ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԸ՝ ԻՍՊԱՌ ՁԱԽՈՂՎԱԾ

Թուրքիայի հետ հարաբերությունների ձնհալի, այդ թվում՝ Երևան-Ստամբուլ չվերթների վերսկսման ֆոնին արժե արձանագրել հայաստանյան քաղաքացիական ավիացիայի ընթացիկ փուլի ամբողջ թշվառությունը։ Իշխանության սրտի օլիգարխին պատկանող ավիաընկերության պարբերական թռիչքները բնավ չեն նշանակելու, թե վերջին մի քանի տարում ապիկար կառավարման արդյունքում ոլորտում առաջացած հիմնախնդիրները լուծված են, խոչընդոտները՝ հաղթահարված։

Նախ արժե հիշել, որ հայրենական քաղավիացիան 44-օրյա պատերազմին պարզապես անպատրաստ էր, այն դեպքում, երբ թշնամիների կողմից շրջափակված երկիրը պարտավոր է սեփական քաղաքացիական ավիացիա ունենալ։ Այդ շրջանում կառավարությունը որդրեգրեց ոչ թե ազգային փոխադրողի, այլ բավական ռիսկային, անգամ արկածախնդրական՝ օտարերկրյա լոուքոսթերներին Հայաստան հրավիրելու քաղաքականություն, ընդ որում՝ սկսեց ինքն էլ ֆինանսավորել այդ ավիաընկերություններին։ Զուգահեռաբար՝ դեռևս 2019-ի դեկտեմբերին խորհրդարանն անթույլատրելիորեն փոփոխեց հարկային օրենսդրությունը և այդպիսով որոշ ավիաընկերությունների ազատեց օդի տուրքի վճարումից: Զավեշտն այն է, որ երեսփոխաններն անգամ չգիտեն, որ օդի տուրք վճարողն ուղևորն է, ոչ թե ավիաընկերությունը։ Պարզվում է՝ անգամ Օդանավակայանների միջազգային խորհուրդն այս կարգավորման դեմ բողոքի նամակ է հղել կառավարությանը:

Ոլորտը համակարգող նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, համակարգի մի շարք հնաբնակների գնահատմամբ, պարզապես հիմնովին և վերջնականապես գլխատեցին հայրենի քաղավիացիան։ Թեմատիկ մի քննարկման ժամանակ Ավինյանը վրդովվում է, թե իբր ի՞նչ քաղավիացիա ենք ունեցել, որ հիմա էլ կորցրել ենք։ Սա ասում է մեկը, որի ապաշնորհ կառավարման արդյունքում հայկական ինքնաթիռների համար Եվրամիության օդը փակվեց, Հայաստանը հայտնվեց Եվրոպայի ավիացիոն սև ցուցակում, անգամ Իսրայելը մերժեց հայկական ավիաընկերություններին։ Իրավիճակին չտիրապետելո՞ւ, թե՞ կոռուպցիոն սխեմաների արդյունքում թշնամաբար կործանված քաղավիացիայի տապալումների պատասխանատուների շրջանակը խիստ որոշակի է՝ Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, Տիգրան Ավինյան, Տաթևիկ Ռևազյան։

Լոուքոսթերների համար դաշտ բացելու նպատակով կարճ ժամանակում երկու տեղական ավիաընկերություն փակվեց։ Եթե 2019-ին Հայաստանում գրանցված օդանավերի թիվն ինն էր, պատերազմից մեկ ամիս առաջ՝ 2020-ի օգոստոսին, կար միայն մեկ օդանավ, ինչն աններելի հանցանք է։ Շատերն են հիշում, որ պատերազմի նախօրեին և դրա ընթացքում ամեն օր Թուրքիայից և Իսրայելից բեռնատար ինքնաթիռներ էին թռչում Ադրբեջան։ Այդ ընթացքում մեր կառավարությունը հանցավոր անգործության էր մատնված, մինչդեռ պետք է նախևառաջ վերաբացվեին և վերագործարկվեին կամայականորեն փակված հայրենի ավիաընկերությունները։ Հայաստանցի օդաչուները սահմանափակումների հետևանքով զուրկ էին թռիչքներից, մոտ քսան օդաչուից տասն իրավունք չուներ ինքնաթիռ վարելու, այնինչ հնարավոր էր անխոչընդոտ վերականգնել նրանց խախտված իրավունքները։ Ավելին, անհրաժեշտ էր վերականգնել տեղական օդանավերի գրանցումը։

Անկախ բոլոր հանգամանքներից՝ 44-օրյա պատերազմի ընթացքում մեր օդաչուներն իրենց ծառայություններն անվճար էին մատուցում, իսկ ավիաընկերությունների բաժնետերերը կառավարությունից որևէ փոխհատուցում չէին պահանջում։ Փոխարենը՝ 2020-ի հոկտեմբերի սկզբին՝ պատերազմի թեժ փուլում, Դավիթ Գալստյանի («Պատրոն Դավո») օֆշորային ընկերությունը 6 մլն դոլարով գնեց «Իլ-76» տրանսպորտային ինքնաթիռ՝ դեպի Հայաստան բեռնափոխադրումների նպատակով։ Ուշագրավ է, որ դրանից վեց տարի առաջ այդ ինքնաթիռը վաճառվել էր մեկուկես միլիոն դոլարով, այսինքն՝ չորս անգամ ցածր գնով։ Պարզվեց՝ դրա շարժիչներից մեկն ամբողջապես խափանված է, մյուս երկուսն էլ տեխնիկապես անթերի չեն։ Սա այն դեպքում, երբ մեր պաշտպանության նախարարությունը երեք «Իլ-76» ունի, և մի քանի ժամում կարելի էր դրանք վերագրանցել քաղաքացիական ռեեստրում, իսկ խնայված գումարով երկու «Էյրբաս-300» ինքնաթիռ գնել։