ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆՐԱՆՔ ՍՏՈՒՄ, կամ Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ ՄԱԿՈՒՆՑԸ ԱՄՆ ԾՈՎԱՅԻՆ ՀԵՏԵՎԱԿԱՅԻՆՆԵՐԻՆ

Ալեն Սիմոնյանը վերջին շրջանում չափազանց շատ է խոսում։ Ընդ որում նրա ելույթների և մեկնաբանությունների բովանդակությունն ու հռետորաբանությունը բավականին տարօրինակ են: Նա ոչ մի անգամ չի ուրախացրել լսարանին, օրինակ, երկրում անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների կամ ԱԺ աշխատանքի բարելավմանն ուղղված քայլերի մասին դատողություններով, ինչը բնական կլիներ ԱԺ ղեկավարի պարագայում։ Իսկ դառնալով նախագահի պաշտոնակատար, տեղնուտեղը մի խայտառակ բառահեղեղ հրամցրեց՝ դատավորների հասցեին սպառնալիքներով, հայտարարելով, թե «դատական համակարգը մաքրվելու է» ։ Հենց դա՝ սկանդալայնությունն է նրա գրեթե բոլոր հայտարարությունների կամ արտահայտությունների պարտադիր բաղադրիչը։

Սույն գործիչն ըստ որում մշտապես արդարանում է և միաժամանակ մեղադրանքներ տեղում իրեն ինչ-որ բանում մեղադրել հանդգնած ընդդիմախոսների հասցեին։ Մերթ նա ստիպված է բացատրել, թե ինչու է իր եղբոր ընկերությունը մշտապես հաղթում շահեկան մրցույթներում, ընդ որում բորբոքված բացականչելով. իսկ ի՛նչ է, եղբայրս պիտի ման գա ողորության համար պարզած ձեռքո՞վ։ Մերթ հերքում է տեղեկություններն այն մասին, որ եկամուտների հայտարարագրում թաքցրել է քաղաքի կենտրոնում գտնվող բնակարանի մասին տվյալները, հայտարարելով, թե դա պատկանել է իր տատիկին ու վաղուց վաճառված է։

Աբովյան փողոցում գտնվող բնակարանի պարագայում ընդհանրապես շատ անհարմար բան ստացվեց։ «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակեց 2021 թվականին կադաստրի կոմիտեի տրամադրած տեղեկանքն առ այն, որ դրա սեփականատերը հենց Ալեն Սիմոնյանն է: Ի պատասխան՝ խոսնակն այդ տեղեկությունը որակեց զրպարտանք և խոստացավ դիմել դատարան։ Ընդամենը մի քանի ժամ անց կոմիտեից հայտնեցին, թե իբր՝ տրված տեղեկանքում վրիպակ կա, և բնակարանն իսկապես վաճառվել է 2016 թվականին... Ծիծաղելի է, այնպես չէ՞։

Դե, դրա հերն էլ անիծած, այդ անշարժ գույքի։ Շատ ավելի կարևոր է այն փաստը, որ այս անսահման ինքնասիրահարված կերպարը, ինչպեսև Նիկոլի թիմի մյուս բոլոր անդամները, մշտապես ստում է պետական գործերին վերաբերող հարցերում։ Վերջին անգամ դա ակնհայտ դարձավ Սիմոնյանի գլխավորած ԱԺ պատվիրակության ԱՄՆ կատարած տխրահռչակ այցի կապակցությամբ։ Բացի դրա կազմում խոսնակի կնոջն ընդգրկելու մասին հաղորդագրություններից, սկանդալ բռնկվեց այդ գործուղումից «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավարի հրաժարման շուրջ: Արթուր Վանեցյանը հիմնավորեց դա նրանով, որ իրեն չեն ընդգրկել ամենակարևոր՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպման մասնակիցների թվում:

Ահա ուրեմն, օրերս Սիմոնյանը բացատրություն տվեց երկշաբաթյա վաղեմության պատմության վերաբերյալ, հայտարարելով, թե COVID-19-ի պատճառով հանդիպման մասնակիցների կազմը կրճատվել է մինչև 1-2-ի (լավ է, որ ոչ մեկուկեսի): «Որևիցե դիտավորություն տեղի չի ունեցել»,- հավաստիացրեց նա, հավելելով, թե «ընդդիմությունը ինքն իրեն մեկուսացնում է կարևոր գործընթացներից», քանի որ «ես բոլոր հրավերներն անում եմ, նրանք, տարբեր պատճառաբանություններ բերելով, հրաժարվում են»:

Ասել, թե Սիմոնյանը խորամանկում է, շատ մեղմ կլինի։ Ով-ով, բայց ինքը հո շատ լավ գիտի, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորները «մեկուսանում» կարևոր գործընթացներից։ Գիտի, որ ինքը կարող է հանգիստ ուղարկել հրավերները, որովհետև տխրահռչակ դատավոր Աննա Դանիբեկյանն իր փոխարեն կանի գործի կեղտոտ մասը՝ իրեն իրավունք վերապահելով որոշել, թե մասնակցելու է արդյոք օրենսդիր մարմնի անդամը երկրի համար կարևոր միջազգային համաժողովների և հանդիպումների աշխատանքներին, թե ոչ։ Այսինքն ընդդիմության պատգամավորները կարծես թե ընդգրկված են պատվիրակություններում, բայց նրանց թույլ չեն տալիս դուրս գալ երկրից։ Արդյունքում, Հայաստանի դիրքորոշումը միջազգային ասպարեզում ներկայացնում են գրեթե բացառապես իշխող կուսակցության խմբակցության անդամները, թեև մեր խորհրդարանը բնավ միակուսակցական չէ։

Բայց Սիմոնյանը դասական ուսապարկ չէր լինի, եթե խորամանկելուց բացի՝ նաև չստեր։ Քանզի Փելոսիի հետ հանդիպման լուսանկարներում հստակ երևում է, որ հայկական կողմը ներկայացնում են ոչ թե «1-2», այլ երեք հոգի, և երեքն էլ՝ ՔՊ-ի ներկայացուցիչներ։ Ինքը՝ Սիմոնյանը, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և դեսպան կոչեցյալ Լիլիթ Մակունցը։ Այսինքն երրորդ տեղն ընդդիմությանը հատկացնելու փոխարեն, պատվիրակության կազմում ներառել են նրան։

Մեկնաբանելով այդ փաստը, ամերիկագետ-փորձագետ Սուրեն Սարգսյանը գրել է հետևյալը, «ԱՄՆ կոնգրեսականները մի կողմ են դրել իրենց ներքաղաքական գզվրտոցը և ցուցադրելով պետականության, երկկուսակցական համակարգի և ժողովրդավարության նկատմամբ հարգանք, միասին ընդունում են օտարերկրյա պառլամենտական պատվիրակությանը, որի երեք անդամներն էլ նույն կուսակցությունից են (դեսպանն այդ թվում):

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունել 3 մասնակցի: Փաստորեն Հայաստանի ընդդիմությունից մարդ են հանել մասնակիցների ցուցակից, որ դեսպանը հանդիպմանը մասնակցի: Դեսպանի համար սա ընդամենը հիանալի «photo opportunity» էր (Մենենդեզի հետ կապված պատմությունը վկա):

Եթե նա իր տեղը զիջեր ԱԺ ցանկացած ընդդիմադիր գործչի, ապա դա շատ դրական և ադեկվատ կընդունվեր Կոնգրեսի ղեկավարության կողմից՝ որպես հավատարմություն բազմակուսակցական համակարգին և ժողովրդավարությանը:

Էլ չեմ ասում, որ դեսպանը կարող էր բանակցել 4-րդ մասնակցի համար, կամ նստել երկրորդ շարքում: Ինչու՞ չի կարելի մի փոքր դիվանագետ, հեռատես ու խորաթափանց լինել»։

Քաղաքագետը հաստատ գիտի այդ հարցի պատասխանը. որովհետև խոսքը Մակունցի, Սիմոնյանի, Կոնջորյանի մասին է, մի խոսքով՝ ՔՊ-ի։ Այդ մարդկանց համար պետական շահերը եթե անգամ ինչ-որ նշանակություն ունեն, ապա բնավ ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ նույնիսկ երրորդ հերթին։ Մակունցը Վաշինգտոնում նստած է արդեն կես տարուց ավելի, սակայն մինչ օրս ընդունելության չի արժանացել ո՛չ Սպիտակ տանը, ո՛չ էլ Պետդեպարտամենտում, հանդիպումներ չունենալով բարձրագույն օղակի ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկի հետ: Կարո՞ղ էր արդյոք այդ ինքնագոհ տիկինը բաց թողնել Ներկայացուցիչների պալատի խոսնակի ընկերակցությամբ իրեն ցույց տալու հնարավորությունը. պատասխանը, կարծում ենք, նույնքան ակնհայտ է։

Այդուհանդերձ այս պատմությունը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում, քան պարզապես չկայացած դիվանագետի բարդույթներն են։ Մասնավորապես՝ արտաքին քաղաքական գործընթացներից ընդդիմությանը առավելագույնս դուրս մղելու, արտաքին ուժերի պաշտոնական շրջանակներին այլընտրանքային տեսակետը հասցնելու հնարավորությունից նրան զրկելու Փաշինյանի թիմի բացահայտ ձգտման։ Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարում դա, իհարկե, բարդ է, բայց փորձել գոնե սահմանափակել շփումները, կարելի է։ Իսկ ամենակարևորն այն է, որ «ոչ յուրայինները», ամենայն հավանականությամբ, չպետք է իմանան, թե ինչի մասին է խոսվում կարևոր հանդիպումների ժամանակ, այդ թվում՝ Արցախի հիմնախնդրի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների առնչությամբ։ Կարևորն այն է, թե ինչ «բանավոր» պայմանավորվածություններ են ձեռք բերվում և ինչ խոստումներ տրվում…

Այս կապակցությամբ ակամայից մտաբերեցինք ևս մեկ սկանդալային պատմությունը (որքա՜ն շատ են սկանդալները նրանց շուրջ), կապված հենց նույն Մակունցի հետ։ Հունվարի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության էջում հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ Նիկոլի ուսուցչուհին դասախոսություն է կարդացել… ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համար: «Դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, անվտանգային միջավայրը և տարածաշրջանային զարգացումները: Դասախոսությանը հաջորդել է հարցուպատասխան»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ապագա ծովային հետևակայինների առջև Մակունցի դասախոսության բուն փաստը ծաղրի փոթորիկ առաջացրեց Ֆեյսբուքում։ Շատ ավելի հետաքրքիր է այս զավեշտի շարունակությունը. լրատվական հայտնի կայքի լրագրողը հետաքրքրվել է դասախոսության բովանդակությամբ և համապատասխան հարցում ուղարկել ԱԳՆ: Սակայն այնտեղ հրաժարվել են տրամադրել տեքստը, հայտարարելով, թե «դասախոսությունն անցկացվել է հարցուպատասխանի ռեժիմով»։ «Կա՛մ ԱԳՆ-ը չի ցանկանում տրամադրել տեքստը, կա՛մ դասախոսությունը դեսպանության հորինվածքն է»,- եզրակացրել է մեր գործընկերը՝ պատմելով այդ ամենը «Մեդիագրագիտություն» ֆեյսբուքյան խմբում:

Մարդիկ ստում են իրականությունը թաքցնելու համար, եթե, իհարկե, խոսքը պաթոլոգիայի մասին չէ։ Եվ սա ամենահամոզիչ պատասխանն է այն հարցին, թե ինչո՞ւ են Հայաստանի իշխանություններն անում դա մշտապես ։ Տվյալ դեպքում՝ նույնպես. նրանց պետք չէ, որ մենք իմանանք, թե ինչ են իրենք ասում ուրիշներին մեր անունից։