էր մատնված, թաքստոցներում էր և զբաղված էր բացառապես սեփական անվտանգության ուժեղացմամբ։ Այդ ընթացքում անհետ կորածները թաքնվում էին անտառներում, նրանց մի մասը, ցավոք, չկարողացավ գոյատևել այդ անմարդկային պայմաններում։ Ո՞վ է պատասխան տալու այս դանթեական ողբերգության համար։ Քրեական օրենսգրքում վստահաբար կգտնվի այն հոդվածը, որը կբնութագրի հանցավոր անփութության պատճառով երիտասարդ տղաների՝ ոչ թե նպատակային նշանակությամբ մարտադաշտ մեկնելը, այլ մսաղացում հայտնվելն ու զոհվելը, խեղանդամ դառնալն ու դժոխային հոգեվիճակով տուն վերադառնալը։ Հոդվածից բացի՝ մնում է գտնել սկզբունքային ու անկաշառ այն իրավապահին, որը խիզախություն կունենա հարուցելու այդ քրեական գործը։