Կարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԴԵՊԻ ՍԵՎ ԾՈՎ ԵԼՔ ՈՒՆԵՆԱԼԸ ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Իրանի համար Հայաստանի և Վրաստանի տարածքով Սև ծովի ջրատարածք դուրս գալը ծայրաստիճան կարևոր նշանակություն ունի։ Այդ մասին News.am- ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսասատանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գևորգյանը։
Նա հիշեցրել է Հայաստանի և Իրանի միջև ամենատարբեր հանգույցների կառուցման ծրագրերի մասին։
«Թեհրանն այդպիսի նպատակներ ունի, և այդ ուղղությամբ նա համագործակցում է Հնդկաստանի, ինչպես նաև Չինաստանի հետ, որը պատրաստ է 500 մլրդ դոլար ներդնել Իսլամական Հանրապետության բոլոր ենթակառուցվածքների (այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքի) զարգացման համար։ Կարծում եմ ՝ այդ բոլոր հանգույցները կզարգանան», – նշեց փորձագետը։
Գևորգյանը վստահ է հայ-իրանական համագործակցության զարգացման անխուսափելիության հարցում։
«Համենայնդեպս, կարելի է խոսել գիտական փոխգործակցության մասին։ Հայաստանում դեռ շատ լուրջ գիտական դպրոցներ են պահպանվել մանրէաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ծրագրավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։ Թեհրանը, անկասկած, փոխգործակցելու է Հայաստանի հետ։ Իրանը արդիականացվող երկիր է, որը մահմեդական աշխարհի ամենաառաջադեմ պետություններից մեկն է՝ նույն Թուրքիայից առաջ անցնող։
Իրանում ընդգծված է կոռեկտ վերաբերմունքը բոլոր հայկական կազմակերպությունների և հուշարձանների նկատմամբ։ Հայկական բոլոր եկեղեցիներն ու վանքերը պահվում են պետության կողմից, վերակառուցվում, վերականգնվում և չեն վերագրվում ալբանական կամ իրանական ժառանգությանը, հայերին այդ ժառանգությունից զրկելու փորձեր չկան։ Այս յուրահատուկ սոցիալ-մշակութային քաղաքականությունն ուղղված է Իրանի հայ համայնքին, որը շատ լուրջ մաս է կազմում Իսլամական Հանրապետության ֆինանսա-տնտեսական վերնախավում», - հավելել Է նա։