Արամ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ․ ԲԴԽ-Ն ՀԵԶԱԲԱՐ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՐՈՇՈՒՄ

ԲԴԽ-ն լուռ, համր ու հեզաբար կատարում է այս իշխանության ցանկացած որոշում, այս կարծիքին է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդման համաձայնությունը Բարձրագույն դատական խորհուրդը՝ ուշադրություն տվել է միաձայն: Պատկերացնում եք, դատավորներին պաշտպանող կառույցը միաձայն ասում է՝ հետապնդեք դատավորին: Որոշ ժամանակ առաջ ասել էի՝ ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող, հավասարակշռված ու պրոֆեսիոնալ վարք ու վարկ ունեցող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի:

Բոլորի համար պարզ է, որ ԲԴԽ-ն, լուռ, համր ու հեզաբար կատարում է այս իշխանության ցանկացած որոշում։ Եթե այս իշխանությունը որոշի պատժել հենց ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն դա էլ կանի՝ իրենք իրենց կպատժեն՝ առանց հարցնելու, հեզ ու խոնարհաբար», - գրել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է, որ մասնագիտական համայնքը դիրքորոշում է արտահայտում այս խայտառակ բռնապետական իրավիճակի վերաբերյալ։

Արամ Վարդևանյանը հիշեցրել է, որ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողի պաշտոնավարման հարցով (ի թիվս այլի՝ 65 տարին լրանալու մասով) դիմել էին Սահմանադրական դատարան. այդ գործով նիստը նշանակված է փետրվարի 8-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։

Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունը բավարարել:

Նշենք, որ Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել:

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։

Aysor.am