ՆԱ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ԱՅՆ ՄԱՐԴԸ ՉԷ՞, ՈՒՄ ԿԵՐՊԱՐԱՆՔՈՎ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է
Ցանկացած կարգին դետեկտիվ վեպի կամ ֆիլմի սյուժեն պետք է ենթարկվի ժանրի հրամայականին. հանցագործությունը կատարում է այն կերպարը, որին ընթերցողը կամ հանդիսատեսը ամենից քիչ է կասկածում ընդհուպ մինչև վերջնական հանգուցալուծումը։ Հակառակ դեպքում ինտրիգը սյուժեում իսպառ կբացակայի, և ողջ պատմությունը կվերածվի արխիվային քարտադարանից վերցրած սովորական քրեական գործի չոր վերաշարադրումի։
«Թավշե հեղափոխության» հետ կապված «դետեկտիվ» պատմության և դրանից հետո մեր գլխին եկած պատուհասների մեջ կա մի այդպիսի կերպար։ Դա ամենածպտյալ, ամենասուսուփուս, երկրում մոլեգնող սյուժետային հողմերից ամենից անջրպետված մարդն է։ Սակայն բոլորովին չեմ զարմանա, եթե հետագայում պարզվի, որ նա ամենևին էլ այն մարդը չէ, ում կերպարանքով ներկայանում է, կամ ինչպիսին նրան ներկայացնում են մյուսները։
Եկեք մի քիչ դատենք տրամաբանորեն:
Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարական տված պարոն Արմեն Սարգսյանին Հայաստանում ընդունված է համարել թույլ, կամազուրկ և պատասխանատվությունից խուսափող մարդ, որը նախագահի աթոռին հայտնվել է միանգամայն պատահականորեն և որոշակի հանգամանքների բերումով, որոնք անձամբ իրենից կախված են եղել ամենավերջին հերթին։ Ոմանք ընդհանրապես վախկոտություն են վերագրում Սարգսյանին՝ որպես նրա միակ տարբերիչ հատկանիշ, համալրված թերևս միայն կոնֆորմիզմի հակումով։ Մի խոսքով, հասարակության բոլոր խավերը, անկախ քաղաքական նախասիրություններից, նախագահի անձին վերաբերվել են և շարունակում են վերաբերվել հեգնանքով ու նույնիսկ արհամարհանքով։
Մինչդեռ շա՞տ բան է արդյոք հայտնի մեզ հայոց քաղաքական իրականության այդ «գորշ մկնիկի» մասին։ Մի՞թե չափազանց ճղճիմ ու պրիմիտիվացված չէ վերջին 4 տարիների Հայաստանի դրամատիկ իրադարձություններում այդ մարդու դերի և անձի մեր ընկալումը։ Եվ գուցե այդ կերպ մեզ կանխամտածված գցել են կեղծ հետքի վրա՞։
Չէ՞ որ խոսքը մի մարդու մասին է, որի կարողությունը, ըստ որոշ տվյալների, գերազանցում է մեկ միլիարդ դոլարը, իսկ նրա բիզնես-ակտիվները սփռված են աշխարհի բազմաթիվ երկրներում ու դիվերսիֆիկացված ձեռնարկատիրական գործունեության ամենատարբեր ոլորտներում։ Մենք խոսում ենք գիտնականի մասին, որն առ այսօր դասախոսություններ է կարդում արևմտյան ամենահեղինակավոր համալսարաններում, այդ թվում Հարվարդում ու Օքսֆորդում, և բազմաթիվ գիտական ինստիտուտների ու ընկերությունների պատվավոր անդամ է։ Հանձին նրա մենք ունենք դիվանագետի բազմամյա փորձ ունեցող անձ, որը հասցրել է ամուր կապեր հաստատել եվրոպական երկրների քաղաքական վերնախավի և գրեթե բոլոր մայրցամաքների ֆինանսատնտեսական շրջանակների հետ։ Խոսքն այն մարդու մասին է, որը, ինչպես ասում են, «նստում-ելնում է» արաբական միապետների հետ, սերտ հարաբերություններ պահպանում Վատիկանի կարդինալ-բոնզերի հետ և, վերջապես, ընկերական ելումուտ ունի բրիտանական թագավորական ընտանիք։
Մի քանի էջը չի բավականացնի նրա բոլոր առանձնաշնորհներն ու կոչումները նշելու, ինչպես նաև հարուստ կենսագրության նշանակալի փուլաշրջանները թվարկելու համար, մինչդեռ շարունակում ենք տրվել որպես ղեկավար այդ մարդու ապիկարության և որպես քաղաքական գործիչ նրա անճկունության մասին պարզունակ ասեկոսեներին։ Այսինքն՝ ստացվում է, թե միջազգային քաղաքականության, բիզնեսի և դիվանագիտության բնավ ոչ հանդարտ ծովը լայնքուերկայնքով հատած մարդը հանկարծ, ոչ դես, ոչ դեն, խեղդվում է հայկական «ջրափոսում»։ Ընդ որում խեղդվում է արդեն երկրորդ անգամ և ստիպված է կրկին խայտառակ կերպով հայտարարել իր ձախողման մասին հեռավոր Լոնդոնից։ Մի տեսակ անտրամաբանական է ստացվում, անճշմարտացի ու անբնական…
Հանձն չեմ առնի պնդել հաստատապես, բայց չգիտես ինչու մեծագույն կասկած ունեմ, որ Սարգսյանի դերը տխրահռչակ «թավշե հեղափոխության» մեջ կենտրոնականն է, մինչդեռ վարչապետի կարգավիճակ ստացած ծղրտան խրտվիլակին հատկացված է ուշադրություն շեղող կերպարի դերը։ Եվ լիազորությունների առումով թերի նախագահի պաշտոնը Սարգսյանը ստանձնեց բնավ ոչ հանուն սեփական փառամոլությանը հագուրդ տալու և հաստատ ոչ պետության հաշվին աշխարհով մեկ շրջելու հնարավորության, ինչպես միամտաբար ու հիմարաբար համարում են շատերը մեր հասարակության մեջ։ Այլ որպեսզի նախագահական «օթյակից», ինչպես հսկիչ աշտարակից, հետևի խառնակ իրադարձությունների ընթացքին։
Միայն այդ դեպքում է ռացիոնալ բացատրելի երևույթ դառնում արտասահմանում կարիերային գործունեության բոլոր խորշերում հաջողության հասած պարոն Սարգսյանի հայտնվելը հեղափոխական երկրում։ Նրան կարող էին հայկական խառնակչությունը միջնորդավորված կառավարելու և ռազմական պարտությունը նախապատրաստելու գործուղել այն ուժերը, որոնց շնորհիվ անուն է հանել Արևմուտքում և որոնց հետ է կապված նրա ֆինանսական բարօրությունը։
Կհարցնեք՝ մի՞թե դա գործակալի առաքելություն է։ Կպատասխանեմ՝ միանգամայն հնարավոր է։ Կհետաքրքրվեք՝ ի՞նչ նպատակով։ Կենթադրեմ՝ Հարավային Կովկասը Ռուսաստանից ընդմիշտ պոկելու և ռուսների նկատմամբ ատելություն հայերին ներշնչելու։ Կքմծիծաղեք՝ ինչ է, կրկին դավադրության տխրահռչակ տեսությո՞ւն։ Իսկ ես կպատասխանեմ՝ զուր եք թերահավատությամբ վերաբերվում, չէ՞ որ դավադրությունը տեսությունից պրակտիկայի փոխարկվելու հատկություն ունի։
Եվ էլի մի բան. Ջեյմս Բոնդերին, չգիտես ինչու, ընդունված է պատկերացնել բացառապես գեղեցկատես ու կապուտաչ բրուտալ տղամարդկանց կերպարանքով՝ բրոնզագույն մաշկով ու Walther PP ատրճանակը գրպանում։ Այնինչ նրանք, իմիջիայլոց, կարող են լինել միանգամայն բարեհոգի արտաքինով, ոչ մի բանով աչքի չընկնող չաղլիկներ, որոնք խանդաղատանք առաջացնելով վանիլային պաղպաղակ են լպստում երեխաների ընկերակցությամբ։
Գուցեև ես փոքր-ինչ չափազանցում եմ։ Բայց ցանկացած դետեկտիվ սյուժե ընթերցողից կամ կինոդիտողից պահանջում է մտքի ոստյուններ, մինչև որ հանգուցալուծումը կբացահայտի իրական հանցագործի անունը: Ուստի սպասենք Հայաստանում «թավշե հեղափոխություն» անվանումով սյուժեի հանգուցալուծմանը, որպեսզի ստուգենք մեր վարկածի իրավացիությունը։
Վերջը մոտ է…
Աստվածատուր ՏԵՐ-ԹՈՎՄԱՍՅԱՆՑ