Գրիգորյանը և Օվերչուկը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու հայ գործընկեր Մհեր Գրիգորյանն այսօր Երևանում եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հրապարակվել է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում։
Դիտարկվել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները ։
Կողմերը քննարկել են նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանն ու հեռանկարներին։
Գրիգորյանն ու Օվերչուկը կարևորել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության դերը Հայաստանի տնտեսության համար: Քննարկվել են նաև կոնցեսիոն պայմանագրի շրջանակում ընկերության հետ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: