Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ՍԿՍՎՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԻՆՏԵՆՍԻՎ ՈՐՈՆՈՒՄԸ

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը հոդված է գրել, որը ներկայացնում ենք ստորև։

«Ամերիկայի հանրապետական ինստիտուտի վերջին սոցհարցման արդյունքները ցույց են տալիս հասարակական տրամադրությունների զարգացման և ներքաղաքական իրավիճակի հետաքրքիր միտումներ։ Կարծում եմ՝ կա անհրաժեշտություն այդ հարցումների արդյունքները խորությամբ ուսումնասիրելու։ Եվ դրա կարիքն ունեն բոլորը։

Դրանք պետք է ուսումնասիրվեն վերջին մեկ տարվա դինամիկայի մեջ։ 2021 թվականին նման 4 հարցում է անցկացվել՝ փետրվարին, մայիսին, հուլիսին և դեկտեմբերին։ Այսօր ուզում եմ կիսվել որոշ դիտարկումներով ուսումնասիրության երկու հատվածների վերաբերյալ՝ երկրի ներքին զարգացման օրակարգը և վերաբերմունքը պետական իշխանության և կառավարման ինստիտուտների նկատմամբ:

Երկրի ներքին զարգացման օրակարգը

Նախ, պետք է նշել, որ արդյունքները ցույց են տալիս հարցվածների այն գիտակցումը, որ քաղաքական անկայունությունը, որը բնորոշ էր անցյալ տարվա սկզբին, որպես մտահոգիչ գործոն, կորցրել է իր արդիականությունը 2021 թվականի վերջին։ Ըստ ամենայնի, բնակչությունը դա կապում է արտահերթ ընտրությունների անցկացման և նոր խորհրդարանի ի հայտ գալու հետ։ Միևնույն ժամանակ այն պնդումը, որ երկիրը իր զարգացման մեջ ճիշտ ուղղությամբ չի շարժվում, գնալով ավելի շատ կողմնակիցներ է ստանում։ Քանի որ հարցումը ցույց չի տալիս բնակչության բողոքի ներուժը գնահատելու այլ չափանիշներ, ընդդիմությունը պետք է ուշադիր գնահատի բնակչության նշված տրամադրությունները։

Երկրորդ՝ շարունակում է արձանագրվել իշխանությունների և հասարակության մեծամասնության միջև փոխըմբռնման բացակայությունը։ Մասնավորապես. իշխանությունները պնդում են, որ երկիրն ունի շատ բարենպաստ տնտեսական վիճակ, իսկ բնակչությունն արդեն չորրորդ հարցումն անընդմեջ հիմնական խնդիրների առաջին հնգյակում արձանագրում է տնտեսական իրավիճակը։ Իշխանությունները խոսում են աշխատատեղերի թվով նոր ռեկորդների մասին, իսկ հարցումները արձանագրում են դրանց շարունակական պակասը։ Զուգահեռ իրականություններ են, մեկում կա քաղաքական գործընթաց և պաշտոնական վիճակագրություն, իսկ մյուսը՝ իրական, առանց թվերի, բայց լի էմոցիաներով ու կենցաղային խնդիրներով ու վախերով։ Ուստի, տրամաբանական է, որ ըստ վերջին հարցման, երկրի հիմնական խնդիրների առաջին հնգյակ է վերադարձել կառավարության վատ աշխատանքի մասին պնդումը։

Երրորդ, ակնհայտ է դառնում, որ հասարակության առաջնահերթությունները և իշխանությունների ներքին օրակարգը չեն համընկնում։ Այսօր մարդկանց ավելի շատ մտահոգում են սոցիալական բարեկեցության, տնտեսական զարգացման ու անվտանգության խնդիրները, բայց ո՛չ նախկինների դեմ պայքարը և այսպես կոչված անցումային արդարադատությունը, ո՛չ սահմանադրական բարեփոխումներն ու համայնքներում ղեկավարների փոփոխությունը։ Ցավոք, համաճարակի հետ կապված իրավիճակը և դրա դեմ պայքարի միջոցները բնակչության առաջնահերթությունների թվում չեն նույնպես։

Ընդ որում, ընդդիմության օրակարգը ևս ամբողջությամբ չի բավարարում առկա հանրային կարիքները։ Այս առումով շարունակում է արդիական մնալ հարցը՝ ի՞նչ գաղափարներով ու առաջնահերթություններով են առաջնորդվում քաղաքական գործիչները։ Պետք է հասկանալ, թե ինչպես է բնակչության արձանագրված դժգոհությունը գների ու սակագների բարձրացումից, նոր սահմանափակող միջոցների ներդրումը նպաստում բողոքի պատրաստ ընտրազանգվածի ձևավորմանը։ Ակնհայտ է նաև, որ բնակչության մեծ մասին չեն հետաքրքրում ընդդիմության նախաձեռնությունները, որոնք կրում են զուտ քաղաքական բնույթ և չեն ազդում մարդկանց առօրյա բարեկեցության վրա։ Դա երևում է նաև Ազգային ժողովի նկատմամբ հանրային վստահության մակարդակի գնահատականից։

Չորրորդ՝ հինգ հիմնական խնդիրների շարքում սոցիոլոգներն արձանագրել են, որ բնակչությանը մտահոգում են սահմանների և տարածքների պաշտպանության խնդիրները, անվտանգության խնդիրը։ Հարցումից պարզ չի դառնում, թե ինչ բովանդակություն է ներդրված այս խնդիրների մեջ, արդյոք դրանք ասոցացվում են, ասենք, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հետ, արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ընկալվում է որպես անվտանգություն, ի՞նչ ենթատեքստում է այդ խնդիրը Արցախի ապագայի համատեքստում: Ի դեպ, 2021 թվականի առաջին հարցումների համեմատ ռազմագերիների վերադարձի թեմայի արդիականությունը զգալիորեն նվազել է։

Հինգերորդ, փաստորեն, եթե ընդհանրացնենք, ապա Հայաստանի բնակչությունն այսօր ապրում է ոչ թե դրական ակնկալիքներով ու ձգտումներով, այլ իր բարեկեցության ու անվտանգության համար մտահոգություններով ու վախերով։

Վերաբերմունքը իշխանության ինստիտուտների և կառավարման մարմինների նկատմամբ

Նախ, բոլոր վերջին 4 հարցումները ցույց են տալիս, որ ձևավորվել են կայուն հինգ պետական ինստիտուտներ և կառավարման մարմիններ, որոնց նկատմամբ հանրային վստահության մակարդակն ամենաբարձրն է։ Մինչև վերջին հարցումը դրանք էին՝ բանակը, օմբուդսմենը, ոստիկանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և վարչապետի գրասենյակը։ Վերջին հարցման արդյունքներով՝ վարչապետի գրասենյակի փոխարեն առաջին հնգյակում է հայտնվել ԿԸՀ-ն, իսկ վեցերորդ տեղում՝ անվտանգության մարմինները։ Վարչապետի աշխատակազմը միայն յոթերորդն է։ Այս ցուցանիշը նույնպես օբյեկտիվորեն արձանագրում է կառավարության վատ աշխատանքը որպես երկրի հինգ կարևոր խնդիրներից մեկը։

Առաջին հնգյակում ԿԸՀ հայտնվելը կարելի է բացատրել միայն ակտիվ ընտրական սեզոնով՝ խորհրդարանական արտահերթ և ՏԻՄ ընտրություններով։ Միաժամանակ, հետաքրքիր է, որ ԿԸՀ ղեկավարը նախկին իշխանությունների օրոք նշանակված Տիգրան Մուկուչյանն է։

Երկրորդ, ափսոսանքով պետք է նշել, որ պետության երկու առանցքային ինստիտուտները՝ խորհրդարանը և նախագահը, գտնվում են հանրային վստահության անընդհատ ցածր տիրույթում։ Նշենք, որ նրանք 2021 թվականի ընթացքում մշտապես բացակայում են հիմնական հնգյակից, և այս միտումը չի փոխվել: Ակնհայտ է, որ բնակչության մեծ մասը չի տեսնում այս երկու ինստիտուտները որպես այնպիսիք, որոնք կարող են ազդել ընթացիկ գործընթացների վրա կամ իրական փոփոխություններ մտցնել իրենց առօրյա կյանքում։ Հարցման տվյալները հաստատում են իմ վերջին ենթադրությունները, որ Ազգային ժողովի՝ որպես բարձրագույն ներկայացուցչական մարմնի, դերն ու նշանակությունը ընդհանուր առմամբ հասկանալի չէ, և նրա հեղինակությունը շարունակում է նվազել, ինչը աղետալի է խորհրդարանական հանրապետության համար։ Այս երևույթը նաև հետևանք է այն միտումի, երբ երկրում հասարակական-քաղաքական բոլոր գործընթացները և առանցքային որոշումների ընդունումը կենտրոնացած են մեկ տեղում և կախված են մեկ կենտրոնից։

Երրորդ, երկու հաստատություններ վերջերս հայտնվել են արձանագրված բարձր վարկանիշի անկման վտանգի տակ՝ օմբուդսմենը և տեղական իշխանությունները։ Դա են վկայում Երևանի քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը, խոշորացված համայնքներում ընթացող հետընտրական մարտերը, ինչպես նաև մեծամասնության կողմից ընտրված նոր օմբուդսմենի ոչ այնքան վառ անձնավորությունը։ Հասարակական կարծիքի և տրամադրությունների ձևավորման վրա այդ ինստիտուտների ազդեցությունը սահմանափակելու ցանկությունը տրամաբանորեն տեղավորվում է երկրում իշխանության կենտրոնացման քաղաքականության մեջ։

Չորրորդ՝ բնակչության շրջանում բարձր վստահություն վայելող պետական մարմինների թվում, չնայած տեղեկատվական դաշտում մշտական ներկայությանը, չկան կարևոր իրավապահ մարմիններ՝ դատախազությունը և քննչական մարմինները։ Սա կարող է վկայել կայուն իմունիտետի ձևավորման կամ բնակչության շրջանում այնպիսի թեմաների նկատմամբ հետաքրքրության բացակայության մասին, ինչպիսիք են մշտական ձերբակալությունները և նախկինների դեմ պայքարը, ինչպես նաև անվստահությունը այս համակարգերի նկատմամբ ընդհանրապես՝ որպես քաղաքականապես կախյալ ինստիտուտների նկատմամբ։ Ոստիկանությունը մշտապես իր տեղն է զբաղեցնում առաջին հնգյակում, որը պետք է լրացուցիչ սոցիալ-հոգեբանական բացատրություն ունենա, քանի որ չի նվազում հանցավորության մակարդակը և չի ամրապնդվում հասարակական անվտանգությունը:

Հինգերորդ, իշխանությունների վարկանիշի անկումը, ինչպես նաև ներկա ձևաչափով խորհրդարանի հանրային կարևորումը որպես լուրջ քաղաքական դիսկուրսի և էական որոշումների ընդունման հիմնական հարթակի բացակայությունը, հանգեցնում է նրան, որ սկսվում է երրորդ ուժի ինտենսիվ որոնումը և մեծանում է արտախորհրդարանական պայքարի ներուժը։ Ուսումնասիրության ուղղակի և անուղղակի ցուցանիշները վկայում են իշխանության կենտրոնացվածության մասին, ինչը լիբերալ արժեքներից ու ժողովրդավարական կանոններից ու նորմերից շեղման հիմնական նշանն է։

Ամփոփում

Ազատական արժեքների և ժողովրդավարական համակարգերի ճգնաժամը, ըստ արևմտյան շատ հետազոտողների, անխուսափելիորեն հանգեցնում է ավտորիտարիզմի առաջացմանը: Ահա մի հատված լեհ հետազոտող Եժի Վյատրայի հոդվածից՝ նվիրված 21-րդ դարում լիբերալ ժողովրդավարության ճգնաժամին. «Նոր ավտորիտարիզմի էությունը ոչ թե քաղաքացիներին զրկելն է՝ որոշել, թե ով պետք է կառավարի երկիրը, այլ ստեղծել մաքսիմում կենտրոնացված կառավարման համակարգ, որտեղ ամբողջ իշխանությունը կենտրոնացած կլինի մեկ իշխող կենտրոնում։ Այս կենտրոնն առավել հաճախ ներկայացված է իշխող կուսակցության ղեկավարությամբ կամ պարզապես առաջնորդով և նրա մերձավոր շրջապատով։ Իշխանության կենտրոնացումն առաջին հերթին նշանակում է.

1) պետական իշխանության և վարչակազմի լիակատար ենթակայություն իշխող կենտրոնի կամքին, ինչը նրանց զրկում է անկախ քաղաքական դերից և դարձնում տեխնիկական գործիք իրական իշխանություն ունեցող մարդկանց ձեռքում

2) խորհրդարանի մարգինալացումը, որտեղ քաղաքական բանավեճերը սահմանափակ են, իսկ ընդդիմության ազդեցությունը օրենսդրական գործընթացի վրա նվազագույնի է հասցվում

3) պետական լրատվամիջոցների ամբողջական ենթակվելը իշխող քաղաքական կենտրոնին, նրանց ինքնավարության վերացումը և դրանից բխող մանիպուլիացիաները լրատվամիջոցների հետ (միևնույն ժամանակ դա ենթադրում է ակտիվ գործողություններ ոչ պետական լրատվամիջոցների համար անուղղակի կախվածության պայմաններ ստեղծելու կամ դրանց մարգինալացնելու համար)

4) դատախազության լիակատար կախվածությունը քաղաքական գործոնից և այդ գործոնով պայմանավորված նաև դատարանների անկախության տարբեր տեսակի սահմանափակումները

5) պետական կառավարման մարմինների բարձր և միջին պաշտոնների թեկնածուների համար, այդ թվում՝ զինված ուժերի և ներքին գործերի համակարգերում, քաղաքական չափանիշների լայն տարածում։

Որքան այս նպատակները լիարժեքորեն իրագործվեն, այնքան ավտորիտար համակարգը ավելի միահեծան է դառնում, և դրանով իսկ խորանում է լիբերալ ժողովրդավարության ճգնաժամը»։

News.am