Այլընտրանքային նախագծեր խումբ․ ԼՌՈՂՆԵՐԸ ԿԿԻՍԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Համաձայնություն տալով դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու,նրան ազատությունից զրկելու և լիազորությունները կասեցնելու վերաբերյալ՝ Բարձրագույն դատական խորհուրդը վերածվեց գործող իշխանության պատժիչ համակարգի առանցքային օղակի։
Zonder-command-ի տրամաբանությամբ գործող՝ դատավորների իրավունքները պաշտպանելու համար ստեղծված կառույցը որոշումը կայացրել է միաձայն։
Այս որոշումը նախադեպ է ստեղծելու՝ ընթացիկ գործերով դատավորներին այս նույն եղանակով հեռացնելու համար։
Դատավորի նկատմամբ այս իրավական գործընթացը քաղաքական հրահանգներին չենթարկվող, օրենքով առաջնորդվող, «չվնգստացող» դատավորներին վախեցնելու և պատժելու ազդակ է: Սա դատարանների նկատմամբ շուրջ երեք տարի շարունակվող հետևողական արշավի հերթական դրսևորումն է, որը քայլ առ քայլ տանում է իշխանությունների կամակատար դատական համակարգ ունենալուն։Սա շրջադարձային պահ է, որից հետո Հայաստանը վերջանականապես կարող է գլորվել ամենաթողության անհավանական վտանգավոր փուլ։
Դատավորի նկատմամբ հետապնդումը որևէ կերպ չի տեղավորվում ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում ժողովրդավարության կայացման վերաբերյալ ԵԽԽՎ «փայլուն» բանաձևի տրամաբանության մեջ։ Տրամաբանության մեջ չի տեղավորվում նաև այն փաստը, որ քաղաքական ենթատեքստ ունեցող գործով կալանքի վերաբերյալ որոշում կայացնող դատավոր է ընտրվել այն անձը, որն այսօրվա իշխանությունների «Դըմփ, դըմփ, հու» -ի համար թմբուկ էր խփում։
Դատավոր Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը պետք է ազդակ լինի իրավաբանական ողջ համայնքի համար՝ դատավորներից մինչև փաստաբան. լռությունը կարող է շատ թանկ արժենալ: Բայց սա միայն իրավական համայնքի խնդիրը չէ։ Սա քաղաքական, հասարակական լայն շրջանակների, քաղաքական լիդերների, ողջ գիտակից հասարակության խնդիրն է։ Այսօր լռելը նշանակում է՝ կիսել պատասխանատվությունը՝ բոլոր անօրինականությունների և դրանց հետևանքների համար։