ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄԻՑ 2 ԱՄԻՍ և 12 ՕՐ ԱՌԱՋ…

2021թ. փետրվարի 25-ին բանակը պահանջեց Փաշինյանի հրաժարականը

2021թ.փետրվարի 25-ի իրադարձությունները կարող էին ավարտվել ռեժիմի տապալումով, իշխանափոխությունից հետո ընդդիմությունը ոչ մի անգամ այդքան մոտ չէր եղել նպատակին։

ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՈՐԴԵԼ ԷԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Հունվարի 8-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը բողոքի ակցիա էր կազմակերպել Արդարադատության նախարարության շենքի մոտ։ Նախօրեին՝ հունվարի 7-ին, տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Փաշինյանը պատրաստվում է Մոսկվայում ստորագրել ևս մեկ խայտառակ փաստաթուղթ, որի տեքստը գտնվում է նախարարությունում։ Մելիքյանը պահանջում էր ներկայացնել փաստաթուղթը։

Հունվարի 9-ին ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնում «Հայրենիքի փրկության շարժման» թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպեց արտգործնախարարի հետ և քննարկեց Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցի հետ կապված հարցեր։ Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը։ Նույն օրը հրապարակվեց նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածն այն մասին, որ Երրորդ Հանրապետությունը սպառել է իրեն, և ժամանակն է անցնել Չորրորդին։ Հոդվածի մասին մոռացան հունվարի 16-ին, երբ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հանդես եկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գործակալական անցյալի սկանդալային բացահայտմամբ։ Հունվարի 18-ին մեկնարկեց խորհրդարանի հետպատերազմյան առաջին նստաշրջանը:

2021թ. փետրվարի 2-ին տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Գագիկ Ծառուկյանի, Իշխան Սաղաթելյանի հանդիպումը։ «Հայրենիքի փրկության շարժումը» ժողովրդականության գագաթնակետին էր, հանդիպման մասնակիցները քննարկեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր։ Փետրվարի 7-ին Փաշինյանը, վախենալով այդ հանդիպման հետևանքներից, չեղարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Հիշեցնեմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին ռեժիմի պարագլուխը հայտարարել էր 2020 թվականի դեկտեմբերի 25-ին։ Հետո Փաշինյանը ևս մեկ անգամ կմտափոխվի, բայց դա կլինի արդեն փետրվարի 25-ից հետո. մարտի 18-ին կապիտուլյանտը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։

Փետրվարի 25-ին բանակը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Գլխավոր շտաբի պահանջների հրապարակումից հետո ռեժիմի պարագլուխն իր կողմնակիցներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում։ Անմիջապես կառավարության շենք եկան Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը։ Անհապաղ հրապարակվեց Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ստեղծված իրավիճակից ելքի մասին՝ «առանց ցնցումների և կորուստների, որոնք նվեր կլինեն ադրբեջանա-թուրքական տանդեմին»։ Հայտարարություններով հանդես եկան երկրորդ նախագահի գրասենյակը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀԿ գործադիր մարմինը և Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը: ԲՀԿ-ն կոչ արեց չտանել Հայաստանը դեպի քաղաքացիական պատերազմ։ Գլխավոր շտաբին իրենց աջակցությամբ հանդես եկան Արցախի Պաշտպանության բանակի 124 սպաներ։

Փաշինյանը կարողացավ զսպել իրավիճակը…

Իրավիճակը մայրաքաղաքում թեժանում էր, բոլորը հասկանում էին, որ կապիտուլյանտը պատասխան քայլեր կձեռնարկի։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հիշեցրեց, թե ինչպես 2008-ի մարտի 1-ին Փաշինյանը կոչ արեց իր կողմնակիցներին դուրս գալ փողոց՝ մահակներով ու քարերով զինված: Հասարակական գործիչ Գեղամ Նազարյանը ենթադրություն հայտնեց, որ Բաքուն Փաշինյանին հրամայել է արյուն հեղել Երևանում, իսկ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հնչեցրեց հետևյալ կանխատեսումը՝ ելնելով նախկին փորձից. «Նիկոլն ասում է, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը բանակ չի ունենա, այսինքն չի ունենա պետականություն»։

ՀԻՇԵՑՆԵՄ, ՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԻԹ էՐ ծառայել Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի անհիմն պաշտոնազրկումը: Նրան հեռացրել էին պաշտոնից այն բանի համար, որ ծիծաղել էր ի պատասխան լրագրողի խնդրանքի՝ մեկնաբանելու Փաշինյանի սկանդալային հայտարարությունը «Իսկանդերների» մասին, որոնք «պայթել են 10 տոկոսով»։ Խաչատրյանը մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին, երբ ընդամենը 19 տարեկան էր, և շարունակելով ծառայել Հայրենիքին՝ արժանացել գեներալի կոչման։ Իսկ պաշտոնից նրան զրկեց կապիտուլյանտը... ծիծաղելու համար։

Փետրվարի 25-ին ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը կոչ արեց նախագահին, ԱԱԾ-ին, դատախազությանն ու ոստիկանությանը կողմնորոշվել. «Իրենք Հայաստանի կողմից են, թե՞ Հայաստանի դեմ»։ Հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ թիվ 1 ինքնաթիռը պատրաստ է ցանկացած պահի օդ բարձրանալ: Երևանում սկսեցին տագնապալի լուրեր տարածվել, որ ռեժիմի կողմնակիցների զինված հանցախմբերը հավաքվել են կառավարական ամառանոցներում։

Ժամը 14-ի սահմաններում Փաշինյանը դուրս եկավ կառավարության շենքից և իր կողմնակիցների «Նիկոլ՝ վարչապե՛տ» վանկարկումների ներքո երթով անցավ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, որից հետո վերադարձավ հրապարակ։ Նրա կողքից քայլում էր որդին՝ Աշոտը, ավելի ուշ միացան կինն ու ավագ դուստրը։ Գլխավոր շտաբի կողմնակիցները հավաքվել էին Օպերայի և բալետի թատրոնի շենքին հարակից հրապարակում։ Փաշինյանն ու իր շրջապատը խոսում էին ռազմական հեղաշրջման փորձի, բանակը հակասահմանադրական գործողությունների մեջ ներքաշելու նախկին իշխանության ներկայացուցիչների մտադրության, քաղաքական գործընթացներին բանակի միջամտության անթույլատրելիության մասին և այլն։

Նույն օրը՝ փետրվարի 25-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցից հետո Փաշինյանը ներկայացրեց զսպվածություն դրսևորելու Կրեմլի կոչը՝ իբրև աջակցություն իր ռեժիմին։ Հարկ է հատուկ ընդգծել, որ Անկարան պաշտպանեց ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ Փաշինյանի գնահատականը, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտը, հակառակը, ընդունեց, որ այդ գնահատականը չի համապատասխանում իրականությանը։ Պետդեպարտամենտից հասկացնել տվեցին, որ նման փորձի ոչ մի նշան չի արձանագրվել։

Հայոց բանակի հասցեին Փաշինյանի և Էրդողանի մեղադրանքների համընկնումը կասկած չթողեց, թե ում շահերն են ներկայացնում ռեժիմի պարագլուխն ու նրա խունտան։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ Թուրքիայի նախագահի և Հայաստանի վարչապետի գնահատականների համընկնումը պատահական չէր։ Հայոց բանակի փլուզման ուղղությամբ Փաշինյանի բոլոր քայլերին Անկարան և Բաքուն արձագանքել ու արձագանքում են ջերմ աջակցությամբ

Փետրվարի 27-ին նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձրեց Նիկոլ Փաշինյանից ստացած հրամանագիրը գեներալ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից հեռացնելու մասին: Գլխավոր շտաբի 40 անդամների վերաբերյալ, որոնք ստորագրել էին կառավարության հրաժարականի պահանջով դիմումը, ռեժիմի պարագլուխն ասաց, որ նրանք կարող են վերադառնալ աշխատանքի։ Մարտի 10-ի առավոտյան ժամը 9-ին Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում կատարեց այն մասին, թե Գասպարյանը հեռացված է համարվում պաշտոնից իրավունքի ուժով։ Այդ որոշումը Սահմանադրության կոպիտ խախտում էր, սակայն նախագահը, ինչպես հայտնի է, ՍԴ դիմեց այլ հարցով։ Այդ մասին երկար խոսել չարժե, մանավանդ որ այդ քայլերն իրավիճակի վրա ոչ մի կերպ չազդեցին։

Փաշինյանի վերոնշյալ ֆեյսբուքյան գրառմանը նախորդել էր խորհրդարանի երկու մուտքերն արգելափակելու «Հայրենիքի փրկության շարժման» փորձը։ Մարտի 9-ին Մանուկյանն արտաբերեց «Տղերք, հառա՛ջ» կոչը, ակցիայի մասնակիցները փակեցին մուտքերը, սակայն այդ ամենն արդեն անօգուտ էր, իրավիճակն անկում էր ապրում

Փետրվարի 25-ին իշխանափոխությունը թվում էր անխուսափելի իրադարձություն, սակայն Փաշինյանը կարողացավ զսպել իրավիճակը, հենվելով այն զանգվածների վրա, որոնք դուրս եկան փողոց՝ իր ռեժիմին աջակցելու։ Այնուհետ լոկ բառեր էին։ Մարտի 1-ին Փաշինյանի կողմնակիցները նշեցին 2008 թվականի իրադարձությունների տարելիցը. ադրբեջանցիների կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքների բռնազավթմանը մնացել էր 2 ամիս և 12 օր:

Հ.Գ.- Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը առ այսօր չի կարողանում ապացուցել, որ պատերազմի 4-րդ օրը ելույթ է ունեցել Անվտանգության խորհրդի նիստում, առաջարկելով դադարեցնել մարտական գործողությունները՝ պարտության վտանգի մատնանշումով։ Փաշինյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում են, թե ԱԽ նիստում նման զեկույց չի եղել, հանրությանը ներկայացվել է այդ նիստի տեսագրությունը, որը, ամենայն հավանականությամբ, մոնտաժված է: Գլխավոր շտաբի մյուս նախկին պետը՝ Մովսես Հակոբյանը ներկայումս ենթարկվում է հետապնդման՝ պատերազմի 3-րդ օրը զորքերի համալրումը դադարեցնելու և կամավորներին առաջնագիծ ուղարկելու վերաբերյալ Փաշինյանի տված հրամանը հրապարակելու համար։

Основная тема:
Теги: