ՉԿՈՐՑՆԵԼ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՀ ՊԱՀԸ
Ի՞նչ ունի պահանջելու ճշմարիտ ընդդիմադիրը Նիկոլ Փաշինյանից։ Ճիշտ է, միայն և միայն հրաժարական, ոչ թե, ասենք, քննիչ հանձնաժողովի ձևավորում, անկեղծություն, ազնվություն, ինչ-որ նախարարի պաշտոնանկություն կամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում։ Համակարգային ճգնաժամի միակ հանգուցալուծումն այս պահին Փաշինյանի հրաժարականին հաջորդելիք ժամանակավոր կառավարության ձևավորումն է, որը կկազմվի արհեստավարժներից և կփորձի երկիրը դուրս բերել քաոսից ու շարունակական պարտություններից։ Միայն իրավիճակի նվազագույն կայունացումից հետո՝ մեկ տարի անց, կարելի է դիտարկել նոր խորհրդարան և կառավարություն ձևավորելու նպատակահարմարության հարցը։
Ընդ որում, գալիք կառավարությունը որեվէ դեպքում չպետք է կազմված լինի միակուսակցական հիմքի վրա։ Առանց Փաշինյանի և նրա արբանյակ ուժերի կազմվելիք կոալիցիոն կառավարությունը հնարավոր լավագույն լուծումներից մեկն է։ Փաշինյանը հաջողեց 2021-ի արտահերթի պահին, որոշ ընդդիմադիրների հակավարկանիշն օգտագործելով, իր չեղած վարկանիշն արհեստականորեն աճեցնել։ Այս անգամ, սակայն, ամեն անցնող օր, հրաժարական չտալու ամեն շաբաթ և ամիս նրան կորսված քվե է արժենում, և որքան երկարաձգվի իշխանափոխության պահը, այնքան այն ավելի ցավոտ կարող է լինել հենց Փաշինյանի համար։
Փաշինյանի հրաժարականի դեպքում նրա խորհրդարանական կուռ մեծամասնությունը վայրկյանների ընթացքում տրոհվելու է։ Դժվար է անգամ կանխատեսել, թե նոր թեկնածուների առաջադրման դեպքում ինչպես են իրենց պահելու խմբակցությունն արագորեն լքած ՔՊ-ականները։ Ի վերջո, եթե ընդդիմությունը խորհրդարանական հարթակն իբրև գործիք է դիտարկում, հնարավոր ամեն գնով պետք է հասնի Փաշինյանի հրաժարականին, ապա նոր վարչապետի ընտրությանը։ Երկու անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ-ի արձակումն ու նոր ընտրության նշանակումն այս փուլում պակաս ցանկալի, սակայն հնարավոր լուծումներից մեկն է։
Ընթացիկ փուլում համապետական ընտրությունները պետք է բացառվեն նախևառաջ հենց ՔՊ-ականների անվտանգության նկատառումներից ելնելով։ Ակնհայտ է, որ քարոզարշավին տարբեր համայնքներում համբերությունը հատած քաղաքացիները կարող են նրանց նկատմամբ պարզապես ինքնադատաստանի փորձեր անել, ինչն առիթ կտա Փաշինյանին հերթական անգամ «նախկինների կողմից հալածյալի» դիմակ հագնելու։ Արտահերթի նախապատրաստվելիս երկրում փաստացի անիշխանություն է լինելու, ինչի հետևանքով ամեն համայնքում քաշքշոցներ, ծեծկռտուքներ, բախումներ կլինեն, իսկ այդ վիճակում անթույլատրելի է որևէ ընտրության գնալը։
Առհասարակ, այս վարչախմբի կազմակերպմամբ որևէ քաղաքական միջոցառման մասնակցելը՝ կլինի դա սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, արտախորհրդարանական ընդդիմադիրների ձևաչափ, թե արտահերթ ընտրության նախապատրաստում, ի սկզբանե պետք է մերժելի լինի։ Ընդդիմադիրներին, այդ թվում՝ խորհրդարանական երկու խմբակցություններին, արժե հիշեցնել, որ մեկ տարի առաջ նրանք պնդում էին, թե Փաշինյանի ղեկավարման ներքո հնարավոր չէ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպել, արդարացիորեն նշում էին, որ Փաշինյանի կազմակերպած ցանկացած ընտրություն ի բնե լեգիտիմության դեֆիցիտ է ունենալու։
Ցավալիորեն, սակայն, այդ գործիչներն ու ուժերը համաձայնեցին խաղալ նրա կանոններով և առայսօր փայփայում են իրենց մանդատները։ Խորհրդարանական հարթակի անգործունակ դառնալու դեպքում, հետևաբար, մանդատները վայր դնելն ու փողոցային ինտենսիվ պայքար սկսելը ևս պետք է լինի ընդդիմության հնարավոր մարտավարության տարբերակներից մեկը։