ՈՒՄ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼՆ Է ԽԱՉԱՏՐՅԱՆԸ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ԹԵ՞ ԳՌԶՈՅԻ
Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին անսպասելի հայտարարությունից հետո Հայաստանի գործող իշխանությունները փոքրիկ ներկայացում խաղացին։ Շրջանառության մեջ դրվեց Փաշինյանի այն ամենախորշելի թիմակիցներից մեկի անունը, որոնք կայուն հակակրանք են առաջացնում ողջամիտ հասարակայնության մոտ։ Սակայն մի քանի օր անց հայտարարվեց, թե քանի որ այդ թեկնածությունը բացասական արձագանք է հարուցել, իշխող կուսակցությունը որոշել է ընտրել մեկ ուրիշին։ Իբր՝ այ թե ինչպես են իշխանությունները հաշվի նստում հասարակական կարծիքի հետ, որ հրաժարվում են անընդունելի թեկնածությունից՝ հօգուտ ավելի չեզոք անձնավորության։
Սակայն նույն այդ ողջամիտ հասարակայնությանը գերազանց հայտնի է, որ Փաշինյանի կառավարությունը թքած ունի հասարակական կարծիքի վրա և անում է լոկ այն, ինչը բխում է շահախնդիր նպատակներից և կարող է ամրապնդել կապիտուլյանտի իշխանությունը: Եվ որ իրավիճակի լավագույն բնութագիրը «մրից ելանք՝ մրջուրն ընկանք» կամ «շունը շնից՝ երկուսն էլ մի տնից» կարգի ասացվածքներն են։ Մանավանդ որ խոսքը այն պաշտոնի մասին է, որը թեև կոչվում է «նախագահ՝ պետության ղեկավար», բայց ազդեցության չափազանց փոքր լծակներ է տրամադրում և գործնականում ոչ մի իշխանությամբ չի օժտում այն զբաղեցնող մարդուն։ Հետևաբար, թե հատկապես ով կնշանակվի իշխող կուսակցության կողմից նախագահի պաշտոնում, մեծ հաշվով առանձնակի նշանակություն չունի երկրի համար։
Իսկ խաղարկված պրիմիտիվ ինտրիգը ցույց տվեց լոկ այն, որ Փաշինյանի կադրային ընտրության հնարավորությունը շարունակում է մնալ ծայրահեղ աղքատիկ և սահմանափակվում է «պահեստայինների երկու նստարանով». ուսապարկեր և ՀՀՇ-ՀԱԿ-ի անդամներ, պարզ ասած՝ Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ։ Իսկ ընտրության չափորոշիչները հանգում են մեկ պահանջի. անձնական նվիրվածության, հետևաբար՝ իշխանությունների ցանկացած, այդ թվում բացահայտ հակահայկական քայլին աջակցելու և ստորագրությամբ այն ամրագրելու պատրաստակամության։ Պրոֆեսիոնալիզմի, պետական կառավարման հաջող փորձի, առանձնակի ձիրքերի և հաջողությունների, պետությանը մատուցած ծառայությունների կամ գոնե ներքին մակարդակով վայելած հեղինակության մասին խոսք անգամ լինել չի կարող։
Այդ իմաստով Վահագն Խաչատրյանը «ինքն է որ կա»։ Երբեք և ոչնչով աչքի չընկած ու չնշմարված «գորշ մկնիկ», Տեր-Պետրոսյանի հավատարիմ զինակից, որը Երևանի քաղաքապետ նշանակվեց խառնակ 90-ականներին (1992-1996թթ.)։ Այն ժամանակ դեռ երիտասարդ, կիրթ ու հավակնոտ թվացող Խաչատրյանը, սակայն, դրսևորեց իրեն որպես ՀՀՇ-ական պարագլուխների, առաջին հերթին՝ Վանո Սիրադեղյանի անդեմ, անձեռնհաս և կամազուրկ հաճկատար։ Իսկ թե կա մի բան, որով անուն հանեց, ապա բացառապես կոռուպցիոն գործարքներով. ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Երևանը Տեր-Պետրոսյանի կառավարման առաջին տարիներին համեղ պատառներով ու գրոշների դիմաց բառացիորեն մեջ-մեջ արվեց անկախ Հայաստանի առաջին օլիգարխների կողմից, որոնք կարողացան էներգետիկ ճգնաժամի, ցրտի ու սովի անասելի պղտոր ջրում բռնել իրենց առաջին, բայց շատ խոշոր «ձկները»՝ Արցախյան առաջին ազատամարտում կենաց ու մահու կռիվ տվող ժողովրդի շահերի հաշվին։
ՀՀՇ-ական օլիգարխներին և Վահագն Խաչատրյանի քաղաքապետության շրջանին մենք կվերադառնանք ստորև, իսկ առայժմ նշենք, որ սիրելի շեֆի հրաժարականից հետո նա, առանց այդ էլ լինելով աննշմարելի, ընդհանրապես չքացավ քաղաքական ու տնտեսական ասպարեզից։ Աշխատել է, դատելով կենսագրությունից, ինչ-որ անհասկանալի հետազոտական կենտրոններում, որպես փորձագետ չարձակելով նույնիսկ փոքրիշատե նկատելի ծպտուն։ Իսկ այ արդեն 2018-ի «հեղափոխությունից» հետո լույս աշխարհ ելավ ու սկսեց ինչ-որ «փորձագիտական» կարծիքներ հայտնել այս կամ այն հարցի շուրջ՝ ակնհայտորեն ակնկալելով բարձր պաշտոններ. չէ՞ որ իշխանությունը կրկին յուրայինների ձեռքում է։
2019 թվականին նրան աշխատանքի տեղավորեց Փաշինյանի հովանավոր ու սիրելի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը (ընտանեկան մականունը՝ Գռզո), ընդգրկելով իր Հայէկոնոմբանկի տնօրենների խորհրդում: Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից հետո Խաչատրյանին նշանակեցին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, և նա մեծ ուրախությամբ (դե, չէ՞ որ տերերը կրկին հիշել էին «գորշ մկնիկի» մասին) գնաց ծառայելու կապիտուլյանտի ռեժիմին: Որպես նախարար էլ անցած կես տարվա ընթացքում աչքի չընկավ բառացիորեն ոչ մի բանով, ներդաշնակորեն ընդգրկված լինելով ուսապարկերի՝ իրենց պարագլխին լիովին արժանի ապաշնորհների ու տգետների կառավարության մեջ։
Եվ ահա եկել է Վահագն Խաչատրյանի «աստեղային ժամը». իշխող կուսակցությունը առաջադրել է նրան նախագահի պաշտոնում։ Հայաստանը կստանա ոչ միայն նոր «անգլիական թագուհի», այլև չկայացած գործիչ, անդեմ էակ՝ պետության ղեկավարի պաշտոնում։ Միևնույն ժամանակ, այդ պաշտոնի գործառույթների և նշանակության ողջ աննշանությամբ հանդերձ՝ ընտրությունն, անշուշտ, քաղաքական ենթատեքստ ունի։ Առաջին հերթին՝ այն հարցի պատասխանի համատեքստում, թե ում հովանավորյալն է նա. իր ստրկական պաշտամունքի առարկա Տեր-Պետրոսյանի, թե՞ նոր տիրոջ՝ Գռզոյի։
Հասկանալի է, որ խոսքն, ըստ էության, նույն թիմի մասին է, սակայն կերպարները, համաձայնեք, տարբեր են. 77-ամյա պաշտոնաթող քաղաքական գործիչ, որի համար ամեն ինչ անցյալում է, և ակտիվ քաղաքականության մեջ ընդգրկված օլիգարխ, որի առջև անսահմանափակ հեռանկարներ են բացվում։
Այս առումով ցուցանշական է, որ միակ պատմությունը, որ հիշեցին մամուլում՝ Խաչատրյանի թեկնածության առաջադրման հետ կապված, հենց Սուքիասյանների հետ առնչվող գործարքն էր՝ քաղաքապետի աթոռին իր պաշտոնավարման ժամանակներում։ Ընդ որում, ոչ թե սովորական, այլ ակնհայտ կոռուպցիոն բոլոր հատկանիշներն ունեցող գործարք։ Ըստ էության, այդպիսի ռիսկեր թաքնված են այն ամենում, ինչ կապված է ՀՀՇ-ի իշխանության և Սուքիասյանների հետ, որոնք հետխորհրդային Հայաստանի պետական ունեցվածքի թալանի ու ռեյդերային զավթման առաջին ու թերևս գլխավոր շահառուներն էին։
Այստեղ մենք, իհարկե, չենք սուզվի ՀՀՇ-ի 7-ամյա հանցավոր կառավարման «խորխորատները», սակայն կանդրադառնանք լրագրողական հետաքննությունների կայքում՝ Hetq.am-ում հրապարակված հոդվածին, որը վերնագրված է «$5655. սեփականաշնորհում՝ «ջրի գնով»։ Խոսքն այնտեղ Երևանի կենտրոնում գտնվող հայտնի շենքի վաճառման մասին է Սուքիասյանների ընտանիքին, որն այն ժամանակ գլխավորում էր ներկայիս պատգամավորի հայրը՝ Ալբերտը։ Ըստ հետաքննության, 19-րդ դարավերջին կառուցված գեղեցիկ շենքը տեր-պետրոսյանական նորահարուստին է վաճառվել ընդամենը 5655 դոլարով, իսկ գործարքը ձևակերպել է ոչ այլ ոք, քան քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։
Ահա ընդամենը մի մեջբերում հոդվածից: «Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքային իշխանությունը ցանկացել է Երևանի սրտում հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն ունենալ։ Այդ նպատակով Արամի 3 հասցեի շենքը հատկացրել են «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին։ Անշարժ գույքն ընդամենը 5655 ԱՄՆ դոլարով սեփականաշնորհելուց հետո այն չի ծառայել նպատակին։ Սուքիասյանները վերակառուցել են շենքը և օգտագործում են բիզնես նպատակներով»։
Այսպիսով, հակառակ փաստաթղթերում նշված նպատակի, պատմական շենքը երբեք չի օգտագործվել որպես Հայ նկարիչների կտավների աճուրդի կենտրոն։ Այնտեղ տեղավորվել են Սուքիասյանների ընտանիքին պատկանող խանութներ ու գրասենյակներ, որոնք ոչ մի կապ չունեն արվեստի հետ։ Ինչպես նշվում է հոդվածում, շենքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքն այսօր կազմում է 999 մլն 192 հազար 711 դրամ (ավելի քան 2 մլն դոլար): Հեղինակը գրում է նաև, որ սեփականաշնորհման հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր, օրինակ՝ այդ հասցեում ապրող մարդկանց վերաբնակեցման հետ կապված, պարզապես անհետացել են։ Գործարքն իրականացնող անձինք՝ Խ.Սուքիասյանն ու Վ.Խաչատրյանը, որոնց լրագրողը դիմել է մեկնաբանությունների համար, երկուսն էլ հրաժարվել են որևէ բան ասել։
Սակայն երեկ Խաչատրյանն այնուամենայնիվ ստիպված եղավ պատասխանել տհաճ հարցին։ Ճաճանչափայլ ժպիտը դեմքին՝ սույն գործիչը հայտարարեց, թե իբր՝ սեփականաշնորհումն օգտակար է եղել Երևանին, քանի որ Սուքիասյանները վերականգնել և վերակառուցել են շենքը։ Պատասխան, որն ակնհայտորեն նախատեսված է Փաշինյանի զոմբիների համար. դե, հարկավ պիտի վերանորոգեին, չէ՞ որ ընտանիքն օգտագործել ու օգտագործում է դա բացառապես սեփական կոմերցիոն նպատակներով։ Ընդ որում ապագա նախագահը ջանադրաբար շրջանցեց գլխավոր հարցը. չնչին գինը, որով համաձայնել է վաճառել պատմական շենքը, ինչը հանգեցնում է մեն-միակ մտքի. ամենաճղճիմ կոռուպցիա։
Որ Խաչատրյանն իշխող խմբակցության կողմից կընտրվի նախագահի պաշտոնում, իհարկե, կասկածից վեր է։ Փաշինյանն ու իր թիմը կստանան իրենց առջև խոնարհվելու միշտ պատրաստ, հլու-հնազանդ նախագահ, որն ունակ չէ նույնիսկ այն ձևական քայլերին ու «ազատամտությանը», որ երբեմն իրեն թույլ էր տալիս Արմեն Սարգսյանը։ Իսկ այ «գորշ կարդինալ» Խաչատուր Սուքիասյանը, որն այսօր արդեն Հայաստանի թրքացման առևտրային գլխավոր շահառուն է (իր բիզնեսի բոլոր ոլորտներում. վառելիքային շուկայից մինչև ավիափոխադրումներ), դատելով ամենից, կառուցում է իշխանության սեփական բուրգը։
Իրոք որ, ո՞վ ասաց, թե Գռզոն քաղաքական հավակնություններ չունի և նրան չեն պատրաստում Փաշինյանին փոխարինելու համար։ Համենայնդեպս Անկարայի ու Բաքվի ջերմ, ամուր և անվերապահ աջակցությունը նրա համար հաստատ ապահովված է։